Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2026 թվականի          N              -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի չափերի հաշվարկման և հատուցման վճարման կարգը, հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերը, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «գ» ենթակետը և որոշմամբ հաստատված N 3 hավելվածը.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.

«1.2. Սույն որոշման N 1 հավելվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերի ցանկը տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում` գործատուի հանձնարարությամբ այլ պետությունում աշխատանք կատարելիս՝ աշխատողի համար սահմանված աշխատանքի վայրից այլ վայր (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն) աշխատողին գործուղելու դեպքերում։».

3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի «քաղաք, գյուղ» բառերը փոխարինել «աշխատավայրի գտնվելու բնակավայրից» բառերով, իսկ «աշխատանք կատարելու» բառերից հետո լրացնել «կամ  աշխատանքային գործառույթների հետ կապված այլ նպատակով այլ վայր մեկնելու» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Դաշտային պայմաններում կատարվող կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող կամ ոչ մշտական տեղակայման վայր ունեցող կամ շրջիկ առևտրի կետերում կատարվող աշխատանքները, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք աշխատանքի բնույթով պայմանավորված ունեն այնպիսի գործառույթներ, որ աշխատանքները կատարում են տարբեր վայրերում՝ չեն համարվում գործուղումներ:».

5) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա, որում նշվում են գործուղման վայրը (օտարերկրյա պետություն գործուղման դեպքում նշվում է պետությունը, առկայության դեպքում՝ նաև քաղաքը կամ այլ բնակավայրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում գործուղման դեպքում՝ քաղաքը, առկայության դեպքում՝ նաև գյուղը կամ այլ բնակավայրը) կազմակերպության անվանումը (այն դեպքում, երբ  աշխատողը գործուղվում է կազմակերպություն), նպատակը և ժամկետները, այդ թվում՝ գործուղման ժամանակահատվածում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման անհատական իրավական ակտում նշվում են նաև յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը:».

6) որոշման N 1 հավելվածի 4-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

7) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ նախադասություններով.

«7. Գործուղված աշխատողին հատուցվում է կամ աշխատողի համար վճարվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ (ինքնաթիռի չվերթի, ուղևորագնացքի չվացուցակի փոփոխություն կամ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետևանք) առաջացած անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, պետական տուրքերը, օտարերկրյա պետություն մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, գործուղման հետ կապված կապի, այդ թվում՝ տեսակոնֆերանսային և առցանց կապի ծառայությունների օգտագործման վճարները, թվային վճարային հարթակների, անվտանգության և տվյալների պաշտպանության, փաստաթղթերի թարգմանության և վավերացման ծախսերը, գործուղման հետ կապված այլ ծախսերը՝ համապատասխան փաստաթղթերի և հիմնավորման առկայության դեպքում: Գործուղման վայրից մեկնելու և ճանապարհին գտնվելու օրերի համար գիշերավարձի ծախսեր չեն վճարվում՝ բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի: Ճանապարհածախսի հատուցում աշխատողի համար չի նախատեսվում, եթե գործատուն ապահովում է աշխատողի տեղափոխումը գործուղման վայր՝ առանց աշխատողի կողմից ծախս կատարելու։».

բ. 3-րդ պարբերությունը «այլ վայր» բառերից հետո լրացնել «կամ օտարերկրյա պետություն» բառերով.

գ. 4-րդ պարբերության 2-րդ նախադասությունը «գործատուի կողմից» բառերից հետո լրացնել «(ընդ որում՝ օրապահիկը ենթակա է գործատուի կողմից ամբողջությամբ վճարման (հատուցման), եթե հրավիրող կողմն աշխատողի համար չի ապահովում գործուղման յուրաքանչյուր օրվա համար նախաճաշը, ճաշը և ընթրիքը)» բառերով, իսկ «համայնքի» բառը փոխարինել «համայնքային» բառով.

դ. 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա՝ աշխատողը մեկ օրվա ընթացքում գործուղվում է մեկից ավելի բնակավայր (օտարերկրյա պետություն կամ քաղաք կամ այլ բնակավայր), ապա օրապահիկը վճարվում է այն բնակավայրի (օտարերկրյա պետության կամ քաղաքի կամ այլ բնակավայրի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:».

8) որոշման N 1 հավելվածի 7.2-րդ կետի 1-ին «Ցանկում» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ցանկում» բառերով, իսկ «հաշվարկվում են» բառերը «հաշվարկում է» բառերով.

9) որոշման N 1 հավելվածի 7.2-րդ կետի 1-ին ենթակետը «սյունակի» բառից հետո լրացնել «կամ տողի» բառերով.

10) որոշման N 1 հավելվածի 7.2-րդ կետի՝

ա. 2-4-րդ ենթակետերում և 7.3-րդ կետում «երկրի» բառը փոխարինել «պետության» բառով, «երկրների» բառը «պետությունների» բառով, «երկիր» բառը «պետություն» բառով,

բ. 2-րդ ենթակետը և 7.3-րդ կետը «կամ քաղաքի» բառերից հետո լրացնել «կամ պետության այլ տարածքի» բառերով,

գ. 3-րդ ենթակետի 1-ին «կամ քաղաքի» բառերից հետո լրացնել «կամ պետության այլ տարածքի» բառերով, իսկ 2-րդ և 3-րդ «կամ քաղաքի» բառերից հետո՝ «կամ պետության տվյալ տարածքի» բառերով.

11) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-8.6-րդ կետերով.

«8.1. Գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպված գործուղումը գործատուի անհատական իրավական ակտով չեղարկվելու դեպքում՝ աշխատողին վճարված գործուղման ծախսերը հետ են փոխանցվում գործատուին, իսկ հրավիրողի կողմից հատուցված լինելու դեպքում՝ հրավիրող կողմին։

8.2. Գործուղման մեկնած աշխատողին գործուղման անհատական իրավական ակտում նախատեսված ժամկետից շուտ հետ կանչելու դեպքում՝ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում։

8.3. Սույն կարգի 8-րդ և 8.2-րդ կետերով սահմանված դեպքերում աշխատողը հետ է կանչվում գործատուի անհատական իրավական ակտով, որում նշվում է աշխատողին գործուղումից հետ կանչելու հիմնավորումը։

8.4. Այն դեպքում, երբ գործուղման մեկնած աշխատողն աշխատանքի հիմնական վայր վերադառնում է գործուղման անհատական իրավական ակտում նշված ժամկետի վերջին օրվա ավարտից հետո հաջորդող օրվա սկզբին, ապա աշխատողը կարող է աշխատանքի վայր չներկայանալ, եթե աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրը տրանսպորտային միջոցն աշխատանքի հիմնական վայրի բնակավայր ժամանել է տվյալ օրվա` աշխատողի համար սահմանված աշխատանքային օրվա սկզբին նախորդող 10 և ավելի ժամ առաջ ընկած ժամանակահատվածում: Սույն կետով սահմանված դեպքում աշխատանքի չներկայանալու պարագայում՝ տվյալ օրվա համար աշխատողի աշխատավարձը պահպանվում է, իսկ օրապահիկ չի վճարվում:

8.5. Տարբեր գործատուների մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի գործուղման ծախսերը հատուցվում են այն գործատուի կողմից, որը գործուղել է աշխատողին: Տարբեր գործատուների մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի` միևնույն ժամանակահատվածում մեկից ավելի գործատուների կողմից նույն վայր գործուղելու կամ միևնույն գործատուի կողմից մեկից ավելի աշխատանքային պայմանագրերով սահմանված աշխատանք կատարելու կամ աշխատանքային գործառույթների հետ կապված այլ նպատակով միաժամանակ նույն գործուղման վայր գործուղելու դեպքերում` նույն օրվա համար գործուղման ծախսերի համար հատուցումը տրամադրվում է մեկ անգամ: Սույն կետով սահմանված՝ միևնույն ժամանակահատվածում մեկից ավելի գործատուների կողմից նույն վայր գործուղելու դեպքերում՝ գործուղման ծախսերի հատուցումը կարող է գործատուների միջև բաշխվել միմյանց միջև համաձայնեցված տարբերակով։

8.6. Եթե աշխատողի գործուղման ժամանակահատվածը ընդգրկում է հանգստյան, ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրեր, ապա այդ օրերի համար աշխատողը վարձատրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, եթե այդ օրերին կատարում է գործուղման նպատակից բխող աշխատանքներ։».

12) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի «գործուղման վկայականը» բառերը հանել, իսկ 10-րդ և 11-րդ կետերի՝ «համայնքի» բառը «համայնքային» բառով.

13) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա (բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված այն դեպքում, երբ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետևանքով պայմանավորված՝ գիշերակացն օդանավակայանից դուրս է կատարվում, և գիշերավարձը հաստատող փաստաթուղթ հնարավոր չէ ներկայացնել)` դրանցով սահմանված չափերով, որոնք չեն կարող գերազանցել ցանկով նախատեսված չափերը, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի: Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորմամբ գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին։»։

14) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

«11.1. Ցանկով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն չափեր։ Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է ցանկով նախատեսված չափի 30 տոկոսը (բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված այն դեպքում, երբ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետևանքով պայմանավորված՝ գիշերակացն օդանավակայանից դուրս է կատարվում, և գիշերավարձը հաստատող փաստաթուղթ հնարավոր չէ ներկայացնել), որը համարվում է նվազագույն չափ: Ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորմամբ գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:».

15) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին նախադասության «Գործուղման» բառը փոխարինել «Պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում գործուղման» բառերով, իսկ «ֆինանսավորման հայտը» բառերից հետո լրացնել «, հաշվարկը, գործուղման անհատական իրավական ակտի պատճենը» բառերով.

16) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ նախադասության «գիշերավարձի» բառը փոխարինել «գործուղման» բառով.

17) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին և 13.2-րդ կետերով.

«13.1. Գործուղման ծախսերի պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում՝ գործուղման վայրի բնակավայրում հյուրանոցային ծառայություններ (նախաճաշ, ճաշ, ընթրիք և գիշերակաց) ձեռք է բերում գործատուն՝ ծախսերի համար վճարելով ոչ ավելի, քան ցանկով նախատեսված չափերով, իսկ անհնարինության դեպքում՝ գործուղված անձը, որի պարագայում գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ (բացառությամբ, եթե սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում, չի կատարվել նախնական ֆինանսավորում, որի պարագայում գործուղման ծախսերը սույն կագին համապատասխան ենթակա են հատուցման գործուղման ավարտից հետո):

13.2. Ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում՝ գործուղման վայրի բնակավայրում հյուրանոցային ծառայություններ (նախաճաշ, ճաշ, ընթրիք և գիշերակաց) կարող է ձեռք բերել հրավիրող կողմը կամ գործատուն, եթե աշխատողը չի ներկայացրել գործատուի կողմից նման կարգով հյուրանոցային ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ գրավոր առարկություն։ Աշխատողի կողմից սույն կետով սահմանված գրավոր առարկությունը ներկայացնելու դեպքում՝ գործուղման ծախսերի հատուցումը սույն կարգին համապատասխան տրվում է գործուղվող աշխատողին՝ գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ։».

18) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը «մինչև հյուրանոց» բառերից հետո լրացնել «և հակառակ ուղղությամբ» բառերով.

19) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում գտնվելու ժամանակահատվածում`

1) աշխատողի` օդանավակայանում գիշերակացի համար գիշերավարձի հատուցում չի տրամադրվում, օրապահիկը վճարվում է գործուղման վայրի համար ցանկով սահմանված չափով, իսկ սույն կարգի 7-րդ կետով սահմանված այլ ծախսերը հատուցվում են ծախսը հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում.

2) հարկադրաբար կանգառի դեպքում (ինքնաթիռի չվերթի, ուղևորագնացքի չվացուցակի փոփոխություն կամ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետևանք) նույն վայրում կատարված՝ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ծախսերը հատուցվում են ծախսը հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում։ Սույն կետով սահմանված դեպքում գործուղման ավարտից հետո հարկադրաբար կանգառի ժամանակահատվածի օրերի օրապահիկը և գիշերավարձը ենթակա են վերահաշվարկի և հատուցման՝ հարկադրաբար կանգառի վայրի (պետության կամ առկայության դեպքում՝ քաղաքի կամ տվյալ պետության այլ տարածքի) համար ցանկով սահմանված չափերին համապատասխան: Այն դեպքում, երբ հարկադրաբար կանգառի ժամանակահատվածում աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի բնակավայրում (օտարերկրյա պետություն կամ քաղաք կամ այլ բնակավայր), ապա օրապահիկն այդ օրվա համար վճարվում է այն բնակավայրի (օտարերկրյա պետության կամ քաղաքի կամ այլ բնակավայրի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է: Հարկադրաբար կանգառի ժամանակահատվածում աշխատողի` օդանավակայանում գիշերակացի դեպքում գիշերավարձի հատուցում չի տրամադրվում, գիշերակացը օդանավակայանից դուրս է կատարվելու դեպքում՝ հատուցվում է ծախսը հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում, իսկ այն դեպքում, երբ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետևանքով պայմանավորված՝ գիշերակացը օդանավակայանից դուրս է կատարվում, սակայն գիշերավարձը հաստատող փաստաթուղթ հնարավոր չէ ներկայացնել, գիշերավարձը հատուցվում է 60 տոկոսի չափով:».

20) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործուղման ծախսերի հատուցման գումարների նախնական հաշվարկները կատարվում և ներկայացվում են ֆինանսավորման, ոչ ուշ՝ քան գործուղման մասին անհատական իրավական ակտում նշված գործուղման սկիզբը համարվող օրվան նախորդող աշխատանքային օրը, այդ հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված հաշվարկային փոխարժեքին համապատասխան:».

բ. 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետով սահմանված այն դեպքում, երբ ցանկում գործուղման վայրի (պետության կամ քաղաքի կամ պետության այլ տարածքի) համար սահմանված է միաժամանակ ԱՄՆ-ի դոլարի և եվրոյի չափեր՝ հաշվարկի համար հաշվի է առնվում այն արժույթի չափը, որով տվյալ գործուղման վայրում ֆինանսատնտեսական հարաբերություններում, շուկայական գործարքներում և հաշվարկային մեխանիզմներում հիմնականում կիրառվում է, իսկ եթե առանձին նախապատվություն այդ մասով առկա չէ, ապա այն չափը, որը հաշվարկի ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված հաշվարկային փոխարժեքին համապատասխան ավելի բարձր չափ է ունենում։».

գ. 2-րդ պարբերության «միջին» բառը փոխարինել «հաշվարկային» բառով.

21) որոշման N 1 հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Պետական և համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 5000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն չափն է, իսկ ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում այն համարվում է նվազագույն չափ:».

22) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-21.5-րդ կետերով.

«21.1. Գործուղման ծախսերի պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման վայրի բնակավայրում հյուրանոցային ծառայություններ (նախաճաշ, ճաշ, ընթրիք և գիշերակաց) ձեռք է բերում գործատուն՝ ծախսերի համար վճարելով ոչ ավելի, քան ցանկով նախատեսված չափերով, իսկ անհնարինության դեպքում՝ գործուղված անձը, որի պարագայում՝ գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ (օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով):

21.2. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում՝ ոչ պակաս, քան սույն կարգով սահմանված ծախսերի նվազագույն չափերով գործուղման վայրի բնակավայրում հյուրանոցային ծառայություններ (նախաճաշ, ճաշ, ընթրիք և գիշերակաց) կարող է ձեռք բերել կամ գիշերակացը կամ գիշերակացը և աշխատողի նախաճաշը, ճաշը, ընթրիքը կարող է ապահովել հրավիրող կողմը կամ գործատուն (եթե աշխատողը չի ներկայացրել գործատուի կողմից նման կարգով հյուրանոցային ծառայություններ ձեռք բերելու կամ գործատուի կողմից աշխատողի գիշերակացը կամ սնունդն ապահովելու վերաբերյալ գրավոր առարկություն)։

21.3. Գործուղվող աշխատողի՝ սույն կարգի 21.2-րդ կետով նշված դեպքում գրավոր առարկություն ներկայացնելու պարագայում՝ գործուղման ծախսերի հատուցումը  գործատուի կողմից տրվում է գործուղվող աշխատողին՝ գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ (օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով)։ 

21.4. Սույն կարգի 21.1-ին կետով սահմանված գործուղման ծախսերը գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ աշխատողին տրամադրելու դեպքում կամ սույն կարգի 21.3-րդ կետով սահմանված դեպքում՝ գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման ենթակա է համարվում նաև գիշերավարձի տարբերությունը:

21.5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման մեկնած աշխատողին ճանապարհածախսը վճարվում է սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման ենթակա է համարվում ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:».

23) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետի «միջպետական» բառերը փոխարինել «ներմարզային» բառով.

24) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողների (աշխատողների) պետական պահպանության գործառույթի իրականացմամբ պայմանավորված, գործուղումների գիշերավարձը (այդ թվում` օտարերկրյա պետություններ) հատուցվում է փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ընդունված որոշումների և անհատական իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործուղումների վրա:

  • Продолжительность

    24.03.2026 09.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 234

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: