Проект принят Обсуждалось 09.10.2018 - 25.10.2018 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ և հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային, մասնավորապես՝ Օրենքում առկա են անհստակություններ և թերի կարգավորումներ կապված կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարանների, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև դրանց բողոքարկման հետ: Այսպես՝ Օրենքի որոշ կարգավորումներից բխում է, որ եթե վերաքննիչ դատարանը կայացնի, օրինակ, դատական սանկցիա կիրառելու մասին դատական ակտ, ապա կատարողական թերթը պետք է տա առաջին ատյանի դատարանը, այն դեպքում, երբ ակտը կայացրել է վերաքննիչ դատարանը, Օրենքում բացակայում է կատարողական թերթ տալու դիմումը մերժելու և առանց քննության թողնելու կառուցակարգեր, 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ արբիտրաժի վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, օտարերկրյա դատարանների և արբիտաժի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու նպատակով անձի դիմումի համաձայն դատարանը կայացնում է որոշում, մինչդեռ Օրենքի 18-րդ հոդվածի վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ դատարանի որոշումը բավարար չէ կատարողական թերթ տալու համար և դատարանի որոշման առկայության պայմաններում անհրաժեշտ է կրկին դիմում ներկայացնել, Օրենքով կատարողական թերթ տալը կամ կատարողական թերթ տալու դիմումը մերժելը բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսված չէ, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴՈ-1330 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը, որի համաձայն՝ կատարողական թերթը կազմում է դատական ակտի օրգանական մասը, հետևաբար` այն ենթարկվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրենքով նախատեսված բողոքարկման ընդհանուր կանոնին: Օրենքում բացակայում են կատարողական թերթով նախատեսված պարտավորությունը կամովին կատարելու և անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը խրախուսելու մեխանիզմները: Օրենքը հարկադիր կատարողի կողմից ընդունված որոշումների և ծանուցումների ուղարկման և հանձնման հետ կապված հարաբերությունների կարգավորման համար հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, որում առկա նոր մոտեցումները անհրաժեշտ է ներդնել կատարողական վարույթում: Օրենքը ներկայումս չի նախատեսում կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու համար պարտապանին կամ այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու հնարավորություն: Օրենքը չի ապահովում պարտատիրոջ պահանջների բավարարման լիարժեք մեխանիզմ: Այսպես՝ գործնականում դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացում առաջանում են իրավիճակներ, երբ կատարողական վարույթի ընթացքում պարտապանը միջոցներ չի ձեռնարկում իրեն փաստացի պատկանող (օրինակ՝ ժառանգության իրավունքի վկայագրի, դատական ակտի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա) և իր անունով գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու ուղղությամբ՝ վճռով իր վրա դրված պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով, Օրենքը չի սահմանում գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն: Օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածների կարգավորումից բխում է, որ պարտապանի բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը, մինչդեռ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ պարտապանի ներկայության անհրաժեշությունն ընդհանրապես բացակայում է կատարողական գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ պարտապանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելիս), սակայն, փաստորեն, նրա բացակայության պայմաններում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը: Օրենքըպարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել մուտք գործելու հնարավորություն նախատեսելու պարագայում չի կարգավորում պարտապանի բացակայության, համաձայնություն չտալու կամ այլ կերպ հարկադիր կատարողի՝ բնակարան մուտք գործելը խոչընդոտելու դեպքում ձեռնարկվող միջոցների հարցը: Գրավով ապահովված պարտավորության կատարման ընթացքում գրավի առարկայի անբավարարության կամ գրավի առարկան չհայտնաբերելու դեպքում հարկադիր կատարողը չի կարող բռնագանձում տարածել պարտապանի այլ գույքի վրա, քանի որ կատարողական թերթում դրա մասին նշված չի լինում: Օրենքը նախատեսում է միայն հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու հնարավորություն: Օրենքով սահմանված կարգավորումների համաձայն՝ դատարանը կատարողական թերթը հարկադիր կատարողին ուղարկում է էլեկտրոնային եղանակով, սակայն հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումները դատարանին էլեկտրոնային եղանակով տրամադրելու մասին դրույթներ նախատեսված չեն: Օրենքի 44.1-ին հոդվածում ներառված չեն պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում պարտապանի դրամական միջոցների վրա նախկինում պարտավորության ողջ ծավալով դրված արգելանքը հանելու կառուցակարգեր: Օրենքում առկա են նաև վերոնշյալ և այլ կարգավորումների հետ փոխկապակցված մի շարք խնդիրներ ևս: Վերոշարադրյալը վկայում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին: 5 0 9 10848
В стадии разработки Обсуждалось 28.08.2018 - 12.09.2018 «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 0 0 0 8476