«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ հաստատված «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) շարունակականությունը և արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ծրագիրը մեկնարկելով 2020 թ․-ից, կարճ ժամանակում դարձավ տնտեսավարողների կողմից լայնորեն կիրառվող ֆինանսական գործիք։ 2025 թ․ առաջին կիսամյակի դրությամբ ձևավորվել է շուրջ 411,8 մլրդ դրամի վարկային/լիզինգային պորտֆել, որից 70 %-ը լիզինգ է, իսկ 30 %-ը՝ վարկ։ Այս համամասնությունը ցույց է տալիս տնտեսավարողների նախընտրությունը՝ առավել ճկուն և արագ կիրառելի ֆինանսական գործիքներից օգտվելու և արտադրական հզորությունների արդիականացման հարցում։
Ծրագրին ներգրավված գործընկեր ֆինանսական կառույցների թիվը ներկայումս հասել է 23-ի, ինչի արդյունքում ձևավորվել է մրցակցային դաշտ, և տնտեսավարողները հնարավորություն ստացան ընտրել տարբեր պայմաններ առաջարկող կազմակերպություններից։ Սա ոչ միայն ապահովեց Ծրագրի հասանելիությունը, այլև խթանեց դրա տարածվածությունը։
Ծրագրի իրականացման արդյունքում մինչ օրս արձանագրվել են մի շարք դրական արդյունքներ, մասնավորապես
· շահառուների շրջանակի ընդլայնում և տնտեսավարողների ակտիվ մասնակցություն,
· նոր սարքավորումների ձեռքբերում և արտադրական կարողությունների արդիականացում,
· մարզերում աշխատատեղերի աճ, օրինակ Արագածոտնում՝ 80,07 %, Սյունիքում՝ 75,59 %, Գեղարքունիքում՝ 62,11 %,
· հարկային մուտքերի զգալի աճ՝ միջինը 105,4 %, առանձին մարզերում՝ մինչև 228,61 %։
Սակայն Ծրագրի արագ զարգացման հետ միաժամանակ առկա են մի շարք խնդիրներ։ Մասնավորապես․ Ծրագրի շրջանակներում սուբսիդավորվում են որոշմամբ հստակ սահմանված ոլորտներում, որոշմամբ սահմանված պայմաններով ներգրավված վարկերի տոկոսադրույքները։ Միաժամանակ, գործող Ծրագրով նախատեսված չեն դրույթներ արդեն իսկ ստացված և սուբսիդավորվող վարկերը այլ ֆինանսական կազմակերպությունների (բանկերի) տեղափոխելու, այսինքն՝ վերաֆինանսավորելու համար։ Սա նշանակում է, որ տնտեսավարողները զրկված են ավելի մրցունակ ֆինանսական պայմաններից օգտվելու հնարավորությունից։ Նշվածը նվազեցնում է ֆինանսական շուկայի մրցակցային դինամիկան և սահմանափակում է վարկային ռեսուրսների արդյունավետ բաշխումը։ Բացի այդ, ֆինանսական կազմակերպությունների կողմից քաղաքականության կամ ռիսկերի փոփոխության դեպքում վարկառուները չեն կարող փոխել ֆինանսական գործընկերոջը՝ պահպանելով սուբսիդավորման իրավունքը, ինչի հետևանքով բարձրանում է նրանց ֆինանսական բեռը և նվազում է գործունեության կանխատեսելիությունը։
Ծրագրի շրջանակներում գործող «նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների» պահանջը միատեսակ է կիրառվում բոլոր ոլորտների նկատմամբ։ Սակայն ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող քաղաքացիական ավիացիայի (օդային տրանսպորտի) ոլորտում գործող ընկերությունները փաստացի զրկված են Ծրագրի շրջանակներում վարկային աջակցությունից օգտվելու հնարավորությունից, քանի որ այդ ոլորտում ամբողջությամբ «նոր» մեքենասարքավորումների ձեռքբերումը մեծամասամբ իրատեսական չէ՝ ֆինանսական ու տեխնիկական պատճառներով։ Սա այն հանգամանքում, որ ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցները և սարքավորումները՝ ներառյալ օդանավերը, դրանց սպասարկման սարքավորումները և տեխնիկական բազայի ենթակառուցվածքները, ունեն էական առանձնահատկություններ․ դրանք բարձրարժեք են, ունեն երկար շահագործման ժամկետ և միջազգային անվտանգության ու սերտիֆիկացման խիստ պահանջներ։
Առկա են խնդիրներ նաև ՀՀ տարբեր շրջաններում մեծ քանակությամբ թափոնների կուտակումը, ինչը լուրջ սպառնալիք է շրջակա միջավայրի համար։ Դրանք հիմնականում հասնում են բաց աղբավայրեր, որտեղ քայքայվելով արտազատում են վտանգավոր նյութեր։ Վերամշակման շնորհիվ հնարավոր է զգալիորեն նվազեցնել աղտոտումը, պահպանելով բնության ռեսուրսները և նպաստելով երկրոդական հումքի արդյունահանմանը։
Բացի բնապահպանական օգուտներից, թափոնների վերամշակումը կարող է կարևոր դեր ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել տեղական արտադրությունը և ձևավորել վերամշակված հումքի ներքին շուկա։
3. Կարգավորման առարկան և բնույթը
Նախագծով առաջարկվում է՝
1) Լրացնել նոր 4․1 կետ, ըստ որի տնտեսավարողը իրավունք կունենա սույն ծրագրի շրջանակներում ստացված վարկերը տեղափոխել սույն որոշման 3-րդ կետում նշված ֆինանսական այլ կազմակերպություն։ Այդ դեպքում սուբսիդավորումը շարունակվելու է իրականացվել սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սուբսիդավորման մնացորդային ժամկետը։ Սույն փոփոխությունը նպատակ ունի ապահովել ծրագրի շահառուների համար վարկային պայմանների բարելավման հնարավորությունը և խթանել ֆինանսական հատվածում մրցակցությունը՝ հնարավորություն տալով բանկերին առաջարկել ավելի նպաստավոր վարկային պայմաններ։
2) Լրացնել նոր 7․1 կետ, որով սահմանվում է սուբսիդավորման գործընթացի մեխանիզմը՝ նպատակ ունենալով ապահովել ֆինանսական կազմակերպությունների կողմից տվյալների ժամանակին և ճշգրիտ ներկայացումը նախարարությանը, ինչպես նաև կանխել վարչարարական խախտումների և չկարգավորված իրավիճակների առաջացումը։
3) Առաջարկվում է սահմանել բացառություն H (ԷՅՋ) «ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի տնտեսական գործունեության այն տեսակների մասով, որոնք ներառված են սույն բաժնի 51.1–51.21.2 խմբերում (оդային տրանսպորտի գործունեություն` օդային մարդատար ուղևորափոխադրումներ, բեռնատար փոխադրումներ և այլն)։ Բացառությունը սահմանվում է՝ հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայի՝ որպես ռազմավարական ոլորտի առանձնահատկությունները և անվտանգության ապահովման պահանջները։ Սահմանումը նպատակ ունի խթանել քաղաքացիական ավիացիայի տեխնիկական բազայի թարմացումն ու սարքավորումների արդիականացումը՝ ապահովելով ոլորտի անվտանգության մակարդակի բարձրացումն ու ծրագրի նպատակային ներդրումային ուղղվածության պահպանումը։
4) 10-րդ կետի աղյուսակի «Սուբսիդավորման չափը» սունյակում ամբողջությամբ 6% թիվը փոխարինել 4% թվով, իսկ 8%-ը՝ 6%-ով։
5) Նոր դասակարգչի ավելացում, այն է՝ թափոնների մշակում և ոչնչացում (դասակարգչի կոդ E բաժնից՝ ենթախումբ 38․2)։
6) 16-րդ կետում «2025 թվականի դեկտեմբերի 31-ը։» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը։» բառերով։
4. Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ ակնկալվում է ստեղծել պայմաններ ծրագրի կայուն և կանխատեսելի իրականացման համար։ Կարգավորման արդյունքում կբարելավվի ֆինանսական միջավայրի մրցակցային դինամիկան, կբարձրանա վարկային ռեսուրսների հասանելիությունը, կապահովվի սուբսիդավորման գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը, կխթանվի ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքացիական ավիացիայի ոլորտի տեխնիկական բազայի արդիականացումը՝ պահպանելով տնտեսության արտադրողականության աճի և ներդրումային ակտիվության կայուն միտումը։ Միաժամանակ Հայաստանում թափոնների վերամշակմանը խթանելը, բացի բնապահպանական օգուտներից, կարևոր դեր կունենա երկրի տնտեսության զարգացման գործում։ Այն հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղերի, խթանել տեղական արտադրությունը և ձևավորել վերամշակված հումքի ներքին շուկա։
5. Ֆինանսական գնահատական
2025 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին արդեն կատարվել են շուրջ 19 մլրդ դրամի վճարումներ, իսկ նոյեմբեր- դեկտեմբերի ամիսների համար ծախսերը կկազմեն շուրջ 4 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականի տարվա կտրվածքով ձևավորվել է շուրջ 23 մլրդ դրամի ֆինանսական պահանջարկ։
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ստեղծել ֆինանսական կառավարման ավելի կանխատեսելի և կայուն շրջանակ, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ համադրել ծրագրի ծախսերը և բյուջետային հնարավորությունները։ Այս մոտեցումը կնպաստի պետական միջոցների նպատակային բաշխմանը, կբարձրացնի սուբսիդավորման գործընթացի արդյունավետությունը և կապահովի ծրագրի շարունակական իրականացումը՝ առանց ֆինանսական շեղումների ու ռիսկերի կուտակման։
6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Կարճաժամկետում նախատեսվում է ծախսերի ավելացում՝ պայմանավորված ծրագրի ծավալների աճով։ Միաժամանակ՝ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ակնկալվում է եկամուտների աճ հարկային մուտքերի հաշվին։ 2020–2024 թթ․ շահառու կազմակերպությունների կողմից վճարված հարկերը աճել են միջինը 105,4 %-ով, առանձին մարզերում՝ մինչև 228,61 %։
Այսպիսով, նախագծի ընդունումը կբերի պետական բյուջեի ծախսերի կարճաժամկետ ավելացման, սակայն երկարաժամկետ կտրվածքով այն կնպաստի եկամուտների կայուն աճին և հարկային բազայի ընդլայնմանը։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման Հավելված N1-ով նախատեսված հետևյալ կետերը՝ «2.1 Ռազմավարական և առաջնահերթ ոլորտներում տեխնոլոգիական արդիականացում և բիզնես պրոցեսների օպտիմալացում» կետը։ Նախագիծը լիովին ներդաշնակ է Հայաստանի Հանրապետության հիմնական ռազմավարական փաստաթղթերի տրամաբանության հետ։ Այն առաջին հերթին համահունչ է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի նպատակներին, որտեղ առանձնահատուկ շեշտ է դրված արտադրողականության բարձրացմանը, տեխնոլոգիական արդիականացմանը և ազգային տնտեսության մրցունակության ամրապնդմանը։ Ծրագրի շարունակական իրագործումը հնարավորություն է տալիս ապահովելու այնպիսի ներդրումների ներգրավում և ֆինանսական հասանելիություն, որոնք ուղղակիորեն խթանում են այդ ռազմավարական նպատակը։
Նախագիծը բխում է նաև Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2. «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» հատվածից։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N 1895-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2 տնտեսություն» կետի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» հատվածից։ Նոր դասակարգչի ավելացումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության խթանման համար։
-
Продолжительность
03.12.2025 18.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 303
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .