«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.
1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը.
2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.
3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.
4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն ի պահ վերցնել բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը: Այս սահմանափակումը կիրառելիս որոշման մասին իրազեկելու պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ հանձնում է որոշումը կայացրած ոստիկանության ծառայողին.
5)արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ:
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ անհետաձգելի միջամտության որոշումն ընտանիքում բռնության գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում Ոստիկանություն։
Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանիքում բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ եղող անձանց պաշտպանելու և ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.
1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը, ընտանիքում բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի մատչելիությունը.
2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.
3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.
4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն.
5) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել՝ ընտանիքում բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ եղող անձանց խնամքի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանիքում բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով.
6) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները.
7) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ.
8) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պաշտպանական որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը:
Վերը նշված որոշումների կատարման նկատմամբ ոստիկանության կողմից հսկողությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձն այս ոլորտում, և պարզվել է, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկան: Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը՝ կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու և բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով: Ֆրանսիայում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նման հսկողության համակարգերի կիրառությունը արդեն իսկ արդարացրել է իրեն:
Նշվածով պայմանավորված՝ ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման, արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու նպատակով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 22-ի թիվ ՀՕ-109-Ն օրենքով լրացում է կատարվել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում, որի կարգավորումների համաձայն «Անհետաձգելի միջամտության որոշման» և «Պաշտպանական որոշման» շրջանակներում ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ հնարավոր է լինելու կիրառվել էլեկտրոնային հսկողության միջոցներ, նշված օրենքը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի Հուլիսի 1-ից։
Հարկ է նշել որ, ներկայումս «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված չէ դրույթ, որը կպարտավորեցնի ընտանիքում բռնություն գործադրած անձին կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, ուստի «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի համար նախատեսել պարտավորություն կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է պատասխանատվություն էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար։
Նախագծով նախատեսվող կարգավորումներն ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց էլեկտրոնային հսկողությունից խուսափելու կամ հրաժարվելու դեպքերի բացառմանը։
Ավելին, ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 1986-Ն որոշման 29-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային հսկողության իրականացման ընթացքում ընտանիքում բռնություն գործադրածի դիտավորյալ ներթափանցումն էլեկտրոնային հսկողության իրականացման կարգով սահմանված տագնապի գոտի կամ նախազգուշացման (բուֆերային) գոտի կամ իրավասու անձի` տագնապի գոտին կամ նախազգուշացման (բուֆերային) գոտին լքելու պահանջը չկատարելը կամ էլեկտրոնային հսկողությունից խուսափելը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության, այնինչ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով էլեկտրոնային հսկողությունից խուսափելու կամ հրաժարվելու դեպքերում պատասխանատվություն նախատեսող նորմ առկա չէ։
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի համար նախատեսել պարտավորություն կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է պատասխանատվություն էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար։
3.Ակնկալվող արդյունքը
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պատասխանատվություն կնախատեսվի ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Продолжительность
25.03.2025 09.04.2025 -
Тип
Закон
-
Область
Борьба с насилием в семье и защита прав несовершеннолетних
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 348
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .