Add to favourites

Ակումբային ծառայությունների ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

    1. Անհրաժեշտությունը

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի նիստի N29.6/[379656]-16(45) արձանագրության  քաղվածքի 7-րդ կետով տրված ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարումը ապահովելու նպատակով համաձայն որի,  անհրաժեշտ էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ` համագործակցելով համայնքապետերի հետ, կանոնակարգել բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը (այսուհետ` Ոլորտ), ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ներկայացնել դրանք այլ վայրեր տեղափոխելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ՝ այդ գործընթացի իրականացման համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ և պայմաններ:

Նշված հանձնարարականի շրջանակներում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը իրականացրել է ոլորտի կարգավորմանն ուղղված ներկայիս օրենսդրության վերլուծություն, քննարկումներ ոլորտի գործարարների հետ, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրություն:

 

   2. Ոլորտի կարգավորմանն ուղղված ներկայիս օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի պետական կառավարման հիմքերը կանոնակարգվում են  Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք): Օրենքով սահմանված է հանրային սննդի ծառայություն հասկացությունը, որը սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է: Միաժամանակ` Օրենքը սահմանում է հանրային սննդի օբյեկտներ հասկացությունը` հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր: Համաձայն Օրենքի՝ հանրային սննդի ծառայություններն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:  Օրենքը սահմանում է հանրային սննդի օբյեկտների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները, որոնց համաձայն՝ հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:

Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի`

-  տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:

- Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:

-  Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վաճառքը:

Համաձայն օրենքի` նշված գործառույթների նկատմամբ հսկողությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք դրանց կատարման մասով հաշվետու են` մարզերում` մարզպետին, Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ( ՀՀ կառավարության 7 Ապրիլ 2005, 413- Ն որոշում):

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության և տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատում է առևտրի և ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը:

          Միաժամանակ, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարն իրականացնում է հսկողություն առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում ` տալով՝

- ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն,

- համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման  թույլտվություն,

- համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:

Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 962-Ն որոշմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքներում գործող առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) տալու կարգը: Ըստ էության, նշված որոշմամբ հաստատված թույլտվության կարգը սահմանում է թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` համայնքի ղեկավարին հայտի ներկայացման ընթացակարգը և որևէ այլ անվտանգության պահանջներ չի սահմանում:

Արդյունքում ստացվել է, որ թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` համայնքի ղեկավարին հայտ ներկայացնելը տեղի է ունենում ըստ ցանկության` սահմանված տեղական տուրք վճարելով, և չի բխում սպառողների շահերի պաշտպանությունից և մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

 

 3. Միջազգային փորձի ուսումնասիրություն

 

Միջազգային օրենսդրությամբ հստակ սահմանվում է գիշերային ակումբ հասկացությունը, համաձայն որի՝ գիշերային ակումբը ժամանցի վայր է, որը ապահովում է երաժշտությամբ և տարածքով, որտեղ կարելի է պարել, և որը բաց է հանրության համար, և մատուցում է զովացուցիչ ըմպելիքներ, ինչպես նաև ոգելից խմիչքներ և տարբեր դեպքերում նաև՝ սնունդ:

Օրենսդրությամբ հստակ սահմանվում է գոտիավորման պահանջ, մասնավորապես` ցանկացած համայնք ունի առևտրի, հանրային օբյեկտների քարտեզագրում, որը հնարավորություն է տալիս բիզնեսմենին` ուսումնասիրել քարտեզը` գործունեությունը իրականացնելու նպատակով:

Այնուհանդերձ` գիշերային ակումբներին ներկայացվող հիմնական պահանջներն են`

  1. Գիշերային ակումբի շինության հատակագիծը պետք է պարունակի հետևյալ նվազագույն պահանջները`

ա) պարային հրապարակ,

բ)  ավտոկանգառի տարածք,

գ) CCTV վերահսկողության սենյակ,

դ) արտակարգ իրավիճակների համար փրկարար մուտքի և ելքի համար նախատեսված ուղիներ (հրշեջները, բուժանձնակազմի և ոստիկանության):

  1. Տեղակայումը

Բացի սահմանված պահանջներին համապատասխանող արդեն իսկ գործող գիշերային ակումբներից՝ նոր ստեղծվողները պետք է տեղակայվեն`

  • բնակելի տարածքներից 400 մետր հեռու,
  • դեպի զբոսաշրջային վայրեր տանող գլխավոր ճանապարհի վրա` նախապես սահմանված հատվածներում,
  • խոշոր առևտրի օբյեկտներում կամ բիզնես համալիրներում:

 3.Լիցենզիաներ/ թույլտվություններ

Շենքի թույլտվություն,

Ալկոհոլի վաճառքի թույլտվություն,

Շրջակա միջավայրի պահպանության թույլտվություն` հաստատված շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության կողմից,

Հակահրդեհային սերտիֆիկատ,

Ոստիկանության թույլտվություն,

Ձայնամեկուսիչների առկայություն, ընդ որում ներսում աղմուկի մակարդակը չպետք է գերազանցի 100 դեցիբել:

Մետաղական դետեկտորի առկայության պահանջ:

Արգելվում է բացօթյա տարածքներում կազմակերպել գիշերային ակումբային գործունեություն:

 4.Ակումբի կարողությունները

Մակերեսի զբաղվածության մակարդակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) պարային հրապարակում` 0.5 մ2 յուրաքանչյուր անձի համար:

բ) հանգստի, սննդի տարածքում` 1.40 մ2 յուրաքանչյուր անձի համար:

Գիշերային ակումբում անձանց թիվը չպետք է գերազանցի վերը նշված չափորոշիչները:

 5.Աշխատանքային ժամերը

Աշխատանքային ժամերը պետք է լինեն 20.00-ից մինչև  05.00-ը:

  6.Բարոյականության վկայական

   Գիշերային ակումբի անձնակազմը պետք է բացառի այն մարդկանց, որոնք դատապարտվել են թմրամիջոցների կամ թմրանյութերի հետ կապված իրավախախտումների, սեռական հանցագործությունների և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հարցերով:

 

   4.  Կարգավորման նպատակը և բնույթը

         

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, կապահովի ակումբային ծառայության ոլորտում միջազգային չափորոշիչներին համապատասխան էթիկայի, վարվելակերպի  և կառավարման համապատասխան նորմերի ներդրում:

 

   5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության ներքին առևտրի և մրցակցության բաժնի կողմից:

   6.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ                                                  

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ               ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

  • Discussed

    31.01.2017 - 16.02.2017

  • Type

    Law

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12702

Print