Գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2026 թվականի --------------- N - Լ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
__________________ N ____-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար դիզելային վառելիքի գնաճի ազդեցության մեղմումն ու գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների անխափան իրականացումն է։
2. Ծրագիրը կիրականացվի և փոխհատուցումը կտրամադրվի սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը ձեռք բերված դիզելային վառելիքի (այսուհետ՝ վառելիք) համար։
3. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության համայնքները կամ բնակավայրերը (այսուհետ՝ համայնք կամ բնակավայր).
3) Հայաստանի Հանրապետության մարզպետի աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմեր).
4) գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական անձինք (ովքեր բնակվում և գյուղատնտեսական գործունեություն են իրականացնում տվյալ համայնքում) և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (ովքեր գյուղատնտեսական գործունեություն են իրականացնում տվյալ համայնքում) (այսուհետ՝ շահառու 1)․
5) համայնքում գյուղատնտեսական մեքենայական աշխատանքներ իրականացնող, ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ շահառու 2):
4. Փոխհատուցումը կտրամադրվի, եթե վառելիքի 1 լիտրի գինը գերազանցում է 500 դրամը, ընդ որում, փոխհատուցումը տրամադրվում է 1 լիտր վառելիքի վաճառքի գնի և 500 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի քան 1 լիտրի համար 200 դրամը:
5. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված մեկանգամյա գնումը պետք է գերազանցի 10 (ներառյալ) լիտրը: Ընդ որում, 1 հեկտար հողատարածքի հաշվով 50 լիտրից ավել ձեռք բերված վառելիքի ծախսը չի փոխհատուցվում:
6. Շահառու 1-ը ծրագրից օգտվելու համար դիմում է համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում պարտադիր նշելով շահառու 1-ի բանկային հաշվեհամարը։ Դիմումին կից ներկայացնում է՝
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառման՝ վկայականի պատճենը)․
2) անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հող կամ տնամերձ հողատարածք) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը (եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն (օգտագործում), ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) գրավոր համաձայնությունը), կամ կցվում է համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կնքված և ստորագրված տեղեկանք՝ գյուղատնտեսական նշանակության հողը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կադաստրային ծածկագիրը կամ կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում՝ նշում գտնվելու վայրի նկարագրի վերաբերյալ, միևնույն կադաստրային ծածկագրով հողամասը նաև այլ շահառուների կողմից օգտագործվելու դեպքում՝ այդ մասին տեղեկություն, ինչպես նաև, երբ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործվում է, սակայն սեփականատերը շահառուն չէ՝ շահառուի կողմից հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկություն).
3) անկանխիկ վճարումը հավաստող փաստաթուղթ, որը կհավաստի, որ վճարումը կատարված է շահառուի կողմից․
4) պարտավորագիր՝ ծրագրի շրջանակում ձեռք բերված վառելիքը միայն գյուղատնտեսական նպատակով օգտագործելու վերաբերյալ․
5) վճարային փաստաթղթերի բնօրինակները, որոնք հավաստում են վառելիքի փաստացի ձեռքբերումը (վճարման կտրոն (ՀԴՄ) կամ հաշիվ-ապրանքագիր), որում պետք է նշված լինի՝
ա. ապրանքի հստակ անվանումը՝ «դիզելային վառելիք»,
բ․ ձեռք բերված վառելիքի ծավալը՝ լիտրերով (վճարային մեկ փաստաթղթի դեպքում նվազագույնը 10լ),
գ․ 1 լիտրի արժեքը և գործարքի ընդհանուր գումարը (ՀՀ դրամով),
դ․ գնման կատարման հստակ ժամկետը,
է․ պետք է նշված լինեն նաև շահառուի (գնորդի) տվյալները, եթե ձեռքբերումը կատարվում է հաշիվ-ապրանքագրով․
6) համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական այլ մարմնին փոխանցելու մասին։
7. Շահառու 2-ը ծրագրից օգտվելու համար դիմում է համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում պարտադիր նշելով շահառու 2-ի բանկային հաշվեհամարը։ Դիմումին կից ներկայացնում է՝
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառման՝ վկայականի պատճենը)․
2) համայնքի այն տնտեսավարողների անշարժ գույքի վերաբերյալ ծրագրի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկությունը՝ որոնց համար ծառայություն է մատուցվել,
3) համայնքի կամ բնակավայրի ղեկավարի կողմից կնքված և ստորագրված տեղեկանքը (կցվում է), ըստ որի շահառու 2-ը մատուցում է գյուղատնտեսական մեքենայական ծառայություններ տվյալ համայնքում.
4) անկանխիկ վճարումը հավաստող փաստաթուղթ, որը կհավաստի, որ վճարումը կատարված է շահառու 2-ի կողմից․
5) պարտավորագիր՝ ծրագրի շրջանակում ձեռք բերված վառելիքը միայն գյուղատնտեսական նպատակով օգտագործելու վերաբերյալ․
6) վճարային փաստաթղթերի բնօրինակները, որոնք հավաստում են վառելիքի փաստացի ձեռքբերումը (վճարման կտրոն (ՀԴՄ) կամ հաշիվ-ապրանքագիր), որում պետք է նշված լինի՝
ա. ապրանքի հստակ անվանումը՝ «դիզելային վառելիք»,
բ․ ձեռք բերված վառելիքի ծավալը՝ լիտրերով (վճարային մեկ փաստաթղթի դեպքում նվազագույնը 10լ),
գ․ մեկ լիտրի արժեքը և գործարքի ընդհանուր գումարը (ՀՀ դրամով),
դ․ գնման կատարման հստակ ժամկետը,
է․ պետք է նշված լինեն նաև շահառուի (գնորդի) տվյալները, եթե ձեռքբերումը կատարվում է հաշիվ-ապրանքագրով․
7) համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական այլ մարմնին փոխանցելու մասին։
8. Դիմումները մերժվում են, եթե․
1) դիմումին կից փաստաթղթերը չեն համապատասխանում ծրագրի 6-րդ (շահառու 1-ի համար) կամ 7-րդ (շահառու 2-ի համար) կետերի պահանջներին․
2) դիմողը ծրագրի իմաստով չի հանդիսանում շահառու 1 (համաձայն ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետի) կամ շահառու 2 (համաձայն ծրագրի 3-րդ կետի 5-րդ ենթակետի)․
3) ծրագրից օգտվելու համար նույն հողատարածքը ներկայացվել է և շահառու 1-ի, և շահառու 2-ի կողմից։ Ընդ որում, միևնույն հողատարածքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
9. Համայնքի ղեկավարը ստուգում և ամփոփում է ծրագրի 6-րդ (շահառու 1-ի համար) և 7-րդ (շահառու 2-ի համար) կետերով ներկայացված փաստաթղթերը ու մինչև բերքահավաքը մոնիթորինգ է իրականացնում շահառու 1-ի և շահառու 2-ի (այսուհետ՝ շահառուներ) կողմից ներկայացված հողատարածքներում: Եթե տվյալ հողատարածքի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակություն է իրականացվել, ապա տրվում է մոնիթորինգի դրական եզրակացություն և հողատարածքը հաշվառում է փոխհատուցման համար:
10. Համայնքի ղեկավարը ծրագրի 9-րդ կետում նշված փոխհատուցման համար հաշվառված շահառուների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև համայնքի փոխհատուցման ենթակա գումարների չափի և ձեռք բերված վառելիքի ընդհանուր ծավալի վերաբերյալ լրացված ձևաչափը (ձևաչափը հրապարակվում է նախարարության կայքում՝ մինչև մայիսի 15-ը) ներկայացնում է մարզպետի աշխատակազմ:
11. Մարզպետի աշխատակազմը 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ծրագրի 10-րդ կետում ներկայացված տեղեկությունը և ծրագրի պահանջներին համապատասխան լինելու դեպքում դրական եզրակացությամբ ձևաչափը ներկայացվում է նախարարություն: Ծրագրի պահանջներին չհամապատասխանելու դեպքում տեղեկությունը մարզպետի աշխատակազմը հետ է ուղարկում համայնքին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ճշգրտման և մարզպետի աշխատակազմ ներկայացման համար:
12. Նախարարությունը ծրագրի 11-րդ կետում նշված տեղեկությունը դրական եզրակացությամբ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմ է ներկայացնում տեղեկություն՝ ըստ համայքների վճարումները կատարելու համար:
13. Մարզպետի աշխատակազմը սահմանված պետական բյուջեի միջոցներով փոխանցման ենթակա գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի միջոցով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին՝ մարզպետի աշխատակազմի և համայնքի կամ բնակավայրի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Մարզպետի աշխատակազմը 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։ Չօգտագործված ֆինանսական միջոցները մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը վերադարձվում են պետական բյուջե և նախարարություն ներկայացնում տեղեկություն՝ վերադարձված միջոցների վերաբերյալ։
-
Duration
16.04.2026 01.05.2026 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 539
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.