«ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՅԼ ԿՈՆՏՐԱԳԵՆՏՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
_____ 2025 թ. N ____-Ն
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՅԼ ԿՈՆՏՐԱԳԵՆՏՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել պարտապանի այլ կոնտրագենտներից՝ խաղային գործունեության կազմակերպիչներից պարտապանի դրամական միջոցների մասին տեղեկատվության հարցման, նրանց միջոցով պարտապանի դրամական միջոցների վրա արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը։
Հավելված
Արդարադատության նախարարի
2025 թվականի _____________-ի
N ___-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՅԼ ԿՈՆՏՐԱԳԵՆՏՆԵՐԻՑ՝ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ, ՆՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից կատարողական վարույթով պարտապանի՝ խաղային գործունեության կազմակերպիչ հանդիսացող կոնտրագենտներից պարտապանի գույքի մասին տեղեկատվության հարցման, նրանց միջոցով արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները։
2. Սույն կարգը կիրառվում է պարտապանի հետևյալ կոնտրագենտների նկատմամբ՝
ա) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով նախատեսված՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց.
բ) «Վիճակախաղերի մասին» օրենքով նախատեսված՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց.
գ) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված՝ բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց.
դ) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված՝ ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց:
3. Սույն կարգի կիրառման նպատակով պարտապանի դրամական միջոցներ են համարվում սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների իրականացման շրջանակներում պարտապանի խաղային հաշիվներում առկա միջոցները (միավորները), ինչպես նաև պարտապանի ամուսնու խաղային հաշիվներում առկա միջոցները (միավորները), եթե դրանք պարտապանի համատեղ սեփականության առարկա են (այսուհետ՝ պարտապանի դրամական միջոցներ)։ Սույն կարգում պարտապանի մասին հիշատակումները հավասարապես վերաբերելի են նաև պարտապանի ամուսնուն՝ այն դեպքերում, երբ Ծառայության գործողություններն ուղղված են պարտապանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմը պարզելուն և (կամ) ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելուն։ Պարտապանի ամուսնու խաղային հաշվին առկա դրամական միջոցների վրա արգելանք կամ բռնագանձում կարող է կիրառվել միայն Ծառայության կողմից պարտապանի ամուսնու անունով խաղային գործունեության կազմակերպչին ուղարկված առանձին հաղորդագրություն հիման վրա։
4. Պարտապանի դրամական միջոցներն արգելադրման և բռնագանձման ենթակա են այնքանով և այն չափով, որքանով դրանք, պարտապանի դրամական միջոցների վրա արգելանքի բացակայության պայմաններում ենթակա կլինեին վերադարձման պարտապանին նրա առաջին իսկ պահանջով՝ ըստ խաղային գործունեության կազմակերպչի կանոնների, որոնց միացել է պարտապանը։ Որպես խաղային գործունեության կազմակերպչի կանոններ՝ հիմք է ընդունվում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված՝ խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգը, եթե այն օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել է։
5. Ծառայության և խաղային գործունեության համապատասխան կազմակերպչի միջև փաստաթղթաշրջանառությունը և տվյալների փոխանակումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ հատուկ կապուղիներով կամ այլ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերով՝ նրանց միջև փոխադարձ համաձայնեցված կարգով։ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված մոնիտորինգային կենտրոնի գործարկումից հետո փաստաթղթաշրջանառությունն ու տվյալների փոխանակումը կարող են իրականացվել մոնիտորինգային կենտրոնի միջոցով։
II. Պարտապանի դրամական միջոցների մասին տեղեկատվության հարցումը և դրանց վրա արգելանք դնելը
6. Ծառայությունը պարտապանի դրամական միջոցների մասին տեղեկատվության հարցումը և դրանց վրա արգելանք դնելն իրականացնում է միաժամանակ՝ այդ նպատակով խաղային գործունեության կազմակերպչին ուղարկելով հաղորդագրություն՝ որի ձևը սահմանում է Գլխավոր հարկադիր կատարողը։
7. Խաղային գործունեության կազմակերպիչը, ստանալով Ծառայության հաղորդագրությունը, անհապաղ կիրառում է արգելանքը համապատասխան չափով դրամական միջոցների նկատմամբ՝ դրանք թողնելով պարտապանի խաղային հաշվին, կամ երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ միջոցները փոխանցում է պարտապանի խաղային հաշվին կցված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկում բացված պարտապանի բանկային հաշվին, կամ նույն ժամկետում դրանք փոխանցում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։
8. Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումները խաղային գործունեության կազմակերպչի կողմից կատարվում են ըստ այդ որոշումների ստացման հերթականության՝ պարտապանի չարգելադրված (այդ թվում՝ այլ մարմինների ակտերի հիման վրա) կամ արգելանքից ազատված միջոցների նկատմամբ:
9. Եթե պարտապանի խաղային հաշվին առկա միջոցները բավարար չեն արգելանք դնելու մասին որոշումն ամբողջությամբ կատարելու համար, ապա խաղային գործունեության կազմակերպիչն արգելանքն անհապաղ կիրառում է նաև խաղային հաշվին հետագայում մուտքագրված միջոցների նկատմամբ՝ մինչև արգելադրման ենթակա գումարի չափը լրանալը։
10. Պարտապանի խաղային հաշվին առկա արգելադրված դրամական միջոցները չեն կարող օգտագործվել որևէ խաղի մասնակցելու նպատակով, և կարող են ելքագրվել միայն խաղային հաշվին կցված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկում բացված պարտապանի բանկային հաշվին կամ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։
11. Ի պատասխան պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին Ծառայության հաղորդագրության, ինչպես նաև լրացուցիչ դրամական միջոցների վրա արգելանքը կիրառվելու յուրաքանչյուր դեպքում խաղային գործունեության կազմակերպիչը Ծառայությանն է ուղարկում հաղորդագրություն՝ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից հաստատված ձևով` Ծառայությունից համապատասխան հաղորդագրությունը ստանալուց կամ լրացուցիչ դրամական միջոցների վրա արգելանքը կիրառվելուց հետո երեք աշխատանքա12. յին օրվա ընթացքում։
III. Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելը
12. Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու նպատակով Ծառայությունը խաղային գործունեության կազմակերպչին ուղարկում է հաղորդագրություն՝ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից հաստատված ձևով։
13. Պարտապանի խաղային հաշվին առկա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու նպատակով պարտադիր չէ նախապես դրանց վրա արգելանք կիրառելու վերաբերյալ հաղորդագրություն ուղարկել խաղային գործունեության կազմակերպչին։ Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելը ներառում է արգելանքը և դրանից բխող սահմանափակումները։
14. Խաղային գործունեության կազմակերպիչը, ստանալով Ծառայության հաղորդագրությունը, անհապաղ արգելանք է կիրառում համապատասխան չափով դրամական միջոցների նկատմամբ, եթե տվյալ կատարողական վարույթով մինչ այդ արգելանք կիրառված չի եղել, և երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան չափով դրամական միջոցները փոխանցում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։
15. Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին որոշումները խաղային գործունեության կազմակերպչի կողմից կատարվում են ըստ այդ որոշումների ստացման հերթականության՝ պարտապանի չարգելադրված (այդ թվում՝ այլ մարմինների ակտերի հիման վրա) կամ արգելանքից ազատված միջոցների նկատմամբ:
16. Եթե պարտապանի խաղային հաշվին առկա միջոցները բավարար չեն բռնագանձում տարածելու մասին որոշումն ամբողջությամբ կատարելու համար, ապա խաղային գործունեության կազմակերպիչը բռնագանձումն անհապաղ կիրառում է նաև խաղային հաշվին հետագայում մուտքագրված միջոցների նկատմամբ՝ մինչև բռնագանձման ենթակա գումարի չափը լրանալը։
17. Ի պատասխան պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին Ծառայության հաղորդագրության, ինչպես նաև լրացուցիչ դրամական միջոցների վրա բռնագանձում կիրառվելու յուրաքանչյուր դեպքում խաղային գործունեության կազմակերպիչը Ծառայությանն է ուղարկում Գլխավոր հարկադիր կատարողի կողմից հաստատված ձևով հաղորդագրություն` Ծառայությունից նախատեսված հաղորդագրությունը ստանալուց կամ լրացուցիչ դրամական միջոցների վրա բռնագանձում կիրառվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
IV. Պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը լրիվ կամ մասնակի վերացնելը
18. Պարտապանի դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը լրիվ կամ մասնակի վերացնելու կամ բռնագանձումը լրիվ կամ մասնակի դադարեցնելու հիմքերի առկայության դեպքում Ծառայությունը խաղային գործունեության կազմակերպչին է ուղարկում հաղորդագրություն՝ ըստ Ձև 5-ի։
19. Խաղային գործունեության կազմակերպիչը, ստանալով Ծառայության հաղորդագրությունը, պարտապանի համապատասխան չափով դրամական միջոցներն անհապաղ ազատում է արգելանքից։ Պարտապանի դրամական միջոցներն արգելանքից ազատելու վերաբերյալ հաղորդագրություն Ծառայությանը չի ուղարկվում։
-
Обсуждалось
13.06.2025 - 28.06.2025
-
Тип
Приказ
-
Область
Принудительное исполнение судебных актов
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1348
Принт