Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ' Օրենսգիրք) 190-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը սահմանում է. «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154՛, 1542, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:»:

Նշված նորմում գործածվում է «կամ» շաղկապը, որն, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, հանդիսանում է դրանից առաջ և հետո նշված պայմաններն առանձնացնող արտահայտություն:

Մասնավորապես՝ նշված օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում՝

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով,(...):»:

Այս օրենքի մեկ այլ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից (հոդված 41): Այսպես, Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) քննիչները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154՛, 1542, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով նախաքննությունը:

Այս նորմի տառացի մեկնաբանման արդյունքում ներկայումս Ծառայությունը քննում է ինչպես պաշտոնեական դիրքի հետ կապված, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից կատարվող, սակայն պաշտոնեական լիազորությունների կատարումից չբխող հանցագործություններ, որոնց բաժինը քննված ընդհանուր հանցագործությունների թվում այնքան էլ փոքր չէ:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում Ծառայության քննիչիների կողմից քննված՝ անձի պաշտոնեական դիրքի հետ չկապված հանցագործությունների մասին գործերը կազմել են ընդհանուր գործերի շուրջ 20%-ը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ որպես անկախ, որևէ գերատեսչական շահով չկաշկանդված կառույցի ստեղծումը, պայմանավորված էր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների անաչառ, անկաշկանդ, անկողմնակալ, անկախ և արդյունավետ քննության անհրաժեշտությամբ:

Ի սկզբանե, երբ 2007 թվականին ստեղծվեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, պահանջ կար նաև ապահովելու պաշտոնեական դիրքի հետ չկապված հանցագործությունների քննության անկախությունն ու անկողմնակալությունը: Ուստի, այդ ժամանակ, Ծառայության քննիչների կողմից նմանատիպ գործերի քննությունը նպատակահարմար էր այն առումով, որ Ծառայությունը միակ մարմինն էր, որը չէր գտնվում որևէ կառույցի ենթակայության տակ:

Հետագայում ստեղծվեց նախաքննություն իրականացնող մյուս անկախ մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն, և դրան զուգահեռ էապես աճեց ծառայությունում քննվող գործերի քանակը, հետևաբար՝ քննիչների ծանրաբեռնվածությունը 2012 թվականի համեմատ (Ծառայության քննիչի ծանրաբեռնվածությունն) ավելացել է ավելի քան չորս անգամ:

Ուստի, ներկայումս պաշտոնեական դիրքի հետ չկապված հանացագործությունների (օրինակ՝ ծեծ, գողություն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված հանցագործություններ և այլն) քննության անկախությունն ու օբյեկտիվությունը կարող է ապահովվել նաև այլ նախաքննական մարմիննների քննիչների կողմից: Դրանով զգալիորեն կթեթևացվի Ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ջանքեր և ժամանակ ուղղել հատկապես կոռուպցիոն հանցագործությունների քննությանն ու բացահայտնմանը:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի ներկայիս մեկնաբանությունը չի բխում այդ նորմի տրամաբանությունից և խաթարում է դրա իմաստն ու բովանդակությունը:

Հիմք ընդունելով այն, որ նորմի ձևակերպումը պետք է լինի պարզ ու հստակ, չառաջացնի տարընկալումներ, համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին՝ գտնում ենք, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածը պետք է ձևակերպվի այնպես, որ դրանից միարժեքորեն բխի՝ Ծառայությանը ենթակա է միայն հատուկ սուբյեկտների՝ պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունը:

Ներկայացվող փոփոխությունը միտված է հստակեցնելու քննարկվող նորմի մեկնաբանությունը, ըստ այդմ, կոնկրետացնելու դրա կիրառության սահմանները:

«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ' Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությունը բխում է այն՝ Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6֊րդ մասին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Օրենքի նշված հոդվածում առկա է նույն խնդիրն, ինչ Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասում: Դրանում ևս գործածվում է «կամ» շաղկապը, ինչը պրակտիկայում նորմի մեկնաբանման տեսանկյունից խնդիրներ է ստեղծում:

Բացի այդ, Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը 2017-2018թթ.-ին լրացվել է, ինչի արդյունքում Ծառայության քննչական ենթակայությանն է անցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314.2, 314.3, 310.1 հոդվածներով գործերի նախաքննությունը, իսկ Օրենքում նման լրացում չի կատարվել:

Այսինքն' առկա է ակնհայտ անհամապատասխանություն Օրենսգրքի և Օրենքի միջև, ուստի, ակներև է, որ առաջարկվող փոփոխությունը օբյեկտիվ անհրաժեշտություն է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է. «Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն»:

Նշված նորմի ձևակերպումը չի համապատասխանում իրավական որոշակիության հիմնարար սկզբունքին, ինչի մասին փաստում է նաև դրա՝ գործնականում չափազանց լայն կիրառությունը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից: Այսպես, Օրենսգրքի քննարկվող նորմում գործածվում է «դրա փաստական հանգամանքներով պայմանավորված» արտահայտությունը:

Ղեկավարվելով իրավական նորմի տառացի մեկնաբանման պահանջով՝ հարկ է նկատել, որ նման ձևակերպման պայմաններում ցանկացած փաստական հանգամանք կարող է քննչական ենթակայության փոփոխման հիմք հանդիսանալ, եթե առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն երաշխավորելու անհրաժեշտություն:

Քննարկվող նորմում նշված չէ նույնիսկ փաստական հանգամանքների մոտավոր շրջանակ, որի առկայության պարագայում կառաջանա գլխավոր դատախազի կողմից Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով իրեն վերապահված իրավունքի իրացման հնարավորությունը:

Հատկանշական է, որ «եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն» արտահայտությունը, որը նախատեսված է որպես ցանկացած քրեական գործ ՀՀ հատուկ քննչական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն) փոխանցելու հիմք, իրականում անհրաժեշտություն է բոլոր քրեական գործերի պարագայում, քանի որ յուրաքանչյուր քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված պետք է երաշխավորվի դրա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը:

Այլ կերպ ասած՝ քրեական գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության երաշխավորման պահանջը համընդհանուր և պարտադիր բնույթ է կրում բոլոր նախաքննական մարմինների համար, և այն՝ որպես քննչական ենթակայության փոփոխման հիմք նախատեսելը, իրավաչափ համարվել չի կարող:

Քննչական ենթակայությունը փոխելու հիմք կարող է հանդիսանալ այնպիսի իրավիճակը, երբ նախաքննական մարմնում այլևս բացակայում է կոնկրետ գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը ապահովելու հնարավորությունը՝ պայմանավորված այնպիսի հանգամանքով, որպիսին հնարավոր չէ վերացնել դատավարական գործող կառուցակարգերի շրջանակներում: Այսինքն՝ խոսքը գնում է կոնկրետ գործի քննության շրջանակներում թույլ տրված այնպիսի խախտումների մասին, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը: Այլ դեպքում գլխավոր դատախազի կողմից Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով իրեն վերապահված լիազորության իրականացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ քննիչին վարույթից հեռացնելու հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական այլ լծակներ են առկա (Օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մաս, ինչպես նաև 53-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետեր): Իրավական որոշակիության սկզբունքի պահպանման պահանջին անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանը: Մասնավորապես՝ ՍԴՈ-1176 և ՍԴՈ-1213 որոշումներում արտահայտվել են հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության»:

2015 թվականի փոփոխություններով Սահմադրության 79-րդ հոդվածը նույնպես ամրագրում է օրենքների՝ բավարար չափով որոշակի լինելու պահանջը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է. «Օրենքի գերակայության հիմնարար կողմերից մեկը իրավական որոշակիության սկզբունքն է, որը, inter alia, երաշխավորում է որոշակի իրավական կայունություն իրավական իրավիճակներում» (տե'ս Բրումարեսկին ընդդեմ Ռումինիայի գործով վճիռը, № 28342/95, կետ 61, ՄԻԵԴ 1999 VII):

Այսպիսով՝ իրավական որոշակիության սկզբունքի պահպանման հիմնական երաշխիք է համարվում իրավական նորմերի, գրանցում օգտագործված եզրույթների անհրաժեշտ հստակությունը:

Հարկ է նկատել, որ «դրա փաստական հանգամանքներով պայմանավորված» ձևակերպումից պարզ չէ, թե որ փաստական հանգամանքները կամ ինչպիսի բնույթ ունեցող փաստական հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը կասկածի տակ դնելու համար:

Այս առումով՝ գլխավոր դատախազի քննարկվող լիազորությունը մնում է որևէ կերպ չսահմանագծված, դրա իրականացման հիմքերը՝ անորոշ և վերացական, ինչն էլ հանգեցնում է իրավական որոշակիության կարևորագույն սկզբունքի խախտման:

Ինչպես նշվեց, քննարկվող նորմը գործնականում ունի լայն կիրառություն, ինչի մասին են փաստում վիճակագրական տվյալները: Մասնավորապես՝ 2015-2018թթ ընկած ժամանակահատվածում գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությամբ Ծառայություն է ուղարկվել շուրջ 400 քրեական գործ, որը կազմում է նշված ժամանակահատվածում քննված գործերի շուրջ 20%-ը:

Հարկ է անդրադառնալ նաև Օրենսգրքի 190֊րդ հոդվածով սահմանված կարգով քրեական գործերը Ծառայություն ուղարկելու ընթացակարգին: Բանն այն է, որ ներկայումս քրեական գործերը Ծառայություն են ուղարկվում ուղեկցող գրությամբ՝ առանց համապատասխան որոշման, որում տառացի շարադրվում է Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը:

Այսինքն՝ նույնիսկ նորմի ներկա ձևակերպման պայմաններում, երբ քննչական ենթակայությունը փոխելը պայմանավորվում է գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ, ուղարկվող քրեական գործին կցված ուղեկցող գրության մեջ չի նշվում վերաբերելի որևէ փաստական հանգամանք, որևէ հիմնավորում առ այն, որ նախաքննական այլ մարմնում առերևույթ հնարավոր չէ ապահովել այդ գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը:

Ակներև է, որ նշված հանգամանքներն արտացոլող որոշման, այն է՝ պատճառաբանված որոշման բացակայության պայմաններում մի կողմից անհարկի կասկածի տակ է դրվում նախաքննական այլ մարմինների կոմպետենտությունը (վերևում քննարկվել է «եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն» արտահայտությունը), մյուս կողմից հանիրավի սահմանափակվում են գործին մասնակցող անձանց իրավունքները, քանի որ նրանք, ըստ էության, զրկվում են բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունից:

ՀՀ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի բողոքարկման իրավունքին, իր որոշումներից մեկում նշել է հետևյալը. «(...) գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2֊րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավե[ի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման» (Վարուժան Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշումը, կետ 16):

Հարկ է նշել, որ հետաքննության և նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության գործառույթը ոչ թե գերատեսչական հսկողության բովանդակություն ունի, այլ կոչված է օրենքով նախատեսված միջոցներով ապահովելու քրեական գործերով վարույթի օրինականությունն, ինչպես նաև այդ վարույթի ընթացքում անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ուստի, քննարկվող դեպքում պատճառաբանված որոշման կայացումը միարժեքորեն կերաշխավորի իրավական համապատասխան ընթացակարգերի և վերջիններիս իրականացման բավարար ու անհրաժեշտ պայմաններ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ գլխավոր դատախազի կողմից Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործերի քննչական ենթակայությունը փոփոխելը պետք է իրականացվի պատճառաբանված որոշման հիման վրա:

«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխության և լրացման կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենսգրքում նույնաբովանդակ փոփոխություն և լրացում կատարելու առաջարկով և բխում է այս երկու իրավական ակտերի համապատասխանեցման պահանջից:

  • Discussed

    25.10.2018 - 09.11.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7203

Print