22.08.2025
ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապակարման միասնական կայքում տեղադրվել է «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ստորև ներկայացվում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» դիտարկումներն ու առաջարկությունները տվյալ որոշման 2-րդ հավելվածի վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ կառավարության ռազմավարական կառավարման աշխատակարգը (այսուհետ՝ Նախագիծ): Ընդհանուր դրույթներ 1. Տվյալ բաժնի 3-րդ կետում օգտագործվող հիմնական հասկացությունների շարքում՝ «ենթանպատակ» հասկացությունը սահմանված է որպես «ռազմավարական նպատակից բխող ցանկալի միջանկյալ արդյունք», իսկ «միջանկյալ արդյունք» հասկացությունը՝ «ուղղակի արդյունքի միջնաժամկետ հետևանք», որը «սովորաբար արտահայտում է համակարգային, վարքաբանական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ուղղակի արդյունքից վերջնարդյունքին հասնելու միջակայքում»։ Այս երկու հասկացությունների համադրումից բխում է, որ դրանք նույնական են, ինչը ռազմավարությունների ու ռազմավարական ծրագրերի ենթատեքստում կարող է հանգեցնել շփոթության ու անհստակությունների։ Առաջարկություն • Հստակեցնել «ենթանպատակ» հասկացությունը և վերացնել «միջանկյալ արդյունքի» հետ առկա շփոթը։