Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գենետիկորեն ձևափոխված այն օրգանիզմների գործածության վրա, որոնք հանդիսանում են` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ մարդու, կենդանիների համար 1-4-րդ խմբերի ախտածին մանրէներ, մակաբույծ որդեր, կենսաբանական ծագում ունեցող թույներ և մարդու ու կենդանիների բուժման համար նախատեսված դեղագործական պատրաստուկներ:
Հոդված 4. Օրենքի նպատակն ու խնդիրները
- Օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը և ապահովել կենսաանվտանգությունը՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի անվտանգության վրա:
- Օրենքի խնդիրներն են`
1) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման սկզբունքների ու իրավական հիմքերի սահմանումը.
2) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության հետ կապված շրջակա միջավայրի, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության կանխարգելումը:
3) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ու հասարակությանն իրազեկման ապահովումը:
Հոդված 5. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման իրավական կարգավորումը
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու միջազգային պայմանագրերով:
- Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 6. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները
1.Կենսաանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն են՝
1) նախազգուշավորությունը՝ սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, եթե վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմնավորումը բավարար չէ կամ անորոշ է և անհրաժեշտություն է առաջանում կիրառելու ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցներ,
2) կանխարգելումը՝ միջոցառումների ամբողջականություն է, որն ուղղված է մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցվող վնասից պաշտպանության ապահովմանը,
3) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը և մատչելիությունը,
4) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ որոշումների կայացման գործում հանրության մասնակցությունը,
5) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության հետ կապված յուրաքանչյուր նախատեսվող գործունեության` որպես կենսաբանական վտանգներ ներկայացնող ներուժ դիտարկումը:
Հոդված 7. Շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկումը
- Հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանման նկատմամբ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը՝ իրականացվում է մեկուսացված համակարգերի մշտադիտարկում:
- Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կենսաանվտանգության ապահովման նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Մշտադիտարկումն իրականացվում է գենետիկորեն ձևափոխված յուրաքանչյուր օրգանիզմի և դրա գործածության նկատմամբ` գիտականորեն հիմնավորվածության և թափանցիկության ապահովմամբ, հաշվի առնելով սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները: Մշտադիտարկումն իրականացվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հարցերով փորձագիտական խմբի կողմից:
- Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը, այդ թվում` ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ:
- Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մշտադիտարկման կարգը, մեթոդաբանությունը և լիազոր մարմին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 2
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունը
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունն է`
1) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործման արդյունքում առաջացած վտանգի կամ վնասի դեպքում հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու կյանքի և առողջության, գյուղատնտեսական նշանակության հողերի, գյուղատնտեսական ծագման սննդամթերքի որակի և անվտանգության պահպանությանն ուղղված պետական ծրագրերի ընդունումը,
2) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կարգավորման ենթակա իրավական ակտերի ընդունումը,
3) մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանաջների սահմանումը,
4) բացառապես գիտահետազոտական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգի սահմանումը,
5) մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության ևկենսաանվտանգության կարգի սահմանումը։
Հոդված 9. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինի լիազորությունը
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմինի լիազորությունն է՝
1) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի որակի և անվտանության պաշտպանության ու մոնիթորինգային պետական ծրագրերի մշակումը.
2) սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների շրջանակներում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.
3) հասարակության տարբեր խավերի իրազեկության բարձրացման և կրթադաստիարակչական նպատակով համապատասխան գիտակրթական և ուսուցողական ծրագրերի մշակումը և իրականացումը.
4) իրենց լիազորությունների շրջանակներում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
5) Հայաստանի Հանրապետության տարածքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունը:
ԳԼՈՒԽ 3
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 10. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործումը գյուղատնտեսության բնագավառում
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում արգելվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը, մասնավորապես` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող մշակաբույսերի մշակությունը, արտադրությունը և անասնապահության վարումը:
- Սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանափակումը չի տարածվում բացառապես գիտահետազոտական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վրա, որի համար թույլտվություն է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 4
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ապօրինի գործածությունը
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ապօրինի գործածությունը առաջացում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ապօրինի գործածության դեպքերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան:
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կամ դրանց համակցված գործածության դեպքերում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրին և մարդու առողջությանն առնչվող ցանկացած սպառնալիք բացառելու ուղղությամբ:
- Լիազոր մարմինը զանգվածային լրատվության միջոցներով հասարակայնությանը տեղեկացնում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կամ դրանց համակցություններ ապօրինի գործածության հետևանքով առաջացող իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:
ԳԼՈՒԽ 5
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ
Հոդված 12. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթներով:
- Պետական, առևտրային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Գաղտնիք չի համարվում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի գործածության կենսանվտանգության հետ կապված հետևյալ տեղեկատվությունը՝
1) գործունեություն իրականացնող անձի վերաբերյալ տվյալները,
2) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի ընդհանուր բնութագիրը,
3) գործածության նպատակը և վայրը,
4) կիրառվող մեկուսացման միջոցները,
5) շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունը և մարդու առողջությանը սպառնացող վտանգը,
6) հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը,
7) հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:
Հոդված 13․ Հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը
- Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներով հանրությանը տրամադրում է տեղեկատվություն`
1) մշտադիտարկման արդյունքների մասին,
2) տրամադրված թույլտվության մասին,
3) արտակարգ իրավիճակի մասին,
4) հանրության իրազեկման համար սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:
- Լիազոր մարմինն ապահովում է հանրության մասնակցությունը սույն օրենքով սահմանված գործընթացներին:
Հոդված 14․ Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը
- Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լիազոր մարմինից պահանջել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունից:
ԳԼՈՒԽ 6
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Պատասխանատվությունը
- Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 16. Օրենքը ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: