Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» ՀՀ օրենքի նախագծի և օրենքի նախագծից բխող այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որն, ի թիվս այլնի, հիմնված է ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Սահմանադրական այս նպատակների իրագործման համար հատկապես կարևոր է էներգետիկայի ոլորտի զարգացումը և արդիականացումը: Կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 48-Լ որոշմամբ հավանություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչև 2040 թվականը) (այսուհետ՝ ռազմավարություն) բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի առավելագույն օգտագործումը և էներգախնայողության ներուժի իրացումը։

Վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացված բարեփոխումների շրջանակում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Էներգետիկայի մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքներում և ռազմավարությունում։ Մասնավորապես,

-        «Էներգետիկայի մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների համաձայն վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձևավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք է տրվել էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով՝ առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաև արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում։ Բացի այդ, կատարելագործվել են ինքնավար էներգաարտադրողների փոխհոսքերի իրականացման մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ձևավորել խմբեր՝ դրանցում ներառելով բնակիչների և կազմակերպությունների։

-        2023 թվականին ռազմավարությունում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն վերանայվել են արևային և հողմային կայաններում էլեկտրաէներգիայի թիրախները՝ էներգետիկայի բնագավառում նախանշվող թիրախներն արդի զարգացումներին համապատասխանեցնելու նպատակով։

Ըստ ռազմավարության՝ բարեփոխումների շարունակականությունը պետք է ապահովվի «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» նոր օրենքի մշակումը և ընդունումը, որը հաշվի կառնի Եվրոպական պառլամենտի և խորհրդի հրահանգների և կանոնակարգերի (այսուհետ՝ ԵՄ օրենսդրություն) պահանջները, ինչը և սկիզբ կհանդիսանա բարեփոխումների հաջորդող փուլի համար։

Ի լրումն վերոնշյալի, «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ ՀԸԳՀ) 42-րդ հոդվածի 2(b ,d) կետի համաձայն՝ ՀԸԳՀ-ի կողմերը պարտավորվում են համագործակցել էներգետիկ անվտանգության ընդլայնման, այդ թվում՝ էներգիայի աղբյուրների և դրա փոխանցման ուղիների բազմազանեցման խթանման, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության և էներգախնայողության խթանման շուրջ, իսկ 44-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է էներգետիկայի բնագավառում իր օրենսդրությունը մոտարկել ՀԸԳՀ Հավելված II-ում նշված փաստաթղթերին։ Հավելված II-ում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասով հիշատակվում են հետևյալ իրավական ակտերը, որոնք ենթակա են մոտարկման հետևյալ ժամկետներում

Մոտարկման ենթակա

ԵՄ օրենսդրություն

Մոտարկման վերջնաժամկետ` ըստ ՀԸԳՀ[7]

Մոտարկման վերջնաժամկետ` ըստ Կառավարության հաստատած ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի[8]

(ա)

2001/77/ԵՀ և 2003/30/ԵՀ հրահանգները փոփոխող և այնուհետև ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի 2009/28/ԵՀ հրահանգ՝ վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին

2024թ հունիս

 

2024թ

առաջին եռամսյակ

(բ)

2009/125/ԵՀ և 2010/30/ԵՄ հրահանգները փոփոխող և 2004/8/ԵՀ և 2006/32/ԵՀ հրահանգներն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի 2012/27/ԵՄ հրահանգ՝ էներգաարդյունավետության մասին

2022թ հունիս

 

2022թ

առաջին եռամսյակ

 

Այսպիսով, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառները նոր օրենսդրական ակտի՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության  մասին» օրենքի միջոցով կարիք ունեն էական և համապարփակ բարեփոխման, քանի որ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» գործող օրենքները և դրանից բխող ենթաօրենսդրական կարգավորումները պարունակում են իրավական բացեր և անկատարություններ, որոնց շտկումը վճռորոշ է վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառների կայուն զարգացման համար, ինչպես նաև ԵՄ օրենսդրությանը մոտարկման ուղղությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար։

Ի թիվս այլնի, հիշատակման են արժանի հետևյալ հիմնական խնդիրները.

1)       Օրենքում հստակ ու բավարար չափով ամրագրված չեն վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառներում Կառավարության ու Կառավարության լիազորած մարմնի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավասությունները։

2)      Էլեկտրաէներգետիկային, էներգախնայողությանը, վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանն առնչվող գործող ծրագրերը կարգավորվում են տարբեր փաստաթղթերում։ Հարկ է նշել, որ նշված փաստաթղթերով նախատեսում են տարբեր ուղղությունների կարգավորումներ, իսկ դրանց իրականացումն ապահովող ծրագրերում ներառվում են տարբեր թիրախներ։ Նշվածի օրինակ է հանդիսանում էներգետիկ անկախության կամ ապաածխայնացման առանձին թիրախավորումը և դրա արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների միմյանցից տարբեր կառուցվածքների նախատեսումը։

Մինչդեռ վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2018/2001/ԵՄ հրահանգը նախատեսում է էներգետիկայի և կլիմայի երկարաժամկետ ծրագրի մշակում, որը թիրախավորում է հինգ հիմնական ուղղություններ՝ ապաածխայնացումը, էներգաարդյունավետությունը, էներգետիկ անվտանգությունը, ներքին էներգիայի շուկան և հետազոտությունները, ինովացիաները և մրցակցությունը։ Նշված ծրագիրն ուղղված է այնպիսի համալիր կարգավորումների ստեղծմանը, որը հնարավորություն է տալիս խթանել մասնավոր և հանրային ներդրումները, ինչպես նաև ապահովել էներգետիկայի և կլիմայի բնագավառի պետական քաղաքականության իրականացումը։

3)      Ռազմավարությամբ սահմանված են վերականգնվող էներգետիկայի բնագավառին առնչվող թիրախներ, սակայն կարգավորված չէ այդ թիրախների ապահովումը գնահատելուն ուղղված հաշվարկման մեթոդաբանությունը։ Նշվածը չի համապատասխանում վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգներին, որոնք ներկայացնում են վերականգնվող աղբյուրներից վերջնական էներգիայի համախառն սպառման մասնաբաժնի հաշվարկման մեթոդաբանություն սահմանելու պահանջ։

4)      Գործող օրենսդրությամբ նախատեսված չեն վառելիքի կայունության և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման պահանջների վերաբերյալ կարգավորումներ։ Միևնույն ժամանակ, վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգների շրջանակում սահմանված են կենսավառելիքների, կենսահեղուկների ու կենսազանգվածային վառելիքների արտադրության և օգտագործումը խթանելուն ուղղված պահանջներ, ինչը միտված է մեծացնելու վառելիքների նկատմամբ աճող պահանջարկը։ ԵՄ նշված հրահանգները սահմանում են նաև վառելիքի կայունության և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ներդրման պահանջներ՝ նպատակ ունենալով նվազեցնել կանաչապատ տարածքների, կենսաբազմազանության նվազեցման և ջերմոցային գազերի արտանետումների աճը։

5)      «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքով նախատեսված չէ այնպիսի կառույցի առկայություն, որի գործունեությունը նպատակ կունենա խթանել էներգաարդյունավետության ծրագրերի իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և կապահովի այդ ծրագրերի թափանցիկ իրականացումը։ Մինչդեռ էներգաարդյունավետության մասին 2012/27/ԵՄ հրահանգով նախատեսված է էներգաարդյունավետության բնագավառում ազգային նախաձեռնություններին աջակցելու նպատակով հիմնադրամի ստեղծման պահանջ, ըստ որի ֆինանսավորման միջոցների ներգրավումը և նշված ոլորտում պարտավորությունների կատարումը նպատակահարմար է իրականացնել մասնագիտացված հիմնադրամի միջոցով։ Ի թիվս այլնի, նշված հրահանգը նաև նախատեսում է, որ էներգաարդյունավետության բարելավման պարտավորություններ ունեցող անձինք կարող են կատարել այդ պարտավորությունները՝ համարժեք գումարի տարեկան վճարմամբ հիմնադրամին։

6)     «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքով սահմանված չեն ջեռուցման, հովացման և տրանսպորտի բնագավառներում վերականգնվող աղբյուրներից էներգիայի ներդրմանն առնչվող կարգավորումներ։ Վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգները սահմանում են այդ բնագավառներում վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելուն ուղղված միջոցառումներ ներդնելու վերաբերյալ կարգավորումներ։

7)      «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Մինչդեռ էներգաարդյունավետության մասին 2012/27/ԵՄ հրահանգը նախատեսում է էներգաարդյունավետության պահանջների սահմանում ավելի լայն շրջանակի համար, այն է՝ պետության կողմից ձեռքբերվող ապրանքները, աշխատանքները,  ծառայությունները և շենքերն ու շինությունները։

8)     «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքը չի նախատեսում շենքերի և շինությունների էներգետիկ արդիականացման  երկարաժամկետ ռազմավարություն մշակելու, պետական սեփականություն հանդիսացող և պետական մարմինների կողմից շահագործվող շենքերի և շինությունների արդիականացման և էներգիայի սպառման ցուցանիշների առավելագույն մեծություններին համապատասխանեցնելու վերաբերյալ կարգավորումներ, ինչն էներգաարդյունավետության մասին 2012/27/ԵՄ հրահանգի պահանջ է։

9)     Օրենքով նախատեսված չէ էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված պարտավորությունների ներդրում, ինչն էներգաարդյունավետության մասին 2012/27/ԵՄ հրահանգի պահանջ է։

10)   Գործող օրենսդրությամբ սահմանված չեն էներգետիկ ծառայությունների մատուցման վերաբերյալ կարգավորումներ, մասնավորապես սահմանված չէ, թե ինչ է էներգետիկ ծառայությունը, էներգետիկ ծառայության մատուցման պայմանագիրը, ինչպես նաև բացակայում են այդ գործունեությունը խթանելուն ուղղված միջոցառումներ։ Չնայած, որ անձինք ազատ են կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր, այնուամենայնիվ ԵՄ փորձը ցույց է տալիս, որ էներգետիկ ծառայությունների մատուցումը խթանելու լավագույն տարբերակն օրենսդրական մակարդակում դրանց վերաբերյալ կարգավորումների ամրագրումն է։

11)    «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքով սահմանված են էներգետիկ փորձաքննության վերաբերյալ կարգավորումներ, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում էներգաարդյունավետության մասին 2012/27/ԵՄ և 2023/1791/ԵՄ հրահանգներով սահմանված պահանջներին։ Մասնավորապես, էներգետիկ աուդիտի հասկացությունը և շրջանակը, էներգետիկ աուդիտի իրականացմանը ներկայացվող պահանջները։

12)    Ներկայումս չկա միասնական առցանց հարթակ, որը տեղեկություններ կպարունակի Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության գործողությունների ծրագրերի, ընթացիկ ուղենիշերի և առաջընթացի հաշվետվությունների մասին: Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության վերաբերյալ տեղեկությունը հասանելի է տարբեր հարթակներում, տարբեր ժամանակահատվածների համար և տարբեր ձևաչափերով, ինչը խոչընդոտում է ներդրողների և սպառողների համար ոլորտում ծրագրերի և հետազոտությունների իրականացմանը։ Տեղեկատվության փոխանակումն ուշադրության արժանի ևս մեկ կարևոր հայեցակետ է ԵՄ-ում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման գործընթացում: Վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ հրահանգի 24-րդ,  2018/2001/ԵՄ հրահանգի 8-րդ հոդվածները, ինչպես նաև Էներգաարդյունավետության մասին 2012/27/ԵՄ հրահանգի 17-րդ հոդվածը սահմանում են թափանցիկության հարթակի ստեղծման անհրաժեշտություն, որը ծառայում է թափանցիկության բարձրացմանը, ԵՄ անդամ երկրների միջև համագործակցության դյուրացմանը և խթանմանը և օգտագործվում է ոլորտային տեղեկատվությունը ներդրողների և հանրությանը հասանելի դարձնելու համար:

13)   «Էներգետիկայի մասին» օրենքը նախատեսում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրողներին էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի տրամադրում։ Հաստատուն սակագինը սահմանվում է մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանների համար 15 տարի գործողության ժամկետով՝ փոքր ՀԷԿ-երի համար և 20 տարի ժամկետով՝ այլ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրողների համար։ Սակագինը ճշգրտվում է՝ ելնելով գնաճից և ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքից։ Հաստատուն սակագների և գնման երաշխիքի տրամադրումն արդյունավետ խթան է հանդիսանում վերականգնվող էներգետիկայի զարգացման նախնական փուլում։ Հայաստանում գործող աջակցության մեխանիզմն ունի անհամապատասխանություններ ԵՄ-ում գործող կարգավորումների հետ: Մասնավորապես վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2018/2001/ԵՄ հրահանգի համաձայն վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրողներին աջակցությունը պետք է տրամադրվի հավելավճարի (market premium) տեսքով: Սա նշանակում է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրողները պետք է վաճառեն իրենց արտադրանքը մեծածախ շուկայում և շուկայական գնով՝ հաշվի առնելով հայտերի մրցակցային ընթացակարգով որոշվող հավելավճարը: Հայաստանում հավելավճարի սխեմա չի գործում, իսկ հաստատուն սակագնի համար սահմանված հզորության սահմանաչափերն ավելի բարձր են, քան ԵՄ կանոնակարգերով սահմանված չափերը։ Մասնավորապես, առանց մրցութային ընթացակարգի աջակցություն տրամադրվում է, մինչև 1 ՄՎտ հզորությամբ կայանում էլեկտրաէներգիայի արտադրության կամ ցուցադրական նախագծերի համար՝ բացառությամբ մինչև 6 ՄՎտ հզորությամբ հողմային կայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը։

14)    Ինքնավար էներգաարտադրողների համար գործող կարգավորումներն ունեն 2018/2001/ԵՄ հրահանգին և շրջակա միջավայրի ու էներգետիկայի բնագավառներում պետական աջակցություն տրամադրելու 2014/C 200/01 ԵՄ ուղեցույցի հետ անհամապատասխանություններ։ Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ինքնավար էներգաարտադրողն իրավունք ունի փոխհոսքեր իրականացնել միայն երաշխավորված մատակարարի հետ, ինչը խոչընդոտում է վերջինիս որպես սպառող մրցակցային մատակարար ընտրելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, փոխհոսքերի հաշվարկման համար գործում է միայն զուտ հաշվառման մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի (ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների) սպառած էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվանցել՝  անկախ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման ժամերից: Միևնույն ժամանակ, ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների դրական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան գումարվում է հաջորդող ամսում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբում ներառված ինքնավար էներգաարտադրողների մատակարարած էլեկտրական էներգիայի քանակին՝ հաշվետու տարվա ընթացքում։ Մասնավորապես գործող մեխանիզմը ստեղծում է մի իրավիճակ, երբ ինքնավար էներգաարտադրողն առանց լրացուցիչ վճարի «պահեստավորում» է իր արտադրած և չսպառված էլեկտրաէներգիան էլեկտրական ցանցում և չի արձագանքում էլեկտրաէներգետիկական շուկայում գների փոփոխությանը, որի արդյունքում ինքնավար էներգաարտադրող չհանդիսացող սպառողները կրում են ինքնավար էներգաարտադրողի գործունեության ընթացքում էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացող ծախսերը։ Նշված մոտեցումը չի համապատասխանում ԵՄ փորձին և արտացոլում էներգետիկայի բնագավառում աջակցություն տրամադրելու ԵՄ ուղեցույցի հիմնական սկզբունքները։ Ըստ այդ սկզբունքների՝ տրամադրվող աջակցությունը պետք է խթանի վերականգնվող էներգիայի ինտեգրումը շուկայում՝ շուկայահեն և շուկայի պահանջներին արձագանքող ձևով։ Վերականգնվող աղբյուրներից էներգիայի համար նախատեսված աջակցության սխեմաները պետք է մշակվեն այնպես, որ առավելագույնի հասցնեն վերականգնվող էլեկտրաէներգիայի ինտեգրումը շուկայում և ապահովեն, որ արտադրողներն արձագանքեն շուկայական գների ազդակներին։ Որոշ ԵՄ անդամ երկրները, նշված պահանջներն ապահովելու համար անցում են կատարել զուտ բիլինգի հաշվառման մեխանիզմին։

15)   Օրենքով նախատեսված չեն ծագման երաշխիքների վերաբերյալ կարգավորումներ, ինչը վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգների պահանջ է։

16)   Գործող օրենսդրությամբ նախատեսված չեն «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» նոր օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումների իրագործելիություն ապահովվող պատասխանատվության միջոցներ։

2.    Առաջարկվող կարգավորումների բնույթը և նպատակները

«Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենքի և դրանից բխող այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, (այսուհետ՝ նախագծային փաթեթ) համապատասխանեցված են ՀԸԳՀ Հավելված II-ում նշված՝ Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառները կարգավորող հետևյալ հրահանգների պահանջներին

·         2001/77/ԵՀ և 2003/30/ԵՀ հրահանգները փոփոխող և այնուհետև ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի 2009/28/ԵՀ հրահանգ՝ վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին,

·         2009/125/ԵՀ և 2010/30/ԵՄ հրահանգները փոփոխող և 2004/8/ԵՀ և 2006/32/ԵՀ հրահանգներն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի 2012/27 ԵՄ հրահանգ՝ էներգաարդյունավետության մասին։

Մասնավորապես, նախագծային փաթեթով առաջարկվում են հետևյալ հիմնական բարեփոխումները

1)     «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենքի նախագծում (այսուհետ՝ հիմնական նախագիծ) հստակ ու բավարար չափով ամրագրված են վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառներում Կառավարության, Կառավարության լիազորած մարմնի իրավասությունները։

2)    Հիմնական նախագծով նախատեսվել է էներգետիկայի և կլիմայի երկարաժամկետ ծրագիր, որով սահմանվում են ապաածխայնացման, էներգաարդյունավետության, էներգետիկ անվտանգության, էլեկտրաէներգետիկական շուկայի, հետազոտությունների և նորարարության ոլորտների թիրախները և դրանց ապահովմանն ուղղված միջոցառումները։ Ծրագիրը հնարավորություն կտա մեկ փաստաթղթում համախմբել պետության տարբեր բնագավառներում նախանշված թիրախներն ու միջոցառումները՝ ապահովելով թափանցիկ և միասնական քաղաքականություն, կանխելով տարբեր ոլորտներում մշակվող ծրագրերում հնարավոր կնկնողությունները և անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել մշտադիտարկման և հաշվետվողականության առավել արդյունավետ հնարավորություններ։

3)    Վերականգնվող էներգետիկայի բնագավառում սահմանված թիրախների ապահովումը գնահատելու նպատակով հիմնական նախագծով ներկայացվել է վերականգնվող աղբյուրներից վերջնական էներգիայի համախառն սպառման մասնաբաժնի հաշվարկման մեխանիզմ։ Վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգներին համահունչ ստանդարտացված մեթոդաբանությունը հնարավորություն է ստեղծում արդյունավետ գնահատել սահմանված թիրախների ապահովման գործընթացը և ըստ անհրաժեշտության համապատասխանեցնել աջակցության մեխանիզմները։ Միևնույն ժամանակ, ստացված արդյունքներն ապահովում են համեմատելիություն տարբեր ժամանակահատվածների համար և երկրների միջև՝ ապահովելով թափանցիկ միջավայր ներդրողների համար։

4)    Հիմնական նախագծով ներկայացվել են վառելիքի կայունության և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման վերաբերյալ կարգավորումներ, որոնք հնարավորություն են ստեղծում ապահովել վերականգնվող էներգետիկայի ընդլայնման արդյունքում շրջակա միջավայրի պահպանությունը։ Կայունության և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման պահանջները թույլ են տալիս կանխել վերականգնվող էներգետիկայի ընդլայնման արդյունքում կենսաբազմազանության համար կարևոր տարածքների ոչնչացումը, անտառահատումները և սննդամթերքի արտադրության վրա հնարավոր բացասական ազդեցությունները։ Դրանք միաժամանակ երաշխավորում են, որ միայն այն կենսավառելիքներն, կենսահեղուկներն ու կենսազանգվածային վառելիքները, որոնք ապահովում են սահմանված ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում և չեն առաջացնում սոցիալական կամ բնապահպանական վնասներ, հաշվի առնվեն էներգետիկայի և կլիմայի երկարաժամկետ ծրագրով սահմանված ապաածխայնացման թիրախների ապահովումը գնահատելիս։ Առաջարկվող կարգավորումները համապատասխանում են վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգների պահանջներին։ Այս բարեփոխումն օրենսդրական մակարդակով ամբողջական և արդյունավետ ներդնելու համար համապատասխան լրացումներ են կատարվել «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում։

5)    Հիմնական նախագծով նախատեսվել է վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության հիմնադրամի հիմնում կամ արդեն իսկ հիմնադրված հիմնադրամի լիազորությունների լրամշակում՝ հիմնական նախագծով ներկայացված կարգավորումներին համապատասխան։ Հիմնական նախագծով, ի թիվս այլնի, ներկայացվել են հիմնադրամի գործառույթները, միջոցները և ծախսերը, ինչպես նաև հաշվետվողականության վերաբերյալ կարգավորումներ։ Հիմնադրամը կհանդիսանա հանրային և մասնավոր կապիտալի ներգրավման, դոնորների ներդրումների ուղղորդման և սահմանված նպատակներին համահունչ ռազմավարական նախագծերի համաֆինանսավորման համար կենտրոնացված կառույց։ Նշվածը հնարավորություն կտա ապահովելու կայուն, թափանցիկ և կանխատեսելի միջավայր վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառներում արդյունավետ ծրագրերի ներդրման համար։ Այս բարեփոխումն օրենսդրական մակարդակով ամբողջական և արդյունավետ ներդնելու համար համապատասխան լրացումներ են կատարվել «Հիմնադրամների մասին» օրենքում։

6)   Ջեռուցման և հովացման բնագավառներում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու նպատակով հիմնական նախագծով սահմանվել են կարգավորումներ, համաձայն որոնց նախատեսվում է ջեռուցման և հովացման բնագավառներում  վերականգնվող աղբյուրներից էներգիայի ներդրման ներուժի համալիր գնահատում և գնահատմանը ներկայացվող նվազագույն պահանջներ, վերապատրաստման ծրագրերի կազմակերպում վերականգնվող էներգիայի աղբյուրներ օգտագործող փոքր կենսազանգվածային կաթսաներ և վառարաններ, արևային ֆոտովոլտային և արևային ջերմային համակարգեր, մակերեսային երկրաջերմային համակարգեր և ջերմային պոմպեր տեղադրողների համար, ինչպես նաև որոշ էներգիա էներգաարտադրողների համար ծախսարդյունավետության վերլուծություն իրականացնելու պահանջ։ Առաջարկվող կարգավորումները համապատասխանում են Էներգաարդյունավետության մասին 2012/27/ԵՄ հրահանգի և վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2018/2001/ԵՄ հրահանգի պահանջներին։

7)    Տրանսպորտի բնագավառում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու նպատակով հիմնական նախագծով սահմանվել են կարգավորումներ, համաձայն որոնց նախատեսվում է տրանսպորտի բնագավառում վերականգնվող էներգիայի ներդրման հնարավորության գնահատում, վառելիքի մատակարարների համար վերջիններիս կողմից մատակարարվող վառելիքի ընդհանուր ծավալում վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրվող վառելիքի մասնաբաժին և այն ապահովելու պարտավորություն սահմանելու հնարավորություն, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում աջակցության տրամադրում։ Հիմնական նախագծով, ի թիվս այնի, նախատեսվել է աջակցություն տրամադրելու հնարավորություն ցածր ածխածնային վառելիքի արտադրության զարգացմանը, սպառվող ոչ կենսաբանական ծագման վերականգնվող վառելիքի, ներառյալ մաքուր տրանսպորտային միջոցների մասնաբաժնի մեծացմանն և մաքուր տրանսպորտային միջոցների համար էլեկտրական և վառելիքով լիցքավորման ենթակառուցվածքների ներդրմանը, ինչպես նաև պետության կարիքների համար ավտոտրանսպորտային միջոցի գնում իրականացնելիս՝ ավտոտրանսպորտային միջոցի կողմից օգտագործվող վառելիքում վերականգնվող աղբյուրներից վառելիքի մասնաբաժնի մեծացմանը։ Առաջարկվող կարգավորումները համապատասխանում են վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգներին։

8)   Հիմնական նախագծով ներկայացված են պետության կարիքների ապահովման ձեռք բերվող ապրանքների, ներառյալ շենքերն ու շինությունների և ծառայությունների էներգաարդյունավետության նվազագույն պահանջներին համապատասխանելու պահանջ։ Էներգաարդյունավետության նվազագույն պահանջները սահմանվում են Կառավարության կողմից, հաշվի առնելով գնումների գործընթացի ծախսարդյունավետությունը, տեխնիկատնտեսական հիմնավորվածությունը և գնման գնի սահմանաչափը։ Առաջարկվող կարգավորումները համապատասխանում են էներգաարդյունավետության մասին 2012/27/ԵՄ հրահանգին։

9)   Հիմնական նախագծով սահմանվել է շենքերի և շինությունների էներգետիկ արդիականացման երկարաժամկետ ռազմավարություն մշակելու պահանջ։ Այն միտված է խթանելու շենքերի ֆոնդի էներգաարդյունավետության բարելավումը և ապաածխայնացումը։ Ռազմավարությունը պետք է հիմնված լինի տվյալների վրա՝ ներառելով շենքերի ազգային ֆոնդի վիճակագրությունը և արդիականացման ծախսարդյունավետ լուծումների ընտրությունը։ Սա թույլ կտա ապահովել շենքերում թիրախավորված և շարունակական էներգաարդյունավետության միջոցառումների ներդրումը՝ էներգաարդյունավետության մասին 2012/27ԵՄ հրահանգի պահանջներին համահունչ։ Այս բարեփոխումն օրենսդրական մակարդակով ամբողջական և արդյունավետ ներդնելու համար համապատասխան փոփոխություն և լրացումներ են կատարվել «Քաղաքաշինության մասին» օրենքում։

10) Կարևորելով պետության օրինակելի դերն էներգաարդյունավետության բնագավառում, հիմնական նախագծով նախատեսվել են առանձին կարգավորումներ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող և պետական մարմինների կողմից շահագործվող շենքերի և շինությունների համար։ Նշված կարգավորումների համաձայն, այդ շենքերի ջեռուցվող կամ հովացվող տարածքների տարեկան առնվազն 3 տոկոս մասնաբաժինը յուրաքանչյուր տարի արդիականացվում է՝ Կառավարության սահմանած կարգով, վերջինիս կողմից սահմանված շենքերի և շինությունների էներգիայի սպառման ցուցանիշների առավելագույն մեծություններին համապատասխանեցնելու համար՝ առաջնահերթություն տալով էներգիայի ցածր սպառման ցուցանիշի առավել բարձր մեծություն ունեցող շենքերի արդիականացմանը։

11)  Էներգետիկայի և կլիմայի երկարաժամկետ ծրագրի կատարման նպատակով հիմնական նախագծով նախատեսվել է Էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված պարտավորությունների ներդրում՝ էներգաարդյունավետության մասին 2012/27 ԵՄ հրահանգին համահունչ։ Նշված պարտավորությունը միտված է նվազեցնելու կենցաղային և ոչ կենցաղային սպառողների էներգիայի սպառումը և մեծացնելու էներգաարդյունավետությունը։

12)  Էներգետիկ ծառայությունների մատուցման շուկան խթանելու նպատակով հիմնական նախագծում, ի թիվս այլնի, ներկայացվել է էներգետիկ ծառայությունների հասկացությունը, դրա մատուցման հիմնական ձևերը և այդ ծառայություններ մատուցողների վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն ապահովելու պահանջը։ Սպառողների համար էներգետիկ ծառայությունների ձեռքբերման ընթացքում հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով հիմնական նախագծով սահմանվել են էներգետիկ ծառայությունների մատուցման պայմանագրին ներկայացվող նվազագույն պահանջներ։ Առաջարկվող կարգավորումները համապատասխանում են էներգաարդյունավետության մասին 2012/27/ԵՄ հրահանգի պահանջներին և Եվրոպական միության անդամ պետությունների փորձին։

13) Հիմնական նախագծով հստակեցվել են Էներգետիկ աուդիտին վերաբերող կարգավորումները, սահմանվել են էներգետիկ աուդիտի իրականացման նվազագույն պահանջներ, ինչպես նաև էներգետիկ աուդիտի պարտադիր պահանջ խոշոր սպառողների և պետության կամ համայնքային միջոցների ներգրավմամբ էներգաարդյունավետության ծրագրերի համար։ Խոշոր սպառողների համար պարտադիր աուդիտի պահանջը բխում է Էներգաարդյունավետության մասին 2023/1791/ԵՄ հրահանգից՝ հաշվի առնելով վերջիններիս մոտ էներգախնայողության բարձր հնարավորությունը: Պետական կամ համայնքային միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով հիմնական նախագծով սահմանվել է  էներգետիկ աուդիտի անցկացում պետության կամ համայնքային միջոցների ներգրավմամբ էներգաարդյունավետության ծրագրերի համար՝ նախքան յուրաքանչյուր ծրագրի իրականացում։ Միևնույն ժամանակ պարտադիր էներգետիկ աուդիտի պահանջը չի տարածվում այն խոշոր սպառողների համար, որոնք ունեն ներդրած ԻՍՕ (ISO) 50001: 2018 «Էներգետիկայի կառավարման համակարգեր» կամ ԻՍՕ (ISO) 14001: 2015 «Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր» ստանդարտներ։

14)  Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառներում տեղեկությունների հասանելիությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով հիմնական նախագծով նախատեսվել է վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության տեղեկատվական համակարգի ներդրում՝ ստեղծելով նոր հարթակ կամ ներառելով արդեն իսկ գոյություն ունեցող հարթակներում։ Նշված համակարգը հնարավորություն կտա մեկտեղել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառներում իրականացվող ծրագրերի, դրանց ընթացքի և արդյունքների մասին, խթանել էներգետիկ ծառայությունների մատուցումը, ինչպես նաև ներդրողների և սպառողների համար ապահովել թափանցիկ և հավաստի տեղեկատվություն գործող իրավակարգավորումների, ոլորտային ծրագրերի իրականացման ուղեցույցերի և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ։ Առաջարկվող կարգավորումները համապատասխանում են Վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգների, ինչպես նաև էներգաարդյունավետության մասին 2012/27 ԵՄ հրահանգի պահանջներին։

15) Հիմնական նախագծով ներկայացվել են աջակցության սխեմաներ, որոնք համահունչ են վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգներին և արտացոլում են էներգետիկայի բնագավառում աջակցություն տրամադրելու ԵՄ ուղեցույցի հիմնական սկզբունքները։ Ըստ այդ սկզբունքների՝ տրամադրվող աջակցությունը պետք է խթանի վերականգնվող էներգիայի ինտեգրումը շուկայում՝ շուկայահեն և շուկայի պահանջներին արձագանքող ձևով, միաժամանակ խուսափելով էլեկտրաէներգիայի շուկայի անհարկի խեղաթյուրումներից։ Վերականգնվող աղբյուրներից էներգիայի համար նախատեսված աջակցության սխեմաները պետք է մշակվեն այնպես, որ առավելագույնի հասցնեն վերականգնվող էլեկտրաէներգիայի ինտեգրումը շուկայում և ապահովեն, որ արտադրողներն արձագանքեն շուկայական գների ազդակներին։ Այդ նպատակով՝ ուղղակի գնային աջակցման սխեմաների դեպքում աջակցությունը պետք է տրամադրվի հավելավճարի (market premium) ձևով։ Նշվածն ապահովելու նպատակով, նախագծով առաջարկվել է աճուրդի միջոցով լրավճարի տրամադրման հնարավորություն։

Աճուրդի ներդրմանն ուղղված՝ հիմնական նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակն է խթանել վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումները՝ մեղմելով շուկայական գների տատանումները, մեծացնելով աջակցության տրամադրման թափանցիկությունը, ինչպես նաև աճուրդում հաղթող մասնակցի համար ապահովել ֆինանսական կայունություն: Հաշվի առնելով, որ հիմնական նախագծով աճուրդի համար սահմանվում են առանձնահատկություններ, լրացում է կատարվել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում։

16)  Հիմնական նախագծում լրամշակվել են ինքնավար սպառողներին վերաբերող կարգավորումները, մասնավորապես առևտրի իրականացումը և փոխհատուցման մեխանիզմները։ Հիմնական նախագծով վերջիններս հնարավորություն ունեն ազատորեն ընտրել իրենց մատակարարին և վաճառելու իրենց արտադրած և պահեստավորած էլեկտրաէներգիան բոլոր մատակարարներին (ներառյալ երաշխավորված մատակարարման գործառույթ իրականացնողին)։ Միևնույն ժամանակ նվազեցվել է ինքնավար սպառողի կայանի դրվածքային հզորության սահմանաչափը, ինչպես նաև այն սպառողների համար, ովքեր չեն հանդիսանում ինքնավար սպառողի կարգավիճակ ստացած պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություն, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացող, ինչպես նաև մինչև 15 կՎտ-ը ներառյալ հզորությամբ էլեկտրական ցանցին միացած ինքնավար սպառողի կարգավիճակ ստացած սպառողներ, զուտ հաշվառման մոդելից անցում է կատարվել զուտ բիլինգի մոդելի։ Այս մոտեցումը հնարավորություն է ստեղծում որոշակիորեն համապատասխանեցնել ինքնավար սպառողի գործունեությունը շուկայական ազդակներին, մեծացնելու էլեկտրական ցանցերի հուսալիությունը, ապահովելու արդար սակագնային քաղաքականություն և համապատասխանում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին։ Առաջարկվող կարգավորումները հիմնականում համապատասխանում են Վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2018/2001/ԵՄ հրահանգի պահանջներին։ Այս բարեփոխումն օրենսդրական մակարդակով ամբողջական և արդյունավետ ներդնելու համար համապատասխան փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, համաձայն որի օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները, եզրույթները և հզորության սահմանաչափը ամբողջությամբ համապատասխանեցվել են հիմնական նախագծին։

17)  Հիմնական նախագծով ներկայացված են ծագման երաշխիքների վերաբերյալ կարգավորումներ։ Ծագման երաշխիքն էլեկտրոնային փաստաթուղթ է, որը հավաստում է, որ փաստաթղթում նշված էներգիայի համապատասխան մասնաբաժինն արտադրվել է նախագծով սահմանված աղբյուրներից։ Ծագման երաշխիքի ներդրման հիմնական նպատակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում տեխնոլոգիա ընտրելու,  այդ ընտրության մասին շուկայում ազդարարելու և վերջում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ նոր արտադրական հզորությունների զարգացումը խրախուսելու համար հնարավորություններ ստեղծելու միջոցով։ Երաշխիքը լրացուցիչ արժեք է արտադրողի համար, քանի որ երաշխիքի գինը տրվում է որպես ֆինանսական աջակցություն: Մյուս կողմից, այն արժեք է ներկայացնում նաև գնորդների համար (օրինակ՝ մատակարարի կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձի), որոնք կարող են ներկայացնել իրենց բարձր գիտակցությունը և սոցիալական պատասխանատվությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ՝ ձեռք բերելով ծագման երաշխիքներ և ներկայացնելով այն իրենց սպառողներին կամ գնորդներին։  Ծագման երաշխիքների կարգավորումները համապատասխանեցված են վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և 2018/2001/ԵՄ հրահանգներին։

18) Պատասխանատվության միջոցների մասով առաջարկվում է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»։ Այդ կապակցությամբ առաջարկվում է նշված օրենսգրքում նախատեսել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին օրենքի պահանջները խախտելու համար հետևանքեր, ինչպես նաև այդ խախտումները քննող և դրանց համար վարչական տույժ նշանակող մարմիններ։

Նշված բարեփոխումները մշակելիս, բացի ՀԸԳՀ Հավելված II-ում նշված՝ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառները կարգավորող հրահանգներից ու կանոնակարգից, դիտարկվել և ըստ նպատակահարմարության հաշվի է առնվել նաև այդ հրահանգների և կանոնակարգի 2019 թվականին վերանայված տարբերակները (օրինակ՝ ինքնավար սպառողի ու ինքնավար խմբերի մասին, կենսավառելիքի, կենսահեղուկի և կենսազանգվածային վառելիքի կայունության և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման պահանջների, էներգետիկ աուդիտի մասին կարգավորումների մասով), ինչպես նաև Եվրոպական միության անդամ պետությունների և Էներգետիկ համայնքի անդամ երկրների փորձը։

ԵՄ հրահանգները մշակվում են հիմք ընդունելով ԵՄ մակարդակում սահմանված նպատակները։ Մասնավորապես, վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2009/28/ԵՀ և  էներգաարդյունավետության մասին 2012/27 ԵՄ հրահանգները միտված են ապահովելու ԵՄ 2020 թվականի թիրախները, ինչպիսիք են, ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել (1990 թվականի մակարդակի նկատմամբ) 20 տոկոսով, վերականգնվող էներգիայի մասնաբաժինը ԵՄ մակարդակում հասցնել 20 տոկոսի և բարելավել էներգաարդյունավետության մակարդակը 20 տոկոսով: Այնուհետև վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու մասին 2018/2001/ԵՄ և  էներգաարդյունավետության մասին 2023/1791/ԵՄ հրահանգները միտված են ապահովելու ԵՄ 2030 թվականի թիրախները, մասնավորապես ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել (1990 թվականի մակարդակի նկատմամբ) 55 տոկոսով, վերականգնվող էներգիայի մասնաբաժինը ԵՄ մակարդակում հասցնել 42.5 տոկոսի և նվազեցնել վերջնական էներգիայի սպառումը առնվազն 11.7 տոկոսով։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության համար ԵՄ թիրախներին համապատասխան թիրախներ սահմանված չեն, նախագծով նախատեսվում է, որ թիրախները և երկարաժամկետ ծրագրերի վերջնաժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը:

3.    Նախագծային փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծային փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/GIZ) աջակցությամբ։

4.    Ակնկալվող արդյունքը

Նախագծային փաթեթով առաջարկվող բարեփոխումների ներդրման արդյունքում կստեղծվեն օրենսդրական ամուր հիմքեր ապահովելու համար վեր վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ներուժի առավել իրացումը, ներքին էներգիայի աղբյուրների օգտագործման խթանումը, էներգախնայողության ծավալների մեծացումը, էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և արդիական տեխնոլոգիաների ներդրում:

Նախագծային փաթեթի ընդունմամբ միաժամանակ կապահովվի նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառներում ՀՀ օրենսդրության մոտարկումը ՀԸԳՀ Հավելված II-ում նշված ԵՄ հրահանգների ու կանոնակարգի պահանջներին։

5.    Կապն այլ փաստաթղթերի հետ

Նախագծային փաթեթի ընդունումը բխում է՝

1)     Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 42-րդ հոդվածի 2(b ,d) կետից և 44-րդ հոդվածից,

2)    Կառավարության 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 666-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 47 և 56-րդ կետերից,

3)    Կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 48-Լ որոշմամբ հավանություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի 4.6-րդ կետից։

 
  • Продолжительность

    24.02.2026 12.03.2026
  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 661

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: