ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝
- 8-րդ պարբերությունում «գործարկման» բառից հետո լրացնել «(վերագործարկման)» բառը.
- Լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝
«փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ.
առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման.
հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»:
- Վերջին պարբերությունում «չափորոշիչները» բառից հետո լրացնել « , փորձագետի որակավորման համար ներկայացվող պահանջները, որակավորման գործընթացը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դասակարգման բնութագրիչներին համապատասխանող օբյեկտների անվտանգ շահագործմանն ուղղված տեխնիկական կանոնակարգերը, կանոնները, տեխնիկական անվտանգության նորմերը և հրահանգները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
- 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:
- 3-րդ մասում «հավաստիության համար» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, եթե արարքը հանցագործության հատկանիշներ չի պարունակում» բառերով:
- 6-րդ մասում «առնվազն մեկ անգամ» բառերից հետո լրացնել «իսկ առանձնապես վտանգավոր օբյեկտը ենթակա է նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության:» բառերը.
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «գրառելու» բառից հետո լրացնել «տրամադրելու,» բառը, «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերով.
- 3-րդ մասում՝
- «ա» կետում «անունը՝» բառից հետո լրացնել «ֆիզիկական անձի և» բառերը, «տվյալները,» բառից հետո լրացնել «,իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները» բառերը.
- «զ» կետում «կոնսերվացման» բառից հետո լրացնել «ապամոնտաժման,» բառը.
- 4-րդ մասում՝
- «լիազոր մարմին է» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն է» բառերով.
- «ա» կետում և ամբողջ տեքստում «վկայականի» բառը փոխարինել «պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի» բառերով,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության համապատասխան պայմանագրի պատճենը».
- 5-րդ մասում «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերով.
- 6.1-ին մասում «օբյեկտի գրանցումը» բառերից հետո լրացնել «,ռեեստրում գրանցումը դադարեցնելը» բառերով.
- 8-րդ մասում՝
1) «Լիազոր մարմին» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերով՝ իր հոլովվաձևերով :
2) 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«Ապամոնտաժման փաստը հաստատվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից տրված անվճար գրավոր տեղեկանքով:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել նոր «12.1» հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 12.1. Պայթեցման աշխատանքների հաշվառումը
- Պայթեցման աշխատանքներն ենթակա են հաշվառման:
- Հաշվառման նպատակով լիազոր մարմինը վարում է թղթային և էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձի վերաբերյալ՝ անվանումը (անունը՝ անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները.
2) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.
3) պայթեցման աշխատանքներ կատարելու վայրը, օրը և ժամը.
4) պայթեցման աշխատանքների կատարման նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունքների մասին.
5) որպես արտադրական վտանգավոր օբյեկտի՝ վկայականի համարը, տրման ամիսը, ամսաթիվը և տարին:
- Պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձը (անհատ ձեռնարկատերը) պարտավոր է՝
1) պայթեցման աշխատանքները կատարել նախագծային փաստաթղթերին համապատասխան, առանց շեղումների, որին տրվել է սույն օրենքով սահմանված կարգով դրական փորձագիտական եզրակացություն.
2) պայթեցման աշխատանքների կատարման օրվա և ժամի մասին առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:
- Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին է» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն է» բառերով:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «դատական» բառը փոխարինել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված» բառերով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝
- «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« ե) որակավորման վկայականների տրամադրումը համապատասխան ուսուցում անցած փորձագետներին».
- «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
- «զ» կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հրդեհային անվտանգության, հրդեհապայթյունավտանգավորության) բառերով.
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» և «ժզ» կետերով.
«ժե) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.
ժզ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝
- «դ» կետում «ինչպես նաև կազմակերպել» բառերը հանել.
- «ժա» կետում «լիազոր մարմնին» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին» բառերով.
- «ժբ» կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «,հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության» բառերով.
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել 9-րդ և 10-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ՝
«9. Առանց լիազոր մարմնի կողմից որակավորման՝ փորձագետի կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը համարվում է անվավեր եզրակացություն և առաջացնում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվություն:
- 10. Սույն օրենքի 12.1-ին հոդվածով նախատեսված պարտականությունների չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:»:
Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկամսյա ժամկետում գործունեություն ծավալող փորձագետները պարտավոր են լիազոր մարմնի կողմից որակավորվել: Նշված ժամկետից հետո փորձագետի կողմից կազմված եզրակացության համար սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից: