«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի
N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Պաշտպանության նախարա-րության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության կարգը սահմանող ՀՀ կառավարության 2007թ. մարտի 7-ի N 384-Ն որոշման (այսուհետ նաև՝ Կարգ) մի շարք դրույթներ օրենքի պահանջներին համապատասխան խմբագրելու, ինչպես նաև որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած և ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
1998 թվականին ընդունված և մինչև 2017թ. դեկտեմբերի 16-ը գործած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՕ-258 34-րդ հոդվածով սահմանվել է, որ՝ զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև` ա) ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը. բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա: Նույնաբովանդակ կարգավորումներ սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՕ-195-Ն օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ և 65-րդ հոդվածի 3-րդ մասերով:
Կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված է, որ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանները, առանց այլ բնակելի տարածք տրամադրելու, ազատում են նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովված են այլ բնակելի տարածությամբ: Նույն ձևակերպումն առկա է նաև Կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետում: Ակնհայտ է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» ձևակերպումը չի համապատասխանում նշված օրենսդրական ակտերով սահմանված ձևակերպմանը, ինչը գործնականում հանգեցնում է խնդիրների և համապատասխան իրավունք ունեցող շահառուների իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման: Խնդրի լուծման նպատակով առաջարկում է Կարգի համապատասխան դրույթները համապատասխանեցնել օրենքի պահանջներին:
Կարգի գործողության ընթացքում առաջ է եկել ևս մեկ խնդիր, որը կապված է նախկինում անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած զինծառայողներին այդ բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու գործընթացի հետ: Մասնավորապես, Կարգի 12-րդ կետում սահմանված է, որ տրամադրված ծառայողական բնակարանը զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին տրամադրվում է՝ վերջիններիս կողմից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում (տես նաև՝ Կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետը): Ներկայումս արձանագրված է բնակարանային պայմանների կարիքավոր չհաշվառված և 1999-2007թթ, ընթացքում անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած 5 նախկին զինծառայողներ և նրանց ընտանիքներ (1-ը՝ ք. Երևանում, 4-ը՝ ՀՀ մարզերում), նշված զինծառայողները զոհվել (մահացել) են ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով, այդ ծառայողական բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացի քննարկման արդյունքում պարզվել է, որ զոհված (մահացած) զինծառայողները հաշվառված չեն եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր և ընտանիքների անդամները չունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք՝ Կարգի 5-րդ կետի պահանջների շրջանակներում, որի պարագայում խնդիր է բարձրացել տրամադրված ծառայողական բնակարանները հետ վերցնելու առումով: Հաշվի առնելով նշված զինծառայողների զոհվելու (մահանալու) և երկարատև ժամանակա-հատվածով ծառայողական բնակարանները տիրապետելու (հատկացումները կատարվել են 1999-2007թթ. ընթացքում) հանգամանքները, ինչպես նաև նկատի ունենալով, որ օրենսդրությունը առավել բարձր սոցիալական պաշտպանություն է սահմանել ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների համար («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մաս, 67-71-րդ հոդվածներ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենք)՝ նպատակահարմար է գտնվել նշված հանգամանքներում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների վրա չտարածել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու գործընթացում սահմանված՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված լինելու և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու պայմանը, քանի որ համապատասխան զինծառայողների ընտանիքներին ծառայողական բնակարաններից վտարման գործողությունները կարող են լրջագույն հանրային և բարոյական ռեզոնանս առաջացնել:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով ՀՀ կառավարության 2007թ. մարտի 7-ի N 384-Ն որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են օրենքի պահանջներին՝ դրանց տալով նաև հետադարձ ուժ, ինչպես նաև հստակեցվում են անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած և ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու հետ կապված հարաբերությունները՝ հստակեցվող կարգավորման գործողությունը տարածելով միայն մինչև որոշման նախագծի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 1-ին և 9-րդ կետերի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության կողմից զինվորական ծառայության շահադրդման թե նյութական, և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:
-
Обсуждалось
25.12.2025 - 10.01.2026
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
-
Test
Просмотры 869
Принт