Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
  2. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ նաև Օրենք) 8-րդ հոդվածով սահմանված է, որ Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից։ Սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերումը պետք է իրականացվի գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գնման գործընթացի ընթացակարգով, որն էլ իր մեջ ներառում է գնումների պլանավորում, գնման գործընթացի կազմակերպում, գնման առարկայի բնութագրերի հաստատում, գնման պայմանագրի կնքում, պայմանագրի կատարում և կառավարում։ Հարկ է նկատել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստման, իրականացման անհրաժեշտությունը կարող է ծագել անմիջականորեն և դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հրատապությունը պահանջի գնման գործընթացն իրականացնել կարճ ժամանակահատվածում, ինչը հնարավորություն չի տալիս պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու ընթացակարգերը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել օպերատիվ ծախսերի կատարման կարգը կանոնակարգել առանձին ենթաօրենսդրական իրավական ակտով։ Սույն Նախագծով առաջարկվում է լիազորող նորմ նախատեսել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում, որի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կատարման և փաստաթղթավորման կարգը կսահմանի օպերատիվ-հետախուզական գոր­­ծունեություն իրականացնող մարմնի ղեկավարը։ Միաժամանակ սահմանելով, որ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆի­նան­­սա­կան միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գոր­ծունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենս­­դրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։
  3. Անդրադառնալով առաջարկվող մյուս փոփոխությանը՝ հարկ է նշել, որ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր` կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։

 Օրենքով նախատեսված նման սահմանափակումը գործնականում առաջացնում է դժվարություններ կոռուպցիոն հանցանքների մասնավորապես՝ կաշառք տալ, ստանալ հայտնաբերման, կանխման, խափանման և բացահայտման համար: ՀՀ քրեական օրենսգրքի վերոհիշյալ հանցատեսակները նախատեսող հոդվածների 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված արարքները դասվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչը թույլ չի տալիս ենթադրյալ արարքը կատարած անձի նկատմամբ կիրառել օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ գործիքակազմը, իսկ թույլատրելի միջոցառումներով կոռուպցիոն հանցատեսակների բացահայտման խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է: Այսպես՝ կոռուպցիայի դեմ պայքարի առօրյա աշխատանքի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում պաշտոնատար անձանց պարգև կամ ավետչեք /մաղարիչ/ տալու դեպքերը դասվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հանցատեսակների սուբյեկտները փոխադարձ շահագրգռվածություն ունեն և խուսափում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց, նման պայմաններում ՕՀԳ իրականացնող մարմինները զրկված են կոռուպցիոն նման դրսևորման դեմ պայքարի անհրաժեշտ գործիքակազմից, իսկ ներկա պահին օրենքով թույլատրելի միջոցառումները չեն լուծում այդ խնդիրները:

Վերոգրյալից ելնելով՝ Նախագծով առաջարկվում է Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ պետություններում ևս առկա է Նախագծով առաջարկվող կարգավորումները, այսպես՝ Ռուսաստանի Դաշնության Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանվում է, որ հեռախոսային և այլ խոսակցությունների գաղտնալսումը թույլատրվում է միայն միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց, ինչպես նաև այդ հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող անձանց առնչությամբ (8-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ): Իսկ Լիտվայի Հանրապետության Քրեական հետախուզության մասին  օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Քրեական հետախուզությունն իրականացվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների և Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործությունների դեպքում (մասնավորպես՝ ընտրությունների կամ հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելը (4-5 տարի ազատազրկ․), ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ կեղծելը կամ կեղծ ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ օգտագործելը (3-6 տարի), ընտրությունների ձայների սխալ հաշվարկ, ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ ոչնչացնելը, փչացնելը, առգրավելը կամ թաքցնելը, էլեկտրոնային վճարման միջոցի կամ դրա տվյալների ապօրինի օգտագործումը, կաշառքը տալը, կաշառք ստանալը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը (մինչև 5 տարի ազտազրկում 1-ին մասով հոդվածի և այլն)։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242–րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն՝ «Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով:»։

Ինչպես նկատում ենք քրեական դատավարության օրենսդրությամբ գաղտնի քննչական գործողությունների կատարման պայմանների մեջ ոչ միայն առանձնացնվում է հանցանքի ծանրության աստիճանը, այլ նաև՝ հանցանքի բնույթը։

Այսինքն՝ կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների բացահայտման պարագայում հանցանքի ծանրության աստիճանը նշանակություն չունի գաղտնի քննչական գորոծողության կատարման համար։

  1. Ուստի նույն տրամաբանությամբ Նախագծով ևս առաջարկում ենք օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման ժամանակ ոչ միայն հաշվի առնել հանցանքի ծանրության աստիճանը, այլ որոշ բացառիկ դեպքերում՝ հանցանքի բնույթը։«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Օպերատիվ հարցումը՝ կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով:

Վերոնշյալ սահմանման համաձայն՝ հարցումը ենթադրում է նաև իրավաբանական անձանց հարցումներ անելու և պատասխաններ ստանալու միջոցով տեղեկությունների հավաքումը, այնուամենայնիվ «օպերատիվ հարցում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը հնարավորություն չի ընձեռում պետական մարմիններից կամ իրավաբանական անձանցից ստանալ այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են օրինակ՝ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը, քանի որ այդպիսի տեղեկատվություն ձեռք բերելու համար Օրենքով նախատեսված է այլ օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ամրագրված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որը սակայն  ուղղված է միայն ապագային և հնարավոր չէ ստանալ տեղեկություններ արխիվային (նախկին) տվյալների հետ կապված։

Բացի այդ, հարկ է նշել, որ հաճախ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 6-րդ մասի կամ 175-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնելու դեպքում հանցանքի մասին տեղեկատվությունը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց փոստային հաղորդումները քննիչի կամ դատախազի նախաձեռնությամբ ուղարկվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգելու համար։ Նշված դեպքերում ստուգման ընթացքում շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել ֆիզիկական անձանց առնչվող արխիվային (նախկին) այնպիսի տեղեկություններ, ինչպեսիք են օրինակ՝ ստուգվող անձի կողմից նախկինում կատարված  ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։

Ինչը համապատասխան իրավական գործիքակազմ չունենալու պարագայում հնարավոր չի լինում իրականացնել։

Այս համատեքստում հարց կարող է առաջանել, թե Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ամրագրված՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ևս կարող են ստացվել ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով իրականացվող հաղորդակցության վերաբերյալ վերը նշված տվյալները, սակայն պետք է նշել, որ տվյալ դեպքում տեղեկատվությունը ստացվում է միջոցառումը սկսելու պահից, և նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումը հնարավորություն չի ընձեռում ստանալ արխիվային (նախկին) տվյալներ, քանի որ խոսքը վերահսկման մասին է, իսկ վերահսկել կարելի է ընթացիկ պրոցեսը և ոչ թե արխիվային տվյալները։ Ուստի, վերոգրյալը հաշվի առնելով՝ նախագծով առաջարկվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում դատարանի թույլվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներում ավելացնել  նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։

 

  1. Նախագծով առաջարկվում է նաև Օրենքի 37-րդ հոդվածում կատարել փոփոխություն և օրենսդրորեն սահմանել դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ հարցման միջնորդությանը ներկայացվող պահանջները։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունումը չի բխում վերոհիշյալ ռազմավարական փաստաթղթերից:

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը կխմբագրվի, որով կսահմանվի, որ Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆի­նան­­սա­կան միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գոր­ծունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ օրենս­­դրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Բացի այդ, պետական մարմնի ղեկավարի իրական ակտով սահմանվելու է օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգը։

Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝  առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում: Նախագծով կատարվող մյուս փոփոխությամբ նախատեսվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներում լրացնել նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության համատեքստում  առաջարկվում է օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 11–ին մասով, որով կսահմանվի, թե ինչ տվյալներ պետք է ներառվեն «օպերատիվ հարցում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունում։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ միաժամանակ անհրաժեշտ կլինի լրացում կատարել նաև օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ նախատեսվող տեղեկությունների ցանկում ներառելով նաև օրենքի 37-րդ հոդվածի 1.1–ին մասը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.

       Նախագիծը մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

 

6 Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կապահովվի օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգի սահմանում՝ օպերատիվ-հետախուզական գոր­ծունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից, Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կիրականացվեն նաև կաշառք տալու, կաշառք ստանալու հոդվածներով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև կատարվող մյուս փոփոխությունների արդյունքում օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատարանի թույլվությամբ կիրականացվի նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։

 

 

ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

 

  • Обсуждалось

    15.04.2025 - 01.05.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2276

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: