ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍԻ, ԻՍԱԿՈՎ ԵՎ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՊՈՂՈՏԱՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՈՎ, «ՊԱՍԿԵՎԻՉԻ ԲԼՈՒՐ» ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՏԱՐԱԾՔՈՎ և ՊԱՍԿԵՎԻՉԻ ԲԼՈՒՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՐԱՎ՝ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ԿԻՐՃՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկեվիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկեվիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին»
Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
1. Անհրաժեշտությունը
Երևանի ավագանու 10.09.2024թ. թիվ 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևանի Կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում /մոտ 81 հա/` Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ` «Պասկևիչի բլուր»-ի և դրա հարակից մասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ` բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոնի հիմնում մեծածավալ հասարակական բնույթի կառուցապատմամբ, բնակելի և համաքաղաքային նշանակության հանգստի գոտու ստեղծմամբ: Տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետին դիմել է մասնավոր ընկերությունը՝ ներկայացնելով աշխատանքյաին էսքիզը և քաղաքաշինական ծրագրի ամփոփ հայեցակարգը:
Համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որով սահմանվում են սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Եթե ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին:
ՀՀ կառավարության 2026թ հունվարի 29-ի թիվ 110-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետին լիազորություն է վերապահվել Ձեռքբերողի հետ կնքելու վերոնշյալ պայմանագիրը, որը ուժի մեջ է մտնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 7-րդ հոդվածը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, այն է՝ Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքում «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքի և հարակից տարածքների (այսուհետ՝ Տարածք, «Պասկևիչի բլուր») նկատմամբ ահնրաժեշտ է ճանաչել հանրության գերակա շահ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Երևան քաղաքի կենտրոնական մասը սպառել է մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար նախատեսված գրեթե բոլոր անհրաժեշտ տարածքային ռեզերվները: Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կնպաստի տարածքների արդյունավետ կառավարման ու արդիական էկոհամակարգի ձևավորման միջոցով մայրաքաղաքի տարածական կենսունակության պոտենցիալի աճին, կենտրոնական հատվածի ֆունկցիոնալ ապակենտրոնացմանը և տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածքներ, հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:
Արդեն իսկ կառուցված Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը՝ Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհատվածի կառուցումը առավել կբարձրացնեն տարածքի քաղաքաշինական նշանակությունը: Նախատեսվող համալիր կառուցապատումը կդառնա ժամանակակից Երևանի այցեքարտերից մեկը:
Քաղաքի 1971թ. գլխավոր հատակագծի և կենտրոնի 1982թ. մանրամասն հատակագծման նախագծի համաձայն՝ Հրազդան գետի կիրճը դիտարկվել է որպես համաքաղաքային հանգստի գոտի, իսկ համալիրի դիտարկվող տարածքը` Երևանյան գոտու զբոսաշրջության գլխավոր կենտրոն՝ վերակառուցվող պատմական տարածքների ընդգրկմամբ:
«Պասկևիչի բլուր»-ը ժամանակին նախատեսվել էր ռուս-հայկական հուշահամալիրի կառուցման համար, որը պետք է ընդգրկվեր դեպի կենտրոն տանող հետիոտն գոտու, զբոսայգիների և հրապարակների կառուցվածքի մեջ և հանդիսանում էր «հարավ-արևմուտք-կենտրոն» առանցքի քաղաքաշինական դոմինանտ, ինչը նախանշված էր դեռ թամանյանական գլխավոր հատակագծում (Կասկադ-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ- Մյասնիկյանի հրապարակ-Պասկևիչի բլուր):
Երևանի նոր Գլխավոր հատակագիծը հիմնականում պահպանել է այդ հատակագծային լուծումների ժառանգականությունը, և դրանց հնարավորինս դինամիկ ռեժիմում իրականացումը նոր քաղաքային միջավայրի ու դեմոգրաֆիական զարգացումների պայմաններում ու տեմպերում դարձել է ավելի արդիական ու պարզապես անհետաձգելի հրամայական:
Ներկայում Տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, և մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները (մի մասը ապօրինի և/կամ ինքնակամ), դրանց տնամերձ հողամասերը և փողոցները:
Կախված իրացման ծավալներից` Ծրագիրը կարող է իրականացվել փուլային կամ ամբողջությամբ: Կառուցապատման հայեցակարգը հիմնավորվում է գոտու բարձր քաղաքաշինական արժեքի, տարածքային ռեզերվների, կենտրոնի նկատմամբ ազգային և միջազգային աճող ներդրումային հետաքրքրության, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի կողմից էական ներդրումային և քաղաքի արդիականացման ու վերակառուցման հետևողական փորձի վրա:
Նախագծով նախատեսվող հիմնական հատակագծային և գործառական լուծումներն են՝
ü Երևան-Դաունթաուն՝ միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում (բանկեր, օֆիսային կառույցներ, հյուրանոցներ և այլն),
ü Միջազգային մշակութային կենտրոնի ստեղծում,
ü Միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում,
ü Համաքաղաքային նշանակության հանգստի գոտի՝ կանաչ տարածքների և բնական լանդշաֆտի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային մակերեսների ստեղծմամբ,
ü Բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակներ, մարզադահլիճներ և սոցիալական այլ ենթակառուցվածքներ,
ü Առանձին բնակելի թաղամասեր՝ դիվանագետների համար:
3. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Հաշվի առնելով առկա իրավիճակը մշակվել է Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրը, որի իրականացման համար անհրաժեշտ է Տարածքի նկատմամբ ճանաչել գերակա հանրային շահ:
Նշված քաղաքաշիանական ծրագիրն իրականացնելու առաջարկ են ներկայացրել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց հետ կնքված պայմանագրի համաձայն վերջիններս հանդիսանալու են օտարման գոտում գտնվող սեփականության և այլ գույքային իրավունքներով ծանրաբեռնված գույքի ձեռքբերող և ծրագրի օպերատոր։ Սա նշանակում է, որ նրանք կազմակերպելու և իրականացնելու են ներդրողների ներգրավումը և լոտերի օտարումը վերջիններիս՝ քաղաքաշինական ծրագրի համապատասխան հատվածի իրականացման նպատակով: Հաշվի առնելով Ծրագրի ազդեցության գոտում ընգրկվող տարածքի մակերեսը, որը կազմում է շուրջ 83 հա, ծրագրի օպերատորի գործառույթն են հանդիսանում՝ հուսալի և նման մաշտաբի քաղաքաշինական ծրագերի իրականացման փորձառություն ունեցող ներդրողների ներգրավումը, լոտերի կառուցապատման հաջորդականությունը քաղաքաշինական ծրագրի միասնական տրամաբանության ներքո կազմակերպելը և բոլոր գործընթացների արդյունքում սահմանված վերջնաժամկետում ծրագիրն ավարտին հասցնելը: Քաղաքաշինական ծրագրի իրագործման ապահովության տեսանկյունից կարևորագույն երաշխիք է հանդիսանում նաև ձեռքբերողի կողմից իր կողմից ներգրավված ներդրողների հետ լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն ստանձնելը:
Մասնավոր գործընկերոջ կողմից ծրագրի ամբողջական իրականացումը ապահովելու և հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով, սահմանվել են նաև դրույթներ, համաձայն որոնց ամրագրվել է բլրային հատվածում առկա լոտերի օտարման առաջնահերթությունը՝ հարթավայրային հատվածի նկատմամբ, հաշվի առնելով առկա ավելի խիտ կառուցապատումը անհատական բնակելի տներով: Վերոնշյալ առաջնահերթության սահմանումը նշանակում է, որ հարթավայրային հատվածում գույքի իրացման և լոտի օտարման հնարավորություն ձեռքբերողը ստանում է միայն այն բանից հետո, երբ իրականացրել է օտարում բլրային հատվածում: Սույն կանոնը կիրառվում է բլուր/հարթավայր 1:2 հարաբերակցությամբ, այսինքն բլրային հատվածում որոշակի մակերեսով տարածքում օտարումների իրականացումից հետո ձեռքբերողը հնարավորություն է ստանում հարթավայրային հատվածում կրկնակի չափով մակերեսի օտարման:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Երևանի քաղաքապետարան և «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն ուղղակիորեն բխում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծից և նպաստում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» և 4.10-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժինների շրջանակներում հռչակված հանձնառությունների իրականացմանը:
-
Duration
16.04.2026 02.05.2026 -
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 474
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.