Добавить в избранное

В стадии разработки

«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման, ինչպես նաև այդ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին աջակցության տրամադրման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման, ինչպես նաև այդ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին աջակցության տրամադրման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ ելնելով «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց (այսուհետ՝ շահառու) տնտեսական ակտիվացման անհրաժեշտությունից։

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների  ավելացման, ինչպես նաև նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծման նպատակով նախագծով առաջարկվում է հաստատել երկու ծրագիր՝ վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման, ինչպես նաև այդ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին աջակցության տրամադրման ծրագրերը։

Առաջին դեպքում՝ ծրագրում կարող են ընդգրկվել ««Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ այն անձինք, որոնք Միասնական սոցիալական ծառայության  տարածքային կենտրոնի աջակցությամբ երկու ամսվա ընթացքում չեն դարձել զբաղված։

Նախագծով առաջարկվում է որպես վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներ դիտարկել՝

  • քաղաքաշինություն և ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները,
  • սոցիալական և համայնքային ծառայություններ, այդ թվում՝ միայնակ տարեցներին և խնամքի կարիք ունեցող այլ անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների (խնամքի և սպասարկման) մատուցումը,
  • գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական բնակավայրերում մշակաբույսերի աճեցման և ոռոգման հետ կապված, անտառների և կանաչապատ տարածքների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքները,
  • մշակութային ժառանգություն և զբոսաշրջության զարգացում, այդ թվում՝ պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման, տուրիստական արահետների կառուցման և բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները.
  • կրթություն, այդ թվում՝ ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական, մասնագիտություն չպահանջող աշխատանքները։

Ծրագրի կազմակերպման աշխատանքները նախատեսված են e-work.am հարթակի միջոցով։ Մասնավորապես, նշված ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության, համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի (այսուհետ՝ գործատու) կողմից հարթակի միջոցով պետք է ներկայացվի ծրագրային առաջարկ։ Առաջարկվում է իրականացման առաջնահերթություն տալ այն ծրագրային առաջարկություններին, որոնք ապահովում են առավելագույն աշխատանքների ծավալ (մարդ/օրերի թիվ)։

Ծրագրի տևողությունն առաջարկվում է սահմանել 6-12 ամիս։

Գործատուն ծրագրում ընդգրկված անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր և մեկ մարդ/օր աշխատանքի համար առաջարկվում է գործատուին տրամադրել 6000 դրամի չափով գումար՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։

Երկրորդ դեպքում՝ ծրագրում կարող են ընդգրկվել ««Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ աշխատանք փնտրող անձինք։

Նախագծով առաջարկվում է թափուր աշխատատեղը նշված անձով համալրելու և առնվազն վեց ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ վեց ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տալ փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Աջակցությունն առաջարկվում է տրամադրել ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման, չափը հաշվարկել` փոխհատուցման ենթակա ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց եկամտով ապահովում, աշխատանքի շուկա մուտքի և զբաղվածության հասանելիության հնարավորությունների մեծացում, զբաղվածություն ունենալու նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, համայնքային ենթակառուցվածքների զարգացում, սոցիալական լարվածության նվազեցում։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի հաստատման պարագայում ծրագրերի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից կպահանջվի շուրջ 792,000,000 դրամի չափով ֆինանսական միջոց։ Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել՝

  • անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագրում շուրջ 500 շահառուի ընդգրկման հնարավորություն, որի պարագայում ՀՀ պետական բյուջեից կպահանջվի շուրջ 567,000,000 դրամի չափով գումար (500 անձ*(6000 դրամ * 21 օր * 9 ամիս)) = 567,000,000 դրամ).
  • անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին աջակցության տրամադրման ծրագրում շուրջ 500 շահառուի ընդգրկման հնարավորություն, որի պարագայում ՀՀ պետական բյուջեից կպահանջվի շուրջ 225,000,000 դրամի չափով գումար (500 անձ * (75 000 դրամ * 6 ամիս)) = 225,000,000 դրամ)։
  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում ամրագրված է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման կարևորությունը։ Բացի այդ, ՀՀ կառավարության ծրագրում կարևորվում է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների աղքատությունից դուրս գալը՝ զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ։

Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի «Ընտանեկան և սոցիալական նպաստի առանց սահմանափակումների աշխատունակ շահառուներ» գլուխ 6-ի Ռազմավարական նպատակ 4-ի Մասնավոր նպատակ 4.2.-ով ամրագրված է ընտանեկան և սոցիալական նպաստների` վճարովի հանրային աշխատանքների իրականացման ծրագրերով փոխարինումը:

 

  • Обсуждалось

    19.03.2025 - 04.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 483

Принт

Предложения

Կանանց իրավունքների տուն

04.04.2025

«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը թեև իր նպատակով դրական է ու իրավունքահեն, այնուամենայնիվ, այն առաջացնելու է տեխնիկական բնույթի խնդիրներ ու կոռուպցիոն ռիսկեր: Կազմակերպության առաջարկությունները տվյալ նախագծի վերաբերյալ հետևյալն են․ 1. Նախագծով ներկայացվել է Ծրագիր անապահով ընտանիքի աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման վերաբերյալ, որով հիմնական ու կարևոր նպատակ է առանձնացվել. Սույն ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումն է։ Ø Նշված ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում: Սակայն տեխնիկական առումով նշված հարթակում գրանցումն ունի որոշակի խնդիրներ, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ունենալ գրանցված էլեկտրոնային հաշիվ: Իսկ քանի որ ծրագիրը նախատեսված է անաշխատունակ անձանց համար, ուստի պարտադիր է դառնում նշված անձանց համար ապահովել կողմնակի հավելյալ օգնություն (աջակցություն)։ Ø Աշխատանք փնտրողը հարթակի միջոցով ներկայացնում է, թե ծրագրի որ ոլորտում իրականացվելիք աշխատանքներում է նախընտրում ներգրավվել։ Կանանց իրավունքների տան համար այս կետը խնդրահարույց է, քանի որ առանձանցված ոլորտներում իրականցվող աշխատանքները գերակշիռ մեծամասնությամբ համայնքային ենթակայության աշխատանքներն և նաև նեղ մասնագիտական որակավորում պահանջող, որոնք էլ, ըստ էության, ծրագրով նախատեսված 6-12 ամսում հնարավոր չէ յուրացնել և ունենալ զգալի արդյունք, ներգրավվել աշխատաշուկայում և ձեռք բերել ֆինանսական անկախություն։ 2. Հաջորդ խնդիրը հետևյալն է․ Ծրագիրը ֆինանսավորվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին. Ø Սույն կետի առնչությամբ նշում ենք հետևյալը. Ծրագրում ներառված աշխատանքները մեծամասամբ իրենցից ներկայացնում են համայնքային աշխատանքներ ու դրանց ֆինանսավորումը կատարվում է համայնքի բյուջեի միջոցների հաշվին: Տվյալ դեպքում, եթե կրթության ոլորտում իրականացվող աշխատանքներում ներգրավվելու դեպքում աշխատավարձի վճարումը կկատարվի պետական բյուջեի միջոցների հաշվին, ապա համայնքային ծառայողի աշխատավարձը գոյանում ու վճարվում է համայնքային բյուջեի միջոցներից: Տվյալ դեպքում չի կարգավորվում, թե ինչ կարգով է պետական բյուջեից աշխատավարձը փոխանցվելու համայնքային բյուջե ու վճարվելու աշխատողներին:

GAYANE SIRADEGHYAN

02.04.2025

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի վերաբերյալ առաջարկում եմ ա.վարձատրվեղ հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրում ընդգրկել նաև ՄՍԾ տարածքային կենտորններում հաշվառված աշխատանք փնտրողներին և գործազուրկներին, ովքեր որ սահմանված կարգով կունենան առնվազն վեց ամսվա հաշվառում: բ. ծրագրի տևողությունը երկարացնել մինչև 2 տարի՝ / 6-12 ամսվա փոխարեն/: գ. գործատուի ծրագրային առաջարկը հաստատվելուց հետո պայմանագրի կնքման մեկ աշխատանքային օրը փոխարինել երեք աշխատանքային օրով՝ լրացուցիչ ուսումնասիրությունների և այլ կազմակերպչական աշխատանքների համար: դ. e-work.am կայքում աշխատանք փնտրողների գրանցման պարտավորությունները դնել սոցիալական ծառայությունների մասնագետների վրա

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

01.04.2025

Առաջարկում ենք ծրագրի շահառու դարձնել նաև ոչ լրիվ աշխատաժամակով աշխատել ցանկացող անձանց: Հիմնավորում: Նախագծում առաջարկվում է ծրագրի շահառու դարձնել միայն այն անձանց, ում հետ կկնքվի մեկ դրույքով աշխատանքային պայմանագիր: Այս պահանջը անհավասար պայմաններ է ստեղծում կանանց համար, ինչպես նաև դուրս թողնում հաշմանդամություն ունեցող աշխատունակ անձանց: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային իրավունքում անդրադարձել է ոչ լրիվ դրույքով աշխատանքին, նշելով, որ երբ կես֊դրույքով աշխատողների համար սահմանվում են ավելի վատ պայմաններ, սա կարող է գնահատվել որպես անուղղակի խտրականության կանանց նկատմամբ, քանի որ ժամանակակից աշխարհում կանայք են հաճախ կրում աշխատանքն ու ընտանեկան պարտականությունները համատեղելու բեռը (տես՝ Di Trizio v. Switzerland https://hudoc.echr.coe.int/eng?i=001-160692 ):

Узнать больше