«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագրում սահմանված է այնպիսի գործառույթ (վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառում), որը նշված որոշմամբ չի կարգավորվում։ Ընդ որում, վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության մեկ այլ՝ 2008 թվականի մարտի 13-ի թիվ 292-Ն որոշմամբ հաստատված կարգով։
Բացի այդ, Որոշմամբ սահմանված գործող կարգի որոշ դրույթներ չեն համապատասխանում նոր ընդունված կամ փոփոխությունների ենթարկված մի շարք օրենքների և թույլ չեն տալիս՝ լիարժեք իրականացնելու այդ օրենքների պահանջները։
Որոշմամբ սահմանված գործող կարգի համաձայն՝ այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքերով, պահվում են ընդամենը 5 տարի, որի հետևանքով հնարավոր չէ լիարժեք կատարել որոշ օրենքների դրույթների պահանջներ։ Մասնավորապես, համաներման մասին ընդունված օրենքներում պահանջվում է այն չկիրառել վերջին 10 տարվա ընթացքում համաներմամբ քրեական պատասխանատվությունից ազատված անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ այդ անձանց վերաբերյալ հաշվառման քարտերը գործող որոշմամբ պահվում են ընդամենը 5 տարի։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը․
Որոշ հանրային ծառայության մարմինների (ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե և այլն) մասին օրենքներում սահմանվում է, որ պաշտոնի չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, կամ որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, կամ որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Նշված պահանջը նույնպես հնարավոր չէ ապահովել վերը նշված տեղեկությունների 5 տարվա պահպանման պարագայում։
Վերացվում է նաև միևնույն արարքը կատարած և դրա համար պատիժը կրած քաղաքացիների և վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ կամ համաներման կիրառմամբ պատժի կրումից կամ քրեական հետապնդումից ազատված քաղաքացիների քարտերի պահպանման ժամկետների էական տարբերությունը․ մի դեպքում մինչև անձի 80 տարին լրանալը, իսկ մյուս դեպքում՝ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո ընդամենը 5 տարի։
Վերացել է նաև առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված, ազատազրկման վայրերում մահացած, ինչպես նաև դատապարտված, սակայն ռեաբիլիտացնող հիմքերով արդարացված անձանց քարտերի մշտապես պահման անհրաժեշտությունը։
Դատապարտված, սակայն ռեաբիլիտացնող հիմքերով արդարացված անձանց քարտերի մշտական պահման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել բռնադատված անձանց և նրանց ժառանգների օրենքով սահմանված իրավունքներն ու լիազորությունները իրացնելու նպատակով, սակայն նշված կատեգորիայի անձանց վերաբերյալ գործերը փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայություն, իսկ հետագայում՝ հանձնվել Ազգային արխիվ։
Բոլոր անձանց քարտերի պահման ժամկետը սահմանվում է մինչև անձի 80 տարին լրանալը, եթե լրացել է վերջինիս պատժի կրման ժամկետը։
Անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ հանվել է նախկինում Ոստիկանության կառուցվածքում գործող, ներկայումս քննչական կոմիտեի կազմում գտնվող «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անձի մատնադրոշմային բանաձևը հաշվառման քարտում լրացնելու գործառույթը, որի արդյունքում հաշվառման քարտերը քրեակատարողական հիմնարկներից ինֆորմացիոն կենտրոն կստացվեն ուղղակիորեն։
Բովանդակային փոփոխության է ենթարկվել հաշվառման Ձև1 քարտը, Ձև5 տեղեկացումը, և հանվել է գործնականում չօգտագործվող հաշվառման Ձև4 քարտը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն է ստեղծվում հաշվառել և տեղեկատվություն տրամադրել անձի նկատմամբ քրեական հետապնդման առկայության կամ դրա բացակայության վերաբերյալ, իսկ գործող կարգով դա հնարավոր չէ իրականացնել, քանի որ հաշվառման են վերցվում միայն կալանավորված անձինք։
Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված՝ էականորեն կրճատվել են անձի դատվածության, քրեական հետապնդման կամ հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամկետները՝ 7 աշխատանքային օրվա փոխարեն սահմանվում է 3 աշխատանքային օր։
Առաջարկվող փոփոխություններով սահմանվում են անձին ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների վերաբերյալ պրոբացիայի պետական ծառայության մարմիններից և զինվորական մասերից, ինչպես նաև՝ անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ռեաբիլիտացնող հիմքերով դադարեցնելու դեպքում վարույթ իրականացնող մարմիններից տեղեկատվության ստացման գործընթացները։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
29.04.2025 - 14.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Уголовно-исполнительная
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1615
Принт