16.06.2025
Նախագծի բովանդակության ուսումնասիրությունից ակներև է դառնում, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և լավագույն շահի պաշտպանության ոլորտում, ի թիվս այլ մարմինների, առանցքային դերակատարում ունեն նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ՝ ԽՀՄ)։ ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի № 631-Ն որոշմամբ հաստատված, գործող «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության» 9-րդ կետով ամրագրված են ԽՀՄ-ների շուրջ 32 գործառույթներ, այդ թվում՝ նաև ՀՀ օրենքներով վերապահված այլ լիազորությունների իրականացում։ Կանոնադրության համաձայն՝ ԽՀՄ-ներն իրենց գործունեության ընթացքում պետք է ղեկավարվեն նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով։ Նույն կանոնադրության 9-րդ կետի 2-րդ ենթակետի դ) կետով ամրագրված է, որ ԽՀՄ-ները իրականացնում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթներ, ինչը չի համապատասխանում այժմ գործող «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին։ Նախագծի 21-րդ կետի 1) ենթակետի, 29-րդ , 37-րդ և 87-րդ կետերով ամրագրված երեխայի խնամքի կազմակերպմանն ուղղված ԽՀՄ-ների գործառույթների իրականացումը չի համապատասխանում կանոնադրությամբ առկա լիազորությունների շրջանակին։