«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1․2-րդ կետի համաձայն՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու և քրեական վարույթի շրջանակներում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննություն կատարելու իրավունք ունի ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա պետական մարմինների աշխատողների նկատմամբ։ Նույն օրենքի 14-րդ հոդվածի 2․2-րդ մասի համաձայն՝ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝ ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումն (այսուհետ՝ ստորաբաժանում) իրավունք ունի՝ անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
Միաժամանակ, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված են «նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում» և «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնք գործող կարգավորմամբ չեն ներառվում ստորաբաժանման լիազորությունների շրջանակում։
Պետք է հաշվի առնել, որ ստորաբաժանման գործունեության նպատակներից է՝ բացահայտել և խափանել ծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունները, այդ թվում՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Այս առումով, ստորաբաժանման գործառույթների արդյունավետ իրականացման համատեքստում, առանձնահատուկ նշանակություն ունեն, օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 435-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները, որոնք իրենց բնույթով կարող են ուղղակիորեն առնչվել ծառայողական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունների անցման կամ ծառայողական այլ ծանր իրավախախտումների հետ։
ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածով հստակ արձանագրված է, որ անձի հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակումը կարող է իրականացվել բացառապես օրենքով, հստակ սահմանված հիմքերով և դատական վերահսկողության պայմաններում՝ համաչափության սկզբունքի պահպանմամբ։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 34-րդ հոդվածը ևս նախատեսում է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխման և բացահայտման նպատակով կարող են կիրառվել օրենքով նախատեսված հատուկ միջոցառումներ՝ պահպանելով դատական թույլտվության և վերահսկողության պահանջները։
Ուստի, եթե ստորաբաժանումն ունի բավարար տվյալներ այն մասին, որ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ծառայողի գործողությունները կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ, ապա համապատասխան գործիքակազմի բացակայությունը խոչընդոտում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։ Ստացվում է իրավական անհամապատասխանություն՝ մի կողմից օրենքը նախատեսում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման հնարավորություն, մյուս կողմից՝ ստորաբաժանումը զրկված է այդ նպատակին հասնելու արդյունավետ օպերատիվ գործիքներից։
Հետևաբար, առաջարկվող փոփոխության նպատակը ոչ թե կիրառվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակի ընդլայնումն է, այլ՝ գործող կարգավորման ներքին համակարգայնության ապահովումը և իրավական բացի վերացումը։ Այն հնարավորություն կտա ստորաբաժանմանը, օրենքով սահմանված դատական վերահսկողության և համաչափության պահանջների պահպանմամբ, իրականացնել նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված միջոցառումները այն դեպքերում, երբ առկա են բավարար տվյալներ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման վերաբերյալ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծով առաջարկվում է լիազորել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանմանը՝ իրականացնելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա պետական մարմինների աշխատողների նկատմամբ։
3. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումը կիրականացնի «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա պետական մարմինների աշխատողների նկատմամբ։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 6-րդ ուղղության 3-րդ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետության բարձրացում, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացակարգի համապատասխանեցում միջազգային չափանիշներին՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում» գործողությունից:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև հաստիքների ավելացում չի նախատեսվում։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Продолжительность
06.03.2026 21.03.2026 -
Тип
Закон
-
Область
Юстиция, Уголовный процесс, Публичная служба, Общественное управление
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 228
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .