Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն։ Տվյալ սահմանադրական պահանջը միտված է ապահովելու դատական իշխանության ներկայացուցիչների՝ այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորների, նյութական անկախությունը և ծառայողական գործունեության արդյունավետ իրականացումը։

Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Սակայն օրենքի դրույթների վերլուծությունը և դրանց կիրառման պրակտիկան ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով և չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։

Արդյունքում, առաջացել է օբյեկտիվ անհրաժեշտություն՝ վերանայելու Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության կառուցվածքը և սահմանելու լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ։ Նման համակարգի ներդրումը նպատակ ունի ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախությունը, նվազեցնել դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների հնարավորությունը և ամրապնդել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունությունն ու գործառնական արդյունավետությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի նպատակն է՝ սահմանել Սահմանադրական դատարանի դատավորների համար լրացուցիչ նյութական երաշխիքներ՝ այդ կերպ ապահովելով Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրություն՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված սկզբունքների շրջանակում։

 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Դատավորի համար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Սահմանադրական դատարանի դատավորների գործունեության երաշխիքները կարգավորող օրենքը Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքն է (այսուհետ՝ Օրենք): Մասնավորապես, Օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում են Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարանի դատավորներ)՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները, իսկ Օրենքի 1-ին Հավելվածով՝ պաշտոնային դրույքաչափերի գործակիցները։

Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության իրավահարաբերությունները կարգավորող Օրենքի դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ վարձատրությունն իր մեջ ներառում է հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը (ներառում է հավելումը, հավելավճարը) և պարգևատրումը: Միևնույն ժամանակ, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ձևակերպումից պարզ է դառնում, որ պաշտոնային դրույքաչափը Օրենքի իմաստով հիմնական աշխատավարձն է։

Օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները։ Նշված հոդվածի ուժով Սահմանադրական դատարանի դատավորներին Օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով հավելավճար:

Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի գործակիցների և հավելավճարների փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով և առանձնահատուկ լիազորությունների շրջանակով։ Մասնավորապես, Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը էականորեն տարբերվում է Սահմանադրության 163-րդ հոդվածով ամրագրված մյուս դատարանների լիազորությունների շրջանակից: Նշվածն արտացոլված է Սահմանադրության 168-րդ հոդվածով ամրագրված՝ Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակում:

Որպես սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններն առնչվում են տարաբնույթ և իրավական պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտների հետ (նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության ստուգում, սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծում, հանրաքվեի, ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճեր և այլն):

Անդրադառնալով դատավորներին տրամադրվող նյութական և սոցիալական երաշխիքներին, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.2-րդ կետի համաձայն՝ դատավորի վարձատրության չափը մյուս դատավորի վարձատրության համեմատությամբ կարող է փոփոխվել կախված ծառայության տևողությունից, իրենց կողմից կատարվող պարտականությունների բնույթից և իրենց վրա դրված առաջադրանքների կարևորությունից: Այսինքն, սկզբունքային մոտեցումն այն է, որ դատավորի վարձատրության չափը կարող է պայմանավորվել պարտականությունների և լիազորությունների կարևորությամբ։ Ուստի, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորների բացառիկ և վճռորոշ լիազորությունների շրջանակը, միջազգային մակարդակով ևս ճանաչվում է նրանց բարձր կարգավիճակին և դերակատարմանը համապատասխան վարձատրության չափի սահմանումը։

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի կարգավիճակի առանձնահատկությունը ամփոփված է սահմանադրական վերահսկողության գաղափարում, համաձայն որի, ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում բոլոր այլ դատական ատյանների, որոնք արդարադատության իրականացման ընթացքում չեն կարող դուրս գալ օրենսդրի կամքի շրջանակից, Սահմանադրական դատարանն իր գործունեությամբ ենթարկվում է միայն Սահմանադրությանը և միակ իրավասու ատյանն է, որն ի զորու է անվավեր ճանաչել օրենսդրի ընդունած իրավական ակտը։

Միաժամանակ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակին և պատասխանատվությանը համահունչ լրացուցիչ աշխատավարձի մաս կազմող հավելավճարի չափի փոփոխության անհրաժեշտությունը, հարկ է նկատել, որ կենսաթոշակի իրավունքի պատշաճ իրացումը ևս պայմանավորված է հավելավճարով։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ Rec (2010)12 հանձնարարականի 54-րդ կետը սահմանում է, որ դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը 2006 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-647 որոշմամբ կարևորել է դատավորի սոցիալական ապահովության իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններում դատավորի` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած աշխատավարձին՝ կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ սահմանելու միջազգայնորեն ընդունված սկզբունքը: Մեկ այլ՝ 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշմամբ, ի թիվս այլնի, նաև փաստել է, որ կախված դատավորի վարձատրության չափից՝ կենսաթոշակի չափի որոշման անհրաժեշտությունը դատավորների անկախության սոցիալական երաշխիքների կարևոր բաղադրատարր է, և դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք այնպիսի կենսաթոշակով, որը պաշտոնավարման ամբողջ ընթացքում զերծ կպահի նրանց կողմնակի ազդեցությունից:

Նշվածի հաշվառմամբ, հարկ է արձանագրել, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով նախատեսված կենսաթոշակի գումարի հաշվարկի հիմքում դրվում է նաև լրացուցիչ աշխատավարձի տեսակներից հավելավճարի գումարը։ Ուստի, օրենքով հավելավճարի գումարի չափի ավելացումը կերաշխավորվի Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իրենց բարձր կարգավիճակին և իրենց կատարած աշխատանքին համարժեք վերաբերմունքը: Այսպես, Սահմանադրական դատարանի դատավորների համար պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է՝ անկախ տարիքից, ուստի անհրաժեշտ է նախատեսել հավելյալ նյութական և սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ հավելավճարներ։

Այսպիսով, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը և լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակին և պատասխանատվությանը համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաև լրացուցիչ աշխատավարձի մաս կազմող հավելավճարի տարբերակված մեխանիզմ։

 3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները Սահմանադրական դատարանի դատավորների համար, որի արդյունքում Նախագծերի ընդունմամբ Սահմանադրական դատարանի դատավորներին Օրենքով սահմանված կարգով կտրամադրվի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար, ինչպես նաև նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն պաշտոնային դրույքաչափերի գործակիցները կբարձրացվեն՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 17, Սահմանադրական դատարանի փոխնախագահինը՝ 16, իսկ Սահմանադրական դատարանի 7 դատավորներինը՝ 15։

 4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի առաջանա: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի ընդունման արդյունքում հաջորդ տարվա մասով հավելավճարների ընդհանուր գումարը կազմելու է 137.779.200 ՀՀ դրամ մեկ տարվա կտրվածքով:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը կազմված է ինը անդամից: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով հիմնական աշխատավարձ՝ պաշտոնային դրույքաչափը բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալն է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը նախատեսվում է սահմանել 17, Սահմանադրական դատարանի փոխնախագահինը՝ 16, իսկ Սահմանադրական դատարանի դատավորներինը՝ 15: Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է ամսական 1․414․400 ՀՀ դրամ (83.200x17=1.414.400), իսկ տարեկան՝ 16.972.800 ՀՀ դրամ (1․414․400x12): Նույն կերպ՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է ամսական 1․331․200 ՀՀ դրամ (83.200x16=1.331.200), իսկ տարեկան՝ 15.974.400 ՀՀ դրամ (1.331.200x12): Միաժամանակ՝ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է ամսական 1.248.000 ՀՀ դրամ (83.200x15=1.248.000 ՀՀ դրամ), իսկ տարեկան՝ 14.976.000 ՀՀ դրամ (1.248.000x12), հետևաբար տարեկան 7 դատավորի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է 104.832.000 ՀՀ դրամ (14.976.000 x 7): Արդյունքում, Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և 7 դատավորի մասով հավելավճարների ընդհանուր գումարը կազմելու է 137.779.200 ՀՀ դրամ (16․972․800+15.974.400+104.832.000) մեկ տարվա կտրվածքով:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.3-րդ կետից։ Մասնավորապես, «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» վերտառությամբ 6․3-րդ կետով ի թիվս այլ քայլերի՝ Կառավարության կողմից նախաձեռնման ենթակա քայլերից է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ առանցքային բարեփոխումների իրականացումը, ներառյալ վարձատրության ու պարգևատրման համակարգերի վերանայումը, (…) գրավչությունը մեծացնող աշխատանքային միջավայրի ձևավորումն ու պայմանների ներդրումը (Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ որպես անկախ պետական մարմնի անդամի պաշտոն, հանդիսանում է ինքնավար պաշտոն, որն էլ ընդգրկվում է հանրային ծառայության մաս կազմող հանրային պաշտոնների մեջ)։

  • Обсуждалось

    11.07.2025 - 27.07.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Социальное обеспечение, Финансовая

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1919

Принт

Предложения

Արամ Հովակիմյան

11.07.2025

Ինչո՞ւ են էլի բարձրացվում առանց այն էլ ծայրահեղ բարձր աշխատավարձերը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: