Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՉՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1․ Անհրաժեշտությունը - «Կոնյակ արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է հանրապետության կոնյակ արտադրող և իրացնող տնտեսավարողների՝ արտահանման խնդիրներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը մեղմելու, վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – 2025 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունից շշալցված կոնյակի արտահանման ծավալը  նվազել է շուրջ 5,4 մլն բացարձակ լիտրով կամ շուրջ 28 տոկոսով (2025 թվականի 11 ամիսներին շշալցված կոնյակի արտահանման ծավալը կազմել է շուրջ 13,6 մլն բացարձակ լիտր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ շուրջ 19,0 մլն բացարձակ լիտր)։

Մյուս կողմից սույն թվականի ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայության կողմից կանգնեցվում են հայկական ընկերությունների կողմից Վրաստանով տարանցվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվագով։

Բեռնատարներում առկա յուրաքանչյուր տեսականուց փորձաքննության նպատակով վերցվում է 5-ական շիշ նմուշ, իսկ բեռնատարները տեղափոխվում են Գեզի մաքսային տերմինալ, որտեղ կանգնում են 10 օրից մինչև 49 օր և միջին օրական կուտակումները կազմում են 150 և ավելի բեռնատար։

Մաքսային տերմինալում կանգնելու ժամանակահատվածում տնտեսավարողների համար առաջանում են լրացուցիչ ծախսեր (1 օրվա կտրվածքով շուրջ 100 ԱՄՆ դոլար վճարվում է բեռնափոխադրող կազմակերպությանը),  չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումն առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, որի դեպքում ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խնբաքանակի արժեքի 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Բացի այդ, նման իրավիճակները կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսավարողների հետ մատակարարաման պայմանագրեր կնքելուց։ 

Ստեղծված իրավիճակում էականորեն կրճատվել են ընկերությունների ֆինանսական մուտքերը, և լուրջ խնդիրներ են առաջացել աշխատակիցների աշխատավարձերի վճարման և հարկային ու վարկային պարտավորությունները սահմանված ժամկետում ապահովելու հարցում։

Ոլորտի տնտեսավարողները դիմել են Էկոնոմիկայի նախարարությանը ստեղծված իրավիճակը մեղմելու և բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով աջակցություն ստանալու խնդրանքով։

Տրամադրվող վարկերի չափերի համար սահմանվող 2000-ից մինչև 15000  մլն դրամի միջակայքը և մինչև 100000 մլն դրամ վարկային պորտֆելը սահմանվել է տնտեսավարողներից ստացված 2024 թվականի ընթացքում վճարված հարկերի և աշխատավարձի չափերի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, որը իրացման շրջանառությամբ պայմանվորված կբավարարի տնտեսավարողների 4-ից 8 ամսվա ընթացքում գոյացող պարտավորությունների կատարմանը։ 

3. Կարգավորման նպատակը և բնույթըՆախագծով առաջարկվում է՝  

- 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ  իրականացրած և շշալցված կոնյակի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին ծրագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրել 200.0-ից մինչև 15000 մլն դրամ սահմանաչափով վարկեր՝ աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով,

- վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով առավելագույնը տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, սուբսիդավորվելու է տրամադրված վարկերի տոկոսադրույքի տարեկան մինչև 12 տոկոսային կետին համարժեք մասը, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս, իսկ ծրագրի վարկային պորտֆելը սահմանվում է մինչև 100000 մլն դրամ,

- վարկերն ունեն առավելագույնը 48 ամիս մարման ժամկետ, իսկ վարկի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս,

- ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի գծով կազմակերպությունների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք,

- սահմանվում են վարկերի և բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգերը։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից շշալցված կոնյակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողների առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել: 

5. Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման արդյունքում շշալցված կոնյակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի Ծրագրի շրջանակներում՝ մատչելի պայմաններով ներգրավել վարկեր՝ աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով։

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում Ծրագրի գծով ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների վարկային պորտֆելը կկազմի շուրջ 100 մլրդ դրամ, բյուջետային երաշխիքի չափը շուրջ 5,0 մլրդ դրամ, իսկ սուբսիդավորման չափը 4 տարիների համար կանխատեսվում է շուրջ 37 մլրդ դրամ, որից՝ 2026 թվականին՝ 9040, 2027 թվականին 12030, 2028 թվականին՝ 10490, 2029 թվականին՝ 4750, իսկ 2030 թվականին՝ 250 մլն դրամ։

Նախագծի ընդունման դեպքում առաջացող պարտավորությունները կկատարվեն Էկոնոմիկայի նախարարության 2026 թվականի բյուջեով և 2026-2028 թվականների ՄԺԾԾ-ով հաշվարկված գումարների շրջանակներում և պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում։

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով կամ տարեկան շուրջ 10%-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  227-րդ էջ)։

  • Обсуждалось

    23.01.2026 - 12.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 582

Принт

Предложения

Դավիթ Տուրյան

03.02.2026

Հաշվի առնելով, որ «կոնյակ»-ը բրենդիի տեսակ է, որի արտադրությունը, համաձայն աշխարհագրական նշումների պաշտպանության միջազգային և եվրոպական իրավակարգավորումների, թույլատրելի է բացառապես Ֆրանսիայի Հանրապետության Նոր Ակվիտանիա ռեգիոնի Շարանտ դեպարտամենտում,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պարտավորությունները Եվրոպական Միության նկատմամբ, որոնք ծագել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (Comprehensive and Enhanced Partnership Agreement – CEPA) ուժի մեջ մտնելուց հետո,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություն մինչև 2043 թվականը լիովին հրաժարվել «կոնյակ» անվանման օգտագործումից, իսկ 2032 թվականից հետո չարտադրել որևէ արտադրանք «կոնյակ» անվանումով,

հաշվի առնելով, որ նշված պարտավորության կատարման նպատակով, համաձայն Եվրոպական Հանձնաժողովի ENI/2020/042-937 «2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի 3-րդ մասի վերաբերյալ կիրարկող որոշման» հավելվածի՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 237-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության օգտին իրականացման աջակցության գործողությունների փաստաթուղթ՝ I փուլ» (Annex of the Commission Implementing Decision on the Annual Action Programme Part 3 2020 in favour of the Republic of Armenia – Action Document for Support for implementation of Article 237 CEPA – Phase I), որը Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է ՀՀ Նախագահի 2021 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև ստորագրված «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում․ փուլ I» ԵՀԳ/2020/042-937 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՆՀ-128-Ն հրամանագրով, Եվրոպական Հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է երեք միլիոն (3,000,000) եվրո ֆինանսական աջակցություն՝ «կոնյակ» անվանումից հրաժարվելու գործընթացի իրականացման համար,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի ապրիլի 4-ի «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՕ-70-Ն օրենքից բխում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ակտիվացման և զարգացման անհրաժեշտությունը,

ինչպես նաև հաշվի առնելով, որ «Հայկական կոնյակ» ինքնանվանումով արտադրանքը չի կարող արտահանվել Եվրոպական Միություն և վաճառվել ԵՄ տարածքում,

առաջարկում եմ՝

ՀՀ Կառավարության որոշման տվյալ նախագծում «կոնյակ» ձևակերպումը՝ իր բոլոր լեզվական ձևերով, փոխարինել «արբուն (բրենդի)» ձևակերպմամբ՝ իր բոլոր լեզվական ձևերով։

«Արբուն» ձևակերպման ընտրությունը հիմնավորված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի մայիսի 25-ի «Բրենդիի համար առանձին ապրանքային անվանում սահմանելու մասին» N 611-Ն որոշմամբ։

Համապատասխանաբար առաջարկում եմ որոշման նախագծի ներքոհիշյալ դրույթները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

·      Նախագծի վերնագիրը շարադրել՝

«ԱՐԲՈՒՆ (ԲՐԵՆԴԻ) ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

·      Նախագծի 3-րդ կետը շարադրել՝

«3. Հաստատել Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։»,

·      Նախագծի N 1 հավելվածի վերնագիրը շարադրել՝

«ԾՐԱԳԻՐ

ԱՐԲՈՒՆ (ԲՐԵՆԴԻ) ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ»,

·      Նախագծի N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել՝

«1. Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում արբուն (բրենդի) արտադրող և իրացնող տնտեսավարողներին՝ արտահանման սահմանափակումներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը մեղմելու, ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն ապահովելու, առաջացած մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով։»,

·      Նախագծի N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել՝

«3. Ծրագրի իմաստով շահառու է համարվում 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած և շշալցված արբունի (բրենդիի) արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը։»,

·      Նախագծի N 1 հավելվածի N 1 ձևի աղյուսակի վերնագիրը շարադրել՝

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N _____

ԱՐԲՈՒՆ (ԲՐԵՆԴԻ) ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»,

·      Նախագծի N 2 հավելվածի վերնագիրը շարադրել՝

«ԿԱՐԳ

ԱՐԲՈՒՆ (ԲՐԵՆԴԻ) ԱՐՏԱԴՐՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»,

·      Նախագծի N 2 հավելվածի 1-ին կետը շարադրել՝

«1. Սույն կարգով կարգավորվում է Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգը։»

·      Նախագծի N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել՝

«2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացությունները և հապավումները՝

1) շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած և շշալցված արբունի (բրենդիի) արտադրությամբ զբաղվող կազմակերպություն, որն ունի դրական վարկային (վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում շահառուն և (կամ) իր հետ փոխկապակցված որևէ անձ չպետք է ունենա 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասով դասակարգված վարկեր) պատմություն.

2) ՏԶՖԿ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ.

3) ՖԿ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք արբուն (բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրման համար սահմանված ընթացակարգով ՏԶՖԿ-ի հետ կնքել են պայմանագրեր.

4) բյուջետային երաշխիք՝ սույն որոշմամբ հաստատված արբուն (բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում հաստատվող վարկային գծի կամ վարկային սահմանաչափի կամ տրամադրվող վարկերի համար ՖԿ-ներից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվող վարկի մայր գումարի վերադարձի ապահովման միջոց։»,

·      Նախագծի N 2 հավելվածի 3-րդ կետը շարադրել՝

«3. Սույն կարգի հիման վրա բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած և շշալցված արբունի (բրենդիի) արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվող վարկերի համար՝ վարկի մայր գումարի մարումներն առաջնային կարգով բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով, առավելագույնը մինչև երեսունինը ամիս մարման ժամկետով։»,

·      Նախագծի N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել՝

«4. Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում ՖԿ-ի կողմից հաստատվող վարկային գծի կամ վարկային սահմանաչափի կամ տրամադրվող վարկերի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2025 թվականին իրացված արտադրանքի արժեքի չափը։»,

·      Նախագծի N 2 հավելվածի 11-րդ կետը շարադրել՝

«11. ՖԿ-ն իրականացնում է շահառուների վարկունակության գնահատում և կայացնում նախնական որոշում՝ Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի ներքո վարկ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):»

·      Նախագծի N 2 հավելվածի N 1 ձևի «Կոնյակ արտադրող տնտեսվարողների աջակցության ծրագրերի շրջանակներում» ձևակերպումը շարադրել՝

«Արբուն (Բրենդի) արտադրող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում»։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: