ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Առկա իրավիճակը
ՀՀ Կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը։
Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման և արդյունավետության երաշխավորման միջոցով, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հանրության շրջանում ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը, նրա ընկալումներում արդարության վերականգնմանը, և ի վերջո ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը։
Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների, ինչպիսիք են`
- Թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում.
- Կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում.
- Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, ընտրագրավի գումարի իջեցում և նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)ընտրության երաշխիքների ապահովում.
- Կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում.
- Կուսակցական համակարգի զարգացման և տեղական մակարդակում քաղաքական մշակույթի ձևավորման նպատակով համամասնական ընտրակարգի սահմանում համայնքի ավագանու ընտրության համար։
Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված հետևյալ նպատակով՝
Ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացում, որը ենթադրում է՝
- Սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին:
- Նախատեսել մեխանիզմ՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, հետագայում այս հարցին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համատեքստում:
- Ի լրումն ստորագրված ցուցակների, որպես կրկնակի ստուգման միջոց, առցանց հրապարակել տեխնիկական սարքավորումների միջոցով գրանցած մասնակիցների ցանկն՝ որոնման հնարավորությամբ առանց ընտրողների անձնագրային տվյալների։
Ընտրողների իրազեկվածության բարձրացում, որը ենթադրում է
- Օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը:
- Էապես ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը և նախատեսել կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանում:
- Կիրառել վերգետնյա հեռուստատեսությունների վրա տարածվող կարգավորումները նաև կաբելային և առցանց հեռուստատեսությունների նկատմամբ՝ հարգելով վերջիններիս բիզնես շահերը:
- Ապահովել զանգվածային լրատվության միջոցներով ոչ միայն քարոզարշավի, այլև ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների ու դրանց ծրագրերի առավել հավասար լուսաբանման կարգավորումը՝ հարգելով խոսքի ազատությունն ու բազմակարծության իրավունքը:
- Ապահովել զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Մասնավորապես՝ սահմանել մեխանիզմներ զորամասերում պաստառներ փակցնելու և զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետևելու համար:
Քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում, ինչը ենթադրում է`
- Սահմանել տեղամասային կենտրոնների մատչելիության կարգը, կատարել տեղամասային կենտրոների գույքագրում և ընտրություններից առաջ հրապարակել hենաշարժական հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակում ունեցող ընտրողների համար մատչելի տեղամասային կենտրոնների ցուցակը։
- Հենաշարժական հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակում ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել ԿԸՀ կողմից հայտարարված՝ տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրի մոտակա տեղամասային կենտրոնում։
- Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) վիճակահանությամբ տրված համարները և կուսակցությունների անվանումը քվեաթերթիկի վրա տպագրվում են այնպիսի մեծությամբ, որ ընթեռնելի լինեն թույլ տեսողություն ունեցող ընտրողների համար։
- Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ԿԸՀ֊ն տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրում է քվեաթերթիկի կաղապարներ՝ կույր ընտրողների ինքնուրույն քվեարկությունը ապահովելու նպատակով։
- Օրենսդրորեն ամրագրել, որ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու (քվեարկելու) հնարավորություն չունեցող ընտրողին իրավունք ունի օգնի միայն տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված մեկ այլ ընտրող՝ վերջինիս տվյալները նախապես գրանցելով ՏԸՀ գրանցամատյանում (պարտավորագրի ստորագրման հետ միասին)։
Զինծառայողների քվեարկության նկատմամբ վերահսկողության բացառում`
- Զինվորականների քվեարկության ընթացքում արգելել վերադաս սպայի գտնվելը տեղամասային կենտրոնում։
- Հրապարակել այն ընտրական տեղամասերի ցանկը, որտեղ քվեարկում են զինվորականները:
Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում`
- Վերանայել ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելու ժամկետները, բողոքարկման առարկայի և սուբյեկտների շրջանակը։
- Իրավունք վերապահել կուսակցություններին, թեկնածուներին և դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներին՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հայցով դիմելու դատարան։
- Կրճատել ՀԿ-ների հավատարմագրելու վերջնաժամկետը՝ սահմանելով հավատարմագրման իրականացման համար ողջամիտ ժամկետ և նորարարական տեխնոլոգիական լուծումներով պարզեցնել ԿԸՀ-ի կողմից իրականացվող գործընթացները:
- Վերացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը:
- Սահմանել միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը:
- Ամրագրել տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից 3-ամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար ԿԸՀ ներկայացնելու պահանջ։ Զեկույցում պետք է նշվի դիտորդական կազմակերպության ֆինանսավորման աղբյուրը:
- Ներդնել օրենսդրական սահմանափակումներ այն հաշվառմամբ, որ դիտորդական կազմակերպության ղեկավար մարմիններում չեն կարող լինել ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում ընդգրկված թեկնածուները:
Վերանայել ընտրական գործընթացների վարչարարությունը, այդ թվում՝
- քվեարկության օրվա և վայրի վերաբերյալ ընտրողներին ծանուցման գործող ծախսատար և անարդյունավետ փոստային մեթոդը փոխարինել առավել արդյունավետ մեթոդով, օրինակ՝ հեռախոսային կարճ հաղորդագրություններով՝ կրճատելով փոստային և տպագրական ծախսերը և խնայելով ժամանակը.
- ընտրողների մատնահետքերը պարզապես սքանավորելու փոխարեն իրականացնել ընտրողների կենսաչափական նույնականացում՝ բոլոր ընտրողներին տրամադրելով նույնականացման քարտեր, ստեղծելով մատնահետքերի միասնական շտեմարան և համաժամանակյա կապ ստեղծելով բոլոր տեխնիկական գրանցման սարքերի միջև.
- դիտորդների գրանցման և վկայականների տրման գործընթացում նվազագույնի հասցնել մարդկային գործոնը և կրճատել ժամկետները՝ նախընտրական թեժ ժամանակահատվածում դիտորդների անուններ լրացնելու և վկայական տալու բեռը ԿԸՀ-ի վրայից տեղափոխելով ծրագրային համապատասխան ապահովմամբ ինտերնետային համակարգերի վրա, օրինակ` հեռավար գրանցման և ինքնուրույն վկայականներ տպագրելու միջոցով.
- տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը դարձնել առավել թափանցիկ՝ ամրագրելով տեսախցիկներով կահավորելու պահանջ, որոնցով հնարավորություն կստեղծվի ուղիղ ժամանակային ռեժիմում հատուկ կայքի միջոցով հեռարձակել տեղամասային ընտրական հանձնաժողովներից փաստաթղթերի ստացման և արդյունքների աղուսակավորման գործընթացը.
- դիմում-բողոքների ընդունման համակարգը՝ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ընդունելով էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթեր՝ ավանդական և տարածության ու ժամանակի տեսանկյունից առավել ռիսկային փոստային ծառայության կիրառման փոխարեն.
- փոփոխել տարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը, սահմանելով, որ անդամներից 3-ին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը և մեկական անդամ նշանակում են Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում: