Կանանց իրավունքների տուն
29.03.2025
«Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունը նկատում է, որ ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշմամբ սահմանվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին: Նույն որոշմամբ կարգավորման են ենթարկվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ Օրենքում սահմանված զենքի ու փամփուշտների կիրառման, փաստաթղթաշրջանառության, ԴՆԹ բնութագրերի հաշվառման վարման կարգն ու պայմանները: Նշված որոշումներում, ինչպես դրանց հիմք հանդիսացող մայր օրենքներում նշված գործառույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Մինչդեռ, առաջարկվող նախագծով մտադրություն կա «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ Օրենքում, ինչպես նաև դրանք հարակից ՀՀ կառավարության որոշումներում կատարել փոփոխություններ և նշված լիազորությունը, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը հանձնել ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշմամբ ստեղծված «Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: «Կանանց իրավունքներ տուն» հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում սույնով ներկայացվող առաջարկի վերաբերյալ հետևյալ հիմնավորմամբ.. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է` 1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից. 2) բժշկական կազմակերպություն ներկայացնել ոչ հոժարակամ հետազոտությունից և (կամ) բուժումից խուսափող անձանց. 2.1) հոգեբուժական կազմակերպություն ներկայացնել ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց. 3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիր, տառապում են գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող անձանց օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու կամ հետազոտելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ. 3.1) օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև անչափահասներին սահմանված կարգով հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելու դեպքում այդ մասին տեղյակ պահել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին. Կազմակերպությունն անհիմն է համարում նշված գործառույթի փոխանցումն այլ կառույցի, քանի որ այն կարող է վերածվել ոչ այնքան հասցեական գործածության զենքի, մինչդեռ այն Ոստիկանության լիազորության մեջ թողնելը կարող է նպաստել բռնության կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Ավելին, ներկայումս առկա պրակտիկան ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության բացահայտված դեպքերի թիվը գնալով աճում է ու դրանցում անմասն չեն մնում նաև զենքի կիրառմամբ կատարված հանցագործությունները: Կարևորում ենք, առավել խիստ ու կտրուկ քայլերը, ոչ միայն կանոնակարգելու քաղաքացիների կողմից զենքի ձեռք բերման, փաստաթղթավորման, դրա հետ կապված ու դրանից բխող հաշվառումների իրականացումը Ոստիկանության կողմից վարելը, այլև բացառում ենք նշված լիազորությունները այլ ՊՈԱԿ-ի փոխանցելը: Նշվածը հավաստվում է նաև նրանով, որ վերոնշյալ հովածի 1-ին ենթակետը ուղղակիորեն սահմանում է պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից : «Կանանց իրավունքներ տուն» հասարակական կազմակերպությունն գտնում է, որ առկա նախագիծն ուղղակիորեն խախտում են քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը, առավել խոցելի դարձնում դրանց պաշտպանությունը, միևնույն ժամանակ պակասեցնում Ոստիկանության կողմից կիրառվող լիազորությունների շրջանակը: