Add to favourites

Under development

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

օրենքի նախագծի ընդունման

 ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

          Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) գործողության ոլորտների հստակեցման, ինչպես նաև օրենքի առանձին դրույթների միջև եղած անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

 ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 

  1. Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձը համարվում է հանրային ծառայող: Օրենքի նշված հոդվածը հակասում է «Համայնքային ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որով սահմանված է, որ համայնքային ծառայության կադրերի ռեզերվում կարող են գրանցվել ոչ միայն հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատված համայնքային ծառայողները, համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք, այլև համայնքային քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք։

Համայնքային ծառայության և հանրային ծառայության ռեզերվները հիմնովին տարբերվում են նաև այն առումով, որ համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես համայնքային ծառայության ստաժ, ինչպես նաև ռեզերվում գտնող անձինք չեն վարձատրվում։

  1. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ խորհրդականի պաշտոնի համար նախատեսված պաշտոնի անձնագիրը հաստատում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը, սակայն նույն հոդվածով հստակ տարանջատում չկա պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող և համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող խորհրդականների միջև։ Սա ենթադրում է, որ համայնքային ծառայության ոլորտում խորհրդականի համար նախատեսված պաշտոնի անձնագիրը հաստատում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, որը նշված չէ վերոնշյալ հոդվածում։
  2. Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով)ներկայացվող պահանջները բավարարող և պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ համայնքային ծառայության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։ Սահմանված պահանջները ունեն կրկնվող բնույթ։
  3. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագիրն է «Հաստիքների առավելագույն քանակը հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը), հաստիքացուցակը»։ Վերնագրում հարկավոր է ավելացնել «Պետական իշխանության մարմիններում» բառերը, քանի որ նշված հոդվածում բացակայում է տեղական ինքնակառավարման մարմիններում հաստիքների առավելագույն քանակի վերաբերյալ նկարագրությունը։ 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը, մինչդեռ՝ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 9-րդ, 35.2 հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն՝ վերոնշյալ լիազորությունը վերապահված է  Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին։
  4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում ծանուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տրամադրելով համապատասխան ակտի պատճենը: Նշենք որ, տեղական ինքնակառավարման մարմնում (համայնքապետարանում) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 03-Ն հրամանով հաստատված է աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, որը նշված չէ վերոնշյալ հոդվածում։

 

 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

           Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողության մարմիններում, համայնքների մասով, հստակություն մտցնելն ու օրենքում առկա անհամապատասխանությունների վերացումն է:

 

 ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

           Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը` սույն հիմնավորմամբ ներկայացված խնդիրների բացակայությունն է:

 

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից:

 

 

  • Discussed

    24.10.2018 - 09.11.2018

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9441

Print