««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը.
1.1. ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև վերջիններիս պատասխանատվության չափորոշիչների մանրամասն սահմանման, մասնագիտական վերապատրաստման անընդհատությունը և գործունեության լավարկումն ապահովելու անհրաժեշտությունից՝ հիմքում դնելով գնահատման գործունեության հետ կապված իրավահարաբերությունների կարևորությունը և բազմաշերտությունը: Գնահատման գործունեությունը կարևոր մասնագիտական ոլորտ է, որի արդյունքներից կախված են պետական, համայնքային և մասնավոր իրավահարաբերություններում գույքի և այլ ակտիվների արժեքի օբյեկտիվ գնահատականները, որպես հետևանք նաև շուկայի կայունությունը։ Գնահատողների մասնագիտական պատրաստվածության և որակավորման միասնական ու հստակ չափորոշիչների սահմանումը ուղղակիորեն ապահովում է գնահատման արդյունքների վստահելիությունը և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։
1.2. Ներկայումս ՀՀ-ում գնահատողների որակավորման համակարգը չունի աստիճանական կառուցվածք, ինչը խոչընդոտում է՝
- գնահատման ոլորտում տարբերակել մասնագիտական փորձի և գիտելիքների մակարդակները,
- ապահովել մասնագիտական առաջխաղացման հստակ ուղի,
- սահմանել յուրաքանչյուր մակարդակի համար հստակ իրավասություններ և պատասխանատվության ծավալ։
Այս պայմաններում գնահատողի որակավորման վկայական ստացած անձը կարող է իրականացնել լայնածավալ և բարդ գնահատումներ՝ առանց բավարար մասնագիտական փորձի, ինչը երբեմն բերում է սխալ կամ վիճելի գնահատման հաշվետվությունների կազմման։
1.3. Գործող իրավակարգավորումներին համապատասխան Կադաստրի կոմիտեի կողմից ներդրված Հաշվառման ծրագրում գնահատողների կողմից մուտքագրվում են բացառապես «Գնահատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)
9-րդ հոդվածով սահմանված պարտադիր դեպքերով իրականացված գնահատման վերաբերյալ տվյալները, ինչի արդյունքում գործնականում առաջանում են բազմաթիվ խոչընդոտներ՝ կապված գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության համար անհրաժեշտ հաշվետվությունները գնահատողից պահանջելու, դրանք ներկայացնելու, ինչպես նաև Կադաստրի կոմիտեին և շահառուներին ներկայացված գնահատման հաշվետվությունների գնահաշվարկներում առկա անհամապատասխանությունները հայտնաբերելու հետ։
1.4. Օրենքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ գնահատողների համար որպես պատասխանատվության միջոց նախատեսված է միայն որակավորման վկայականի դադարեցման ինստիտուտը, որը գործնականում գրեթե չի կիրառվում՝ պայմանավորված դադարեցման համար Օրենքով սահմանված խախտումների բավականին մեծ քանակից։
1.5. Գործող կարգավորումների համաձայն՝ լիազոր մարմինն իրականացնում է գնահատման հաշվետվությունների՝ իրավական ակտերին և ստանդարտների պահանջներին համապատասխանության նկատմամբ վերահսկողություն: Ընդ որում՝ ուսումնասիրությունները կատարվում են նաև շահառուների և գնահատման գործունեության սուբյեկտների դիմումների հիման վրա նույնպես: Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ այս դեպքում լիազոր մարմինը մատուցում է համապատասխան ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պետական տուրք գանձելու պահանջը բացակայաում է:
Բացի այդ Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի ապրիլի 1-ի նիստի N ԿԱ/97-2025 արձանագրության 12-րդ կետի 2-րդ ենթակետով Կադաստրի կոմիտեին հանձնարարվել է ներկայացնել համապատասխան կարգավորումներ՝ սահմանված կարգի կոպիտ խախտումների արդյունքում կազմված գույքի գնահատման հաշվետվությունը մասնագիտական հանձնաժողովի կողմից անարժանահավատ համարելու պարագայում գնահատող ընկերության նկատմամբ ՀՀ գործող օրենսդրությամբ կիրառվող համապատասխան պատասխանատվության միջոցները վերանայելու /խստացնելու/ վերաբերյալ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
2.1. Նախագծով ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն՝ կրտսեր, առաջատար և գլխավոր՝ հստակ ամրագրելով, թե որ խմբի գնահատողներն ինչ գնահատություն կարող են իրականացնել: Նման դասակարգման համակարգի արդյունավետությունը հիմնավորվում է նաև միջազգային փորձի ուսումնասիրությամբ: Օրինակ՝ Գնահատողների ամերիկյան Համայնքը (Appraisers Community of America՝ ASA, գործում է 1936թ-ից) առաջարկում է BV բիզնես գնահատողի, RP անշարժ գույքի գնահատողի, ME մեքենասարքավորումների գնահատողի, PP շարժական գույքի գնահատողի, GJ թանկարժեք զարդեր գնահատողի 201-204 գնահատման դասընթացները, որոնք համապատասխանում են USPAP-ին (Գնահատման ամերիկյան ստանդարտներ): ASA-ի կոչումները ստանալու համար թեկնածուն պետք է հանձնի էթիկայի կանոնների քննությունը և անցնի 15-ժամյա USPAP դասընթաց:
Նշված դասընթացներն անցնելուց և քննությունը դրական հանձնելուց հետո և 2 տարի աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո գնահատողը կարող է դիմել հետևյալ կոչումները ստանալու համար.
- Accredited Member (AM)՝ Հավատարմագրված անդամ (2-5 տարվա չընդհատված աշխատանքային փորձ)
- Accredited Senior Appraiser (ASA)՝ Հավատարմագրված առաջատար գնահատող (5 և ավելի տարվա չընդհատված աշխատանքային փորձ):
Գնահատողների հիմնադրամը (The Appraisers Foundation, գործում է 1987թ-ից) գնահատողներին որակավորում է հետևյալ դասակարգմամբ՝
|
Աստիճան |
Փորձի պահանջ |
Նշումներ |
|
Փորձնակ գնահատող |
Առկա չէ |
Պետք է աշխատի որակավորված գնահատողի վերահսկողության ներքո |
|
Բնակելի նշանակության գույքի լիցենզավորված (Licensed) գնահատող |
1,000 ժամ 6 ամսվա ընթացքում |
Պարզ բնակելի գույքեր |
|
Բնակելի նշանակության գույքի որակավորված (Certified) գնահատող |
1,500 ժամ 12 ամսվա ընթացքում |
Բոլոր տեսակի բնակելի գույքեր |
|
Որակավորված (Certified) գլխավոր գնահատող |
3,000 ժամ 18 ամսվա ընթացքում |
Հասարակական և արդյունաբերական գույքեր |
Գնահատման Միությունների Եվրոպական Խումբը (The European Group of the Valuation Associations_TEGօVA, գործում է 1977թ-ից) և Որակավորված Գնահատողների Թագավորական Ինստիտուտը (Royal Institution of Chartered Surveyors_RICS, գործում է 1868թ-ից) որակավորում են հետևյալ դասակարգմամբ՝
|
Աստիճան |
Փորձի պահանջ |
Նշումներ |
|
Գնահատողի օգնական կամ կրտսեր գնահատող |
0-2 տարի |
Վերապատրաստման կամ RICS APC/REV գործընթացում է գտնվող |
|
Գնահատող |
2-5 տարի |
TEGoVA’s TRV / REV կամ RICS Registered գնահատող |
|
Գլխավոր գնահատող |
5+ տարի |
REV, RICS Fellow (FRICS), վերահսկողի, վկա փորձագետի աշխատանք |
2.2. Նախագծով ամրագրվում է որակավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու բալային համակարգ: Յուրաքանչյուր որակավորված անձ որակավորման վկայականը ստանալու պահից մեկ տարվա համար ստանում է 20 միավոր, որոնք նվազեցվում են ըստ գնահատման հաշվետվություններում կատարված և մասնագիտական հանձնաժողովի կողմից հայտնաբերված խախտումների: Միավորները նվազեցվում են տեխնիկական վրիպակների, մեթոդաբանական և վերլուծական սխալների, ինչպես նաև գնահատության արժեքի անարժանահավատության, դիտավորությամբ փաստերը խեղաթյուրելու կամ շահերի բախման պայմաններում գնահատություն իրականացնելու դեպքերում: Միավորների նվազեցման դեպքում ամրագրվում է որակավորված անձի պարտականությունը՝ անցնելու մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելով մասնագիտական զարգացման անընդհատությունը:
2.3. Խստացվում են նաև գնահատման կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները՝ ամրագրելով, որ կազմակերպության աշխատակցի կողմից 3 և ավելի այնպիսի խախտումներ կատարելու դեպքում, որն առաջացնում է վկայականի դադարեցում, այլևս իրավունք չեն ունենա հաշվառվելու լիազոր մարմնում որպես գնահատման կազմակերպություններ, ուստիև՝ զբաղվելու համապատասխան գործունեությամբ:
2.4. Նախագծով սահմանվում է նաև, որ անշարժ գույքերի գնահատման բոլոր հաշվետվությունների վերաբերյալ տվյալները պետք է մուտքագրվեն Հաշվառման ծրագիր՝ համապատասխան նույնականացման տվյալներով:
2.5. Նախագծի ընդունման արդյունքում շահառուների և գնահատման գործունեության սուբյեկտների դիմումների հիման վրա ուսումնասիրությունները կիրականացվեն վճարովի՝ պետական տուրքի վճարման առկայության դեպքում՝ հաշվի առնելով, որ այս դեպքում լիազոր մարմինը մատուցում է համապատասխան ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
2.6. Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնահատողներին և գնահատման կազմակերպություններին համապատասխան ծանուցմներն իրականացնել գործող հաշվառման ծրագրի միջոցով՝ նպատակ ունենալով խուսափել հիշյալ իրավահարաբերություններում առկա խնդիրներից և ծանուցումը դարձնել առավել դյուրին։
Ընդհանուր առմամբ Նախագծով նախատեսվող կարգավորումներն ունեն համակարգային բնույթ և ուղղված են ոլորտի արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ակնկալվում է, որ կբարձրանա գնահատման արդյունքների որակն ու վստահելիությունը, կնվազեն սխալ կամ կանխակալ գնահատումների ռիսկերը, ներպետական օրենսդրությունը կներառի միջազգային լավագույն փորձի տարրեր։
Նախագծով համապատասխան լրացում է կատարվում նաև Օրենքի 8-րդ հոդվածում՝ նախատեսելով Հաշվառման ծրագիր մուտք գործելու համար մուտքանունի և գաղտնաբառի տրամադրում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարին։ Նշվածը կարգավորումը պայմանավորված է Նախագծով տրված է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, որի համաձայն գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին լիազոր մարմնի կողմից ներկայացվող ծանուցումները ներկայացվելու են Հաշվառման ծրագրի միջոցով, ինչպես նաև Կոմիտեի ղեկավարի թվականի հունվարի 14-ի
N 23-Լ հրամանով նույնպես սահմանված է, որ լիազոր մարմնում արդեն իսկ հաշվառված գնահատողների ինանքկարգավորվող կազմակերպություններն իրենց տարեկան ամենամյա հաշվետվությունները պետք է ներկայացնեն Հաշվառման ծրագրի միջոցով:
3․Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
4․Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում են ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ: Նվազեցումներ չեն նախատեսվում:
5․ Օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին․
Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին»
N 877-Ն և ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը սահմանելու մասին» N 872-Ն որոշումներում, ինչպես նաև Կոմիտեի ղեկավարի 2022 թվականի հունիսի 20-ի «Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմանելու մասին» N 238-Ն հրամանում:
6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով, մասնավորապես՝ Նախագիծը նպատակ ունի ամրապնդել շուկայական գնահատման ոլորտի ընդլայնումն ու կայացումը, ինչպես նաև գնահատման գործունեություն իրականացնողների նկատմամբ շուկայի մասնակիցների և հանրության վստահության բարձրացումը։
-
Обсуждалось
20.08.2025 - 09.09.2025
-
Тип
Закон
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
-
Test
Просмотры 1317
Принт