ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը.
ՀՀ հողային օրենսգրքի գործող իրավակարգավորումների շրջանակում, ամբողջությամբ կարգավորված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հանված հողամասերի մասնավորեցման ընթացակարգերը, մասնավորապես՝ համայնքներին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի տիրապետման մասով համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների տեսանկյունից։
Վերը նկարագրվածի համատեքստում, իրավակիրառական պրակտիկայում, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հողամասերը հանելու և մասնավորեցնելու գործընթացը կազմակերպվում և իրականացվում է նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու միջոցով։
Ըստ էության, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հողամասերը հանելու և մասնավորեցնելու գործընթաց իրականացնելիս, բացակայում է նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, միաժամանակ, այն համարվում է լրացուցիչ վարչարարություն, ինչպես համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների, այնպես էլ գործադիր իշխանության մարմինների համար։ Նկարագրված իսնտիտուցիոնալ և իրավակիրառական խնդիրների լույսի ներքո՝ փոխվարչապետ Տ.Խաչատրյանի կողմից տրվել է 11.04.2025թ. № //11435-2025 հանձնարարական, որի արդյունքում մշակվել է սույն հիմնավորման առարկա հանդիսացող «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
2․ Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Առաջարկվող լրացումով կարգավորվում է նախկինում պետական սեփականություն հանդիսացող և համապատասխան համայնքներին Կառավարության որոշումներով փոխանցված, փոխանցման պահին Կառավարության վերոնշյալ որոշումներով չմասնավորեցվող դասված, սակայն դրանից հետո համայնքների գլխավոր հատակագծերում կամ հողամասերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում, ինչպես նաև դրանցում իրականացված կամ իրականացվող փոփոխություններում նշված հողամասերի մասով նման սահմանափակում չնախատեսող հողամասերի հետագա տնօրինումը՝ առանց նշված որոշումներում փոփոխություն կատարելու:
Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքների տեղական ինքնակառավարման մարմնինների, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի լիազորությունները, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքներին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի տիրապետման մասով: Նախագծով առաջարկվում է մասնավորեցման նպատակով, քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, նպատակային նշանակության փոփոխման արդյունքում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից դուրս հանել՝ համայնքի ղեկավարի որոշմամբ։
Ըստ էության, համայնքի ղեկավարին տրվում է լիազորություն, որով վերջինս ստանում է իրավասություն, օրենքով սահմանված կարգով և դեպքերում, համապատասխան հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխված լինելու պարագայում՝ իր որոշմամբ, հողամասը հանել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից։
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման և օրենքով սահմանված ժամկետներում ուժի մեջ մտնելու արդյունքում, անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել նաև Կառավարության այն որոշումներում, որոնցով սահմանվում են հողերի նպատակային նշանակության փոփոխման և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմման ընթացակարգերը։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Քաղաքաշինության կոմիտեի մասով 1-ին կետի՝ (Տարածքային մակարդակում պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում) 1.1-ին ենթակետի («Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում» 2017-2024 թվականների ծրագրի շրջանակներում՝ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում) միջոցառման կատարումից։
-
Обсуждалось
23.05.2025 - 07.06.2025
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1608
Принт