Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.   Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ազգային ժողովի կողմից  2026 թվականի փետրվարի 11-ին ընդունվել է ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուժի մեջ է մտել նույն թվականի փետրվարի 17-ից:

Կատարված փոփոխություններով և լրացումներով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ օտարվող սեփականության սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին իրավունք է վերապահվում գնահատման ենթակա սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմնից (այսուհետ՝ Լիազոր մարմին) համապատասխան ծանուցումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Լիազոր մարմնին գրավոր առաջարկելու իրենց համար նախընտրելի գնահատողի թեկնածությունը՝ կցելով այդ գնահատողի գրավոր համաձայնությունը։ Նշված առաջարկը ներկայացվելու դեպքում որպես գնահատող պարտադիր ներգրավվում է դիմումում մատնանշված սուբյեկտը։

Միաժամանակ, Օրենքի նույն հոդվածը սահմանում է, որ նույն հոդվածում նշված ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում գնահատողի ընտրությունն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով, պատահականության սկզբունքով։

Վերոնշյալով պայմանավորված՝ առկա է անհրաժեշտություն ընդունել Կառավարության համապատասխան որոշում, որով կկարգավորվեն Օրենքով սահմանված ժամկետում գնահատողի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու դեպքում գնահատողի ընտրության հարաբերությունները, կսահմանվեն պատահականության սկզբունքով գնահատողի ընտրության իրականացման և համապատասխան ծրագրի գործարկման և շահագործման համար պատասխանատու լիազոր մարմինը և պատահականության սկզբունքով գնահատողի ընտրության առանձնահատկությունները։

 

2.  Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոնշյալի հաշվառմամբ՝ նախագծով առաջարկվում է

1.   Սահմանել, որ Օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում, օտարվող սեփականության սեփականատիրոջ և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում գնահատողի ընտրությունն իրականացվում է պատահականության սկզբունքով, Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից հատուկ համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) միջոցով կատարվող վիճակահանությամբ.

2.  Սահմանել, որ Ծրագրում մուտքագրման ենթակա են Կոմիտեում հաշվառված բոլոր գնահատողների վերաբերյալ տվյալները և նրանց մոտ գտնվող ընթացիկ գործերի քանակը՝ միաժամանակ սահմանելով յուրաքանչյուր գնահատողի պարտականությունը՝ որպես գնահատող ներգրավվելու և առանձին գնահատումների առնչությամբ իր լիազորությունները դադարելու բոլոր դեպքերում այդ մասին ծանուցել Կոմիտեին՝ գնահատողի ծանրաբեռնվածությունը որոշելու համար Ծրագրում գնահատողի մոտ առկա գործերի ավելացման կամ նվազման վերաբերյալ նշում կատարելու նպատակով։

3.  Սահմանել, որ գնահատողի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագիրը պետք է ներկայացվի Լիազոր մարմնի կողմից՝ նախատեսելով պահանջագրում ներառման ենթակա տեղեկությունները։

4.  Սահմանել Լիազոր մարմնի կողմից ներկայացված պահանջագրի հիման վրա պատահականության սկզբունքով, վիճակահանությամբ գնահատողի ընտրության ժամկետը, ընթացակարգը և սկզբունքները՝ ի թիվս այլնի, նախատեսելով տվյալ օրվա ընթացքում մուտքագրված պահանջագրերի մասով վիճակահանությունը Ծրագրի միջոցով ինքնաշխատ եղանակով` առանց Կոմիտեի միջամտության իրականացնելը պահանջագրի մուտքագրման ամսաթվին հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ից մինչև 10:00-ն:

5.  Կարգավորել վիճակահանության արդյունքների ամփոփման և հրապարակման հարաբերությունները՝ նախատեսելով Կոմիտեի աշխատակցի կողմից վիճակահանության անցկացման օրը՝ մինչև ժամը 12:00-ը, Ծրագրի միջոցով վիճակահանության արդյունքների մասին արձանագրություն գեներացնելու և արտաբերելու (տպելու), արձանագրությունը վիճակահանության անցկացման հաջորդ օրը Լիազոր մարմին ներկայացման ենթակա լինելու և վիճակահանության արդյունքների արխիվացման, պահպանման և երրորդ անձանց հասանելի դառնալու վերաբերյալ կարգավորումներ։

 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել սեփականության սեփականատիրոջ և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում գնահատողի` պատահականության սկզբունքով հատուկ ծրագրի միջոցով ընտրության կարգը:

 

4. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ: Նախագծի ընդունման դեպքում հնարավոր է պետական բյուջեի ծախսերի ավելացում՝ պայմանավորված Ծրագրի գործարկման անհրաժեշտությամբ:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1978-Լ որոշման հավելված 1-ի 2.6. կետից և նույն որոշման հավելված 3-ի 3.14. գործողության կատարման անհրաժեշտությունից:

 

6. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված մարմինները կամ անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

  • Duration

    06.05.2026 21.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 237

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: