ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 105-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 105-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում միասնական/համանման քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի հունվարի 14-ին կայացած գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության շրջանակներում 2024 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին խորհրդակցության N Վ/05-2025 արձանագրության 2-րդ կետի 1-ին մասի 1.5 ենթակետի (միջոցներ ձեռնարկել խոշոր տնտեսություններին աջակցելու, հողակտորները խոշորացնելու ու ներդրողներին տրամադրելու, կոոպերացիան զարգացնելու ուղղությամբ) հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասը անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում, մեկնարկից՝ 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 2772 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 4199 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1495 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2684 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռքբերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 22․9 մլրդ դրամ, լիզինգի գումարը՝ 18.7 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3.5 մլրդ դրամ:
Միայն 2025 թվականին, մարտի 1-ի դրությամբ գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 94 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 128 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1 միավոր կոմբայն, 33 միավոր տրակտոր, լիզինգի գումարը կազմել է 389.7 մլն դրամ։
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրով սահմանված լիզինգի առարկաների առավելագույն գումարի սահմանաչափը բարձրացնելու համար Էկոնոմիկայի նախարարություն են դիմել գյուղատնտեսությունում տնտեսավարողներ, մասնավորապես «Այգեգործների և խաղողագործների հայկական ասոցիացիա» Հ/Կ-ի անդամ հանդիսացող և Ասոցիացիայի հետ համագործակցող տնտեսավարողները։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով նպատակ է դրվել շարունակել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի օժանդակության ծրագիրը՝ յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնելով առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման հասանելիության ապահովումը (էջ՝ 46)։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում շահառուն կարող է ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, որով կարող է հիմնել շուրջ 20 հա ջերմատուն, իսկ ինտենսիվ այգեգործության ծրագրով նպաստում ենք մինչև 500 հա այգեհիմնմանը՝ 1 տնտեսավարողին աջակցելով շուրջ 15 մլրդ դրամի վարկավորմանը։
Առաջարկվող փոփոխությունը բխում է նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի հունվարի 14-ին կայացած գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության շրջանակներում 2024 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին խորհրդակցության N Վ/05-2025 արձանագրության 2-րդ կետի 1-ին մասի 1.5 ենթակետի հանձնարարականի պահանջներից։
Գործող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը կազմում է առավելագույնը 250,0 մլն դրամ և լիզինգառուներին հնարավորություն չի տալիս ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ծրագրի շրջանակում նույն լիզինգառուին ձեռք բերել մինչև 500,0 մլն դրամ արժեքով լիզինգի առարկաներ, ինչը կնպաստի գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման և ծախսերի կրճատման միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծմանը։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ 2025 թվականի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի գծով տրամադրված միջոցների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կներկայացվեն միջնաժամկետ ծախսային ծրագրերով՝ ելնելով փաստացի արդյունքներից։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի նոր հավաքակազմով վերազինմանը, գյուղատնտեսության ինտենսիվացմանը, տնտեսավարողների եկամուտների կայունացմանը։
Այլ տեղեկություններ:
Այլ տեղեկություններ չկան:
-
Обсуждалось
01.04.2025 - 16.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 897
Принт