ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_____» 2025 թվականի N ____Լ
«ԿՈՆԿՈՒՐՍ ՄՈՆԴԻԱԼ ԴԵ ԲՐՅՈՒՍԵԼ 2026» ԳԻՆՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄՏԵՍ-ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնդիալ դե Բրյուսել մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության միջև 2025 թվականի փետրվարի 1-ին կնքված հուշագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
1․ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին իրականացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումը, որի կազմակերպիչ է հանդիսանում Վինոպրես (Vinopres S.A.) ընկերությունը։
2․ Հաստատել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
3․ Սահմանել, որ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվելու է «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի կողմից։
4․ Թույլատրել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին մինչև 2025 թվականի հոկտեմբերի 10-ը կնքել համապատասխան պայմանագիր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության հետ՝ հստակ սահմանելով, որ նախապատրաստական աշխատանքները մեկնարկում են 2025 թվականի հոկտեմբեր ամսից։
5․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու նպատակով 2025 թվականի համար նախատեսված 36,000․0 հազար Հայաստանի Հանրապետության դրամը (ներառյալ՝ Ավելացված արժեքի հարկը) Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին 2025 թվականի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության բյուջեից հատկացնելու վերաբերյալ,
2) «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպման համար կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությանների մարման նպատակով 2026 թվականի համար անհրաժեշտ 684,000.0 հազար Հայաստանի Հանրապետության դրամի (ներառյալ՝ Ավելացված արժեքի հարկը) չափով ֆինանսական միջոցները հատկացնելու վերաբերյալ։
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Արտաքին գործերի նախարարին, Առողջապահության նախարարին, Ներքին գործերի նախարարին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ յուրաքանչյուրն իր գործառույթների մասով՝ ապահովել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու նախապատրաստական և կազմակերպման գործընթացների իրականացումը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
«_____» 2025 թվականի N ____Լ որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԿՈՆԿՈՒՐՍ ՄՈՆԴԻԱԼ ԴԵ ԲՐՅՈՒՍԵԼ 2026» ԳԻՆՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄՏԵՍ-ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1․ ՆԱԽԱԲԱՆ
1․ 2026 թվականին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինիների միջազգային համտես-մրցույթը։ Այն համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթներից մեկը, որն ունի արդեն 30 տարվա պատմություն։
2․ Մրցույթին մասնակցում են առնվազն 320 գինու փորձագետ 65 երկրից․ գինու վաճառողներ, գնորդներ, լրագրողներ և բարձր վարկանիշ ունեցող գինեգետներ (Master of Wine)։ Ամեն տարի մրցույթը անցկացվում է նախապես ընտրված գինի արտադրող երկրում։ Վերջին տարիներին այն կայացել է Ֆրանսիայում, Իտալիայում, Չինաստանում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում և Չինաստանում։ Մրցույթն անցակացվում է տվյալ տարվա հյուրընկալող երկրի և մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության համատեղ ֆինանսավորմամբ, մասնավորապես՝ ընկերությունը հոգում է փորձագետների ավիատոմսերի ծախսը, գիշերակացի ծախսի 50%-ը, գինիների բեռնափոխադրումը, իսկ հյուրընկալող երկիրը՝ միջոցառման հետ կապված մյուս բոլոր ծախսերը, մասնավորապես՝ համտես-մրցույթի կազմակերպում, ճանաչողական այցերի, մշակութային միջոցառումների և մեդիա տուրերի կազմակերպում, միջոցառման բացման և փակման արարողություններ, ինչպես նաև գիշերակացի ծախսի 50%-ը։
3․ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես- մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ընդհանուր բյուջեն, ըստ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկի կազմում է 833,760․0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ՝ Ավելացված արժեքի հարկը), որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող գումարը կազմում է 720,000․0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ՝ Ավելացված արժեքի հարկը), իսկ մնացած մասն ապահովվում է այլ միջոցներից։
4․ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումներն իրականացվելու են «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության կողմից, իսկ կազմակերպչական աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվելու է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից։
2․ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
5․ Միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանին ներկայանալ որպես ժամանակակից և գրավիչ երկիր՝ գինու ու մշակութային զբոսաշրջության ուղղություն։ Այն կնպաստի հայկական գինիների միջազգային առաջխաղացմանը, նոր գործընկերային կապերի ձևավորմանը և ոլորտի մասնագիտական փորձի հարստացմանը։
6․ Ծրագրի շահառուներն են լինելու հայկական գինեգործական ընկերությունները, զբոսաշրջային, հյուրընկալության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչները, կրթական և մշակութային հաստատությունները։
3․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
7․ 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու համտես-մրցույթը կազմակերպվելու է հինգ հիմնական բաղադրիչներով՝ 5 օր տևողությամբ
1) Պաշտոնական բացման արարողություն
ա․ Միջոցառման պաշտոնական բացումը նախատեսված է շուրջ 500 հյուրի համար (միջազգային փորձագետներ և տեղացի հյուրեր)։ Բացման խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության վարչապետը, պետական պաշտոնյաներ և մրցույթի կազմակերպիչները։ Բացման արարողության ընթացքում Հայաստանը կներկայացվի, որպես վերածնունդ ապրող գինու հնագույն բնօրրան։
բ․ Բացման արարողությանը կհաջորդի պաշտոնական ճաշը և Երևանի կենտրոնում շրջայցը։ Զբոսավարների օգնությամբ հյուրերը կծանոթանան քաղաքի պատմական և մշակութային արժեքներին։ Բացի միջազգային մեծ հնչեղությունից, միջոցառումը հատուկ նշանակություն կունենա նաև Հայաստանի համար։ Քաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվեն թեմատիկ ինստալացիաներ, կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ գինու ցուցադրություններ, ազգային երգ ու պարի համերգներ, ժողովրդական արվեստի ներկայացումներ, որոնք կստեղծեն տոնական ու հետաքրքիր մթնոլորտ։ Սա թույլ կտա ոչ միայն ներգրավել տեղացի հանրությանը, այլև վերարժևորել Հայաստանը որպես գինեգործական երկիր։
գ․ Այս միջոցառումը կդառնա յուրօրինակ շարժիչ ուժ՝ նպաստելով նաև գինու սպառման առողջ մշակույթի ձևավորմանը Հայաստանում։ Միջազգային փորձագետների ներկայությունը, կրթական և մշակութային բաղադրիչները, ինչպես նաև լայնածավալ հանրային միջոցառումները կհամախմբեն մասնագետներին և սպառողներին։
դ․ Միջոցառման պաշտոնական մասը կփակվի 600 հյուրի համար կազմակերպված հանդիսավոր ընթրիքով, որի ընթացքում ևս կցուցադրվի մշակութային ծրագիր՝ համատեղելով հայկական ավանդական և ժամանակակից արվեստը։
2) Համտես-մրցույթ
ա․ Մրցույթի հիմնական մասն է եռօրյա համտեսը, որին կմասնակցեն առնվազն 320 միջազգային փորձագետ 65 երկրից՝ ներառյալ բարձր վարկանիշ ունեցող գինեգետներ (Masters of Wine), վաճառողներ, գնորդներ և լրագրողներ։ Նրանց կողմից կգնահատվի շուրջ 10,000 տեսակ գինի տարբեր երկրներից։
բ․ Համտես-մրցույթը կկազմակերպվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որն անհրաժեշտ է տեխնիկապես վերազինել՝ ապահովելով․ պատշաճ լուսավորություն և օդափոխության համակարգ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, թվային կառավարման համակարգ, համտեսի պարագաներ, նմուշների պահպանման համար պահեստային տարածքներ և սառեցման համակարգեր, բեմ, աշխատանքային սենյակներ և գործընկերների համար նախատեսված ցուցասրահներ և այլն։ Համտեսից հետո կկազմակերպվի ճաշ, որի ընթացքում կտրամադրվի ազգային ուտեստներ, ապահովելով ոչ պաշտոնական շփումների հնարավորություն՝ փորձագետների միջև մասնագիտական կապերը ամրապնդելու համար։
3) B2B հանդիպումներ
ա․ Մրցույթի շրջանակում կանցկացվեն գինու գնորդների, վաճառողների և հայկական գինի արտադրողների միջև բիզնես հանդիպումներ։ Դրանք կնպաստեն նոր շուկաների բացմանը, առևտրային կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը։ Հանդիպումները կկազմակերպվեն հատուկ նախատեսված սրահում՝ ապահովված անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։
4) Այցեր գինեգործական շրջաններ և պատմամշակութային վայրեր
ա․ Ծրագրի կարևոր բաղադրիչներից են այցերը գինեգործական շրջաններ՝ գինու գործարաններ։ Մասնակիցները կծանոթանան․ հայկական գինիների արտադրական գործընթացին, տարածաշրջանի տերուարի առանձնահատկություններին, ավանդական գինեգործական տեխնոլոգիաներին։
բ․ Այցերը կուղեկցվեն մշակութային ծրագրերով՝ ներառելով ավանդական խոհանոց, ազգային երաժշտություն և ժողովրդական տոնախմբություններ։ Բացի դրանից, հյուրերը կայցելեն Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, ինչի շնորհիվ Հայաստանը կներկայացվի ոչ միայն որպես գինու երկիր, այլև հարուստ պատմամշակութային ժառանգության կենտրոն։
5) Մեդիա տուր
ա․ Միջոցառման ավարտից հետո շուրջ 30 լրագրողի համար 5 օրվա ընթացքում կկազմակերպվեն մեդիա տուրեր, որոնց նպատակն է Հայաստանի մասին հոդվածների և ռեպորտաժների լայնածավալ լուսաբանման միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում։ Միջազգային մամուլի ներկայացուցիչները կայցելեն տարբեր գինեգործական շրջաններ և պատմամշակութային վայրեր՝ խարությամբ ծանոթանալու հայկական գինեգործության ներուժին։
բ․ Այս ձևաչափը թույլ կտա համատեղել միջազգային բարձրակարգ մրցույթը, մասնագիտական փորձի փոխանակումները և մշակութային ծրագրերը՝ ներկայացնելով Հայաստանը՝ որպես գինու հնագույն, պատմամշակութային ժառանգություն ունեցող եզակի երկիր։