«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Անհայտ կորած անձանց առնչվող հարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն, դրանք որոշակի կարգավորում ստացել են Քաղաքացիական օրենսգրքով (ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատարանի կողմից անհայտ բացակայող և մահացած ճանաչելու կարգավորումների մասով), «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքով, Կառավարության որոշումներով և Պաշտպանության նախարարի հրամանով։ Ընդհանուր առմամբ, վկայակոչված իրավական կարգավորումներով որոշակի հպանցիկ անդրադարձ է կատարվել քննարկվող իրավահարաբերություններին: Ընդ որում, թեև նշված իրավական ակտերի այս կամ այն դրույթներով հիմնականում սահմանվում է անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների կողմից որոշակի սոցիալական աջակցություն ստանալու հնարավորությունը, անհայտ կորած անձանց առնչվող խնդիրները չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրմամբ։
Փաստորեն, վերոգրյալի հաշվառմամբ՝ հարկ է արձանագրել, որ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամներին տարբեր իրավական ակտերում կա որոշակի անդրադարձ, մինչդեռ նշված դրույթները թերի են, շատ դեպքերում ընդամենը հղումներ են կատարվում այլ օրենքներին կամ նշվում է, որ կոնկրետ սուբյեկտի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է այլ սուբյեկտի սոցիալական պաշտպանության համար սահմանված կարգով, այսինքն, դրանք բավարար չեն իրավական դաշտը կարգավորված դիտելու համար: Բացի այդ, առկա կարգավորումների համապարփակ բնույթ չկրելու պայմաններում շատ դեպքերում հավանական շահառուի համար դժվարություն է առաջացնում նույնիսկ այս կամ այն սոցիալական երաշխիքի կամ արտոնության, դրանց տրամադրման ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալը:
Հետևաբար, առկա է պետության կողմից առավել համապարփակ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն: Այլ կերպ՝ անհրաժեշտություն կա առանձին իրավական ակտի տեսքով անդրադարձ կատարել բարձրացված խնդիրներին՝ սահմանելով հստակ օրենսդրական կարգավորումներ, տարբեր իրավական ակտերում հպանցիկ կերպով կարգավորում ստացած հարցերը կանոնակարգել օրենքով՝ որոշակի և համակարգված ձևաչափով, իրավական ակտում ամրագրել անհայտ կորած անձի իրավական սահմանումը՝ հաշվի առնելով այն, որ այն ամրագրված չէ ՀՀ օրենսդրությամբ:
Ոչ պակաս կարևոր է նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ առկա չէ ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազա, սահմանված չեն նաև պետական մարմինների և մասնավոր անձանց միջև անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համապատասխան մեխանիզմներ։ Ընդ որում, միասնական բազայի ստեղծումը և վարումն առաջին հերթին պետք է սկսել անհայտ կորած անձանց իրավական սահմանումից, այսինքն՝ նախ օրենսդրորեն սահմանել, թե ով պետք է համարվի անհայտ կորած ռազմական գործողություններում, զինված հակամարտությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության արդյունքում, որպեսզի հնարավոր լինի դասակարգել նման դեպքերը և վարել նման դեպքերի առանձին ընդհանուր ռեգիստր: Նշվածի նպատակն է ձևավորել էլեկտրոնային տվյալների միասնական բազա, որը պարունակում է տեղեկատվություն անհայտ կորածների մասին, ինչպես նաև անձանց անհայտ բացակայող կամ նրանց մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության կամ բացակայության մասին։ Միասնական բազայի ստեղծումը կնպաստի քննարկվող անձանց վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ վիճակագրության վարմանը։
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վերը նկարագրված խնդիրների առկայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ 1) և հարակից օրենքների նախագծերը: Ընդ որում, Նախագիծ 1-ով կկարգավորվեն ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավական վիճակին առնչվող իրավահարաբերությունները: Մասնավորապես, Նախագիծ 1-ով սահմանվում են քննարկվող օրենքի իմաստով անհայտ կորած անձի հասկացությունը, իրավական կարգավիճակը, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնման, հայտնաբերման և վերադարձման հետ կապված հարաբերությունները։ Նախագիծ 1-ի իմաստով առաջարկվում է անհայտ կորած անձ դիտարկել զինծառայողին, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձին, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականին, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով, կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող եռամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, և նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից ծառայության կամ նրա մշտական բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի և ճակատագրի մասին: Նախագիծ 1-ով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝ անհայտ կորած անձի անհետացման պատճառների և հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի (եթե այն հայտնի է) վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը (մասունքները) ստանալու իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը, իրենց նախաձեռնությամբ և լիազոր մարմնի համաձայնությամբ, լիազոր մարմնին անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում օգնություն և աջակցություն ցուցաբերելու իրավունքը և այլն։ Նախագիծ 1-ով սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը, անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը և վերջինիս գործառույթների շրջանակը, անհայտ կորած անձանց հետախուզման հարցում լիազորված այլ մարմինները, անհայտ կորած անձանց հարցերով միասնական ռեեստրին առնչվող դրույթներ, միջազգային համագործակցության շրջանակները և այլ վերաբերելի դրույթներ:
Միաժամանակ, հարակից օրենքների նախագծերով կանոնակարգվում են Նախագիծ 1-ից բխող՝ անհայտ կորած անձանց հաշվառման և (կամ) հետախուզման համար լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Լիազոր մարմնի հարցմանը պատասխան չտրամադրելու համար վրա հասնող վարչական պատասխանատվությանը առնչվող հարցերը, նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ նախագծերում նշված անդամների՝ կենսաթոշակի, ինչպես նաև նպաստի իրավունքը (եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող)՝ կանոնակարգելով նաև դրա կիրառմանն առնչվող հարաբերությունները։
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծերի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին՝ սահմանելով գործուն կարգավորումներ ուղղված անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորմանը, նրանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ հնարավոր է առաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում նախատեսվեն փոփոխություններ:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերը մշակվել են ի կատարումն Կառավարության 26.12.2019 թվականի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1978-Լ որոշման 3-րդ հավելվածով նախատեսված «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի» 5.14-րդ գործողության:
-
Продолжительность
25.03.2025 10.04.2025 -
Тип
Закон
-
Область
Безопасность, Социальное обеспечение
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 435
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .