Находится в правительстве РА Обсуждалось 23.07.2021 - 08.08.2021 Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթը հաստատելու մասին Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) մինչև 2030 թվականը ռազմավարությամբ Հայաստանի Հանրապետության հետանկախացման շրջանում առաջին անգամ փորձ է արվում ձևակերպել երկրի պետական կառավարման համակագի վերափոխման ու արդիականացման համապարափակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները և դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը: ՀԿԲ ռազմավարությունը հենվում է մինչ օրս պետական կառավարման համակարգի և ենթահամակարգերի ձևավորման, կայացման ու զարգացման ուղղությամբ իրականացված գործընթացների, ձեռքբերումների ու կուտակված դրական փորձի, ձախողումների ու քաղված դասերի վրա: Ռազմավարության մշակման համար առանցքային նշանակություն են ունեցել 2020 թվականին երկրին պատուհասած ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի և Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում պետական կառավարման համակարգում դրսևորված լրջագույն մարտահրավերներն ու խորքային խնդիրների հետ առերեսումը: Հանրային կառավարման բարեփոխումների արժեքային առանցքը մարդն է՝ քաղաքացին ու հանրային ծառայողը: Բարեփոխումների ռազմավարական մոտեցումը կառուցվում է «միասնական» կամ «ինտեգրված» կառավարության (Whole-of-the-Government) փիլիսոփայության շուրջ, որով խնդիր և նպատակ է դրվում ապահովել գործադիր իշխանության համակարգի ներդաշնակ, սիներգիկ, արհեստավարժ, տեխնոլոգիահենք առաջադեմ լուծումներով և պատասխանատու գործունեությունը: Հանրային կառավարման բարեփոխումների հենման կետը պետության և հասարակության արժեքային հիմքն է ու սոցիալ-մշակութային համատեքստը, պետության արդիականացման օրակարգը, պետություն-հասարակություն փոխհարաբերությունների բնույթի, ծավալների և ձևի վերարժևորումը՝ առաջադեմ հասարակություն և պետություն կայացնելու ճանապարհին, հանրային-պետական շահի և քաղաքական գործընթացների հավասարակշռումը՝ հօգուտ երկրի կայունության, անվտանգության և զարգացման: Բարեփոխումների ռազմավարական տեսլականով սահմանվում են ապագայի պետության յոթ բնութագրիչներ՝ մարդակենտրոն, արդար, կայուն, պատասխանատու, դինամիկ, նորարար, օպտիմալ: Այս որակին հասնելու ճանապարհային քարտեզը նախագծվում է յոթ ռազմավարական (քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ) և հորիզոնական (կարողությունների զարգացում, թվայնացում և ինովացիա, կայուն և ռեսուրսարդյունավետ գործելակերպեր) տիրույթների ուղղությամբ վերափոխման օրակարգերի ձևավորմամբ և գործողությունների նախանշմամբ: Ապագայի պետության վերափոխման ռազմավարական հորիզոնը մինչև 2030 թվականն է, միաժամանակ, Ռազմավարության իրագործումը նախատեսվում է 3 փուլով՝ այդպիսով բարեփոխումների շղթան դարձնելով ավելի արդյունքամետ, իրագործելի ու արդիական, ապահովելով դրանց միջև ժառանգականությունը և բարեփոխումների կենսունակությունն ընթացիկ զարգացումներին համահունչ։ Յուրաքանչյուր հաջորդ փուլի նախագծման համար պետք է հիմք ընդունվեն ընթացիկ ձեռքբերումները, արդյունքները և քաղված դասերը: Ռազմավարության մշակման հիմքում դրվել են կուտակված փորձը, տեղեկատվությունն ու գիտելիքը, ինչպես նաև՝ իրականացված փաստահավաք ու վերլուծական աշխատանքը հանրային կառավարման համակարգի առանձին տարրերի վերաբերյալ: Այդուհանդերձ, հիմնարար տվյալների և վերլուծական նյութերի էական սահմանափակումների պատճառով տարբեր ուղղություններով որդեգրված ռազմավարական բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով առարկայական միջամտություններ պլանավորելու և իրագործելու համար նախատեսվում են հետազոտական ու վերլուծական ծավալուն աշխատանքներ և միայն դրանց արդյունքներով արդեն՝ փաստահենք քաղաքականության մշակում: Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության փաթեթը ներառում է` Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարական տեսլականը, որով տրվում են բարեփոխումների ռազմավարական համատեքստը և ներկա վիճակի գնահատումը, բարեփոխումների հարացույցը, շրջանակը և փուլերը. Հանրային կառավարման բարեփոխումների 1-ին փուլի՝ 2021-2023 թթ. օրակարգը՝ ներառելով ռազմավարական տիրույթների մասով բարեփոխումների ուղղությունները, նպատակներն ու շրջանակը, վիճակի գնահատումը, ճանապարհային քարտեզն ու արդյունքային շրջանակը․ Հանրային կառավարման բարեփոխումների կառավարումը, այդ թվում՝ կառավարման ինստիտուցիոնալացման հարցերը, մոնիտորինգի, հաշվետվողականության և գնահատման համակարգը, ռիսկերի մատրիցան և դրանց հասցեագրման միջոցները, հանրային հաղորդակցության և իրազեկման հարցերը։ Հանրային կառավարման համապարփակ բարեփոխումները Հայաստանի կառավարման կարգի, պետություն-հանրություն փոխհարաբերությունների սահմանադրական և արժեքային հիմքերի ձևավորման ու արդիականացման, ազգային անվտանգության ու զարգացման օրակարգերի մշակման ու արդյունավետ իրագործման երաշխիքն են և որպես այդպիսին՝ առաջնահերթություն են Կառավարության համար՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից: Հանրային կառավարման բարեփոխումների համար ուղենշային են երկրի զարգացման ռազմավարական օրակարգը, Հայաստանի 2020-2050 վերափոխման ռազմավարությունը, ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների, Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, երկրի կողմից գլոբալ և միջազգային առնչվող օրակարգերի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: Նշվածների մասով վերաբերելի և ընդունելի նպատակադրումներն ու թիրախները հաշվի են առնվելու ՀԿԲ բարեփոխումների իրականացման շրջանակներում։ 8 2 2 15109