ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Արդյունավետ, անկախ և հանրության վստահությունը վայելող դատական համակարգի կայացումը Արդարադատության նախարարության գործունեության առանցքային ուղղություններից են։ Ի կատարում նշյալ ուղղության ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թվականների ռազմավարական նպատակներ ամրագրվեցին, ի թիվս այլնի, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը, վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացումը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումը, ինչպես նաև արդարադատության որակի բարձրացումը։[1]
Վարչադատավարական ոլորտի բարեփոխումների իրականացումը՝ մի կողմից ուղղակի ազդեցություն ու նշանակություն է ունենում արդար դատաքննության իրավունքի պատշաճ երաշխավորման վրա, մյուս կողմից՝ ուղղված է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարական նպատակների իրականացմանը: Այլ խոսքով՝ վարչադատավարական շարունակական և հետևողական բարեփոխումներն ուղղված են դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման միջոցով երաշխավորելու գործերի արդարացի, ողջամիտ ժամկետներում քննության իրավունքը, իրենց էական ազդեցությունն ունենալով նաև արդարադատության արդյունավետության և որակի վրա։
Հասարակական հարաբերությունների, դրանով պայմանավորված՝ նյութական իրավունքի զարգացման, իրավակիրառ գործունեության ընթացքում վեր հանվող խնդրահարույց իրավիճակների և բացերի, ինչպես նաև շարունակական ի հայտ եկող այլ կարիքների բացահայտման արդյունքում վարչական դատավարության որոշ ինստիտուտներ դեռևս կարիք ունեն շարունակական վերանայման և բարելավման, իսկ պրակտիկայում ի հայտ եկած տարբեր խնդիրները՝ լուծման: Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերանայման անհրաժեշտություն է առկա վարչական դատավարությունում վերաքննության առանձնահատկությունների առնչությամբ։
Այս համատեքստում, ՀՀ Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի քննության վիճակագրությունը ցույց է տալիս, որ զգալի թիվ են կազմում Վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքները: Մասնավորապես, ՀՀ վարչական դատարանում գործերի քննության 2024 թվականի հաշվետվությամբ՝ Վարչական դատարանում հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր թիվը կազմում է 15695 գործ, իսկ՝ Վարչական դատարանի բողոքարկված դատական ակտերի ընդհանուր թիվը կազմել է մոտ 7323 բողոք, որոնցից բողոքարկված գործն ըստ էության լուծող դատական ակտերի քանակը կազմում է 6597 գործ:[2] Ընդ որում, հարկ է նկատել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի հաշվետվությամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր թիվը կազմում է 8748 բողոք:
Ստացվում է, որ Վարչական դատարանի կողմից կայացված ակտերի զգալի մասը բողոքարկվում է Վերաքննիչ վարչական դատարանում, ինչը ցույց է տալիս վերաքննիչ ատյանի դատավարական գործառույթների ընդգծման ու այդ գործառույթներն իրենց նպատակին ծառայեցնելու անհրաժեշտությունը։
Այսպես, վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահմանափակվում է միայն վարչական դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ։ Նշյալը բխում է դատարանների միջև գործառութային կապն ապահովելու տրամաբանական պահանջից։ Մասնավորապես, դատարանակազմական խնդիրներով պայմանավորված` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները իրականացնում են տարբեր դատավարական գործառույթներ և համապատասխանաբար օժտված են դրանց կատարումն ապահովող տարբեր լիազորություններով։ Նման պայմաններում, պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով հնարավոր կլինի երաշխավորել և՛ արդար դատաքննության իրավունքը, և՛ դատավարական ձևերի բազմազանության կիրառմամբ հասնել արդյունավետ և որակյալ արդարադատության իրականացմանը։
Վերոնշյալի լույսի ներքո՝ վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում հաճախ վերաքննիչ ատյանի խնդիրն է դառնում յուրաքանչյուր գործով ըստ էության լուծում իրականացնելը,։ Արդյունքում, անհրաժեշտ է դատավարական գործառույթների ապահովմամբ դատարանի ծանրաբեռվածությունը թեթևացնել, երաշխավորել վերաքննիչ բողոքների քննության ողջամիտ ժամկետների իրականացման իրավական հնարավորություն՝ դատավարական պրոցեսների անընդհատություն փոխակերպելով արագ և արդյունավետ արդարադատության։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով դատական ակտերի վճռաբեկության կարգով բողոքարկման կարգին անհրաժեշտ է նշել, որ օրենսդիրը նախատեսել է Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկության կարգով բողոքների կոլեգիալ քննության ինչը ստեղծում է արդյունավետության և օբյեկտիվության լրացուցիչ երաշխիք:
Սակայն, այս համատեքստում հարկ է նկատել, որ Օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը։ Նշյալ կարգավորման բովանդակային վերլուծության արդյունքում անհրաժեշտ է իրավացիորեն նշել, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք հանդիսացող թերությունները կարող են լինել այնպիսի խախտումներ, որոնց վերացման դեպքում բողոքը կրկին կարող է ներկայացվել նույն դատարան։ Այսինքն, վճռաբեկ բողոքը վերադարձնելիս օրենսդրական հիմքերն իրենց բովանդակության այնպիսինն են, որոնց պայմաններում խոսքը գնում է օրինակ՝ վճռաբեկ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների համապատասխանությունն ապահովելու, դատավարական ժամկետների պահապանման, իսկ չպահպանելու դեպքում՝ բաց թողնված դատավարական ժամկետների վերականգման միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության կամ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդությունը մերժելու դեպքում պետական տուրքի վճարման և անդորրագիրը Վճռաբեկ դատարան ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Նման պայմաններում, վճռաբեկ բողոքի վերադարձնելու հարցը կոլեգիալ կազմով լուծելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է: Այլ կերպ ասած, օրինակ՝ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը բողոքին կցված չլինելը կամ վճռաբեկ բողոքում բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը նշած չլինելը բողոքի ֆորմալությանը ներկայացվող պահանջներ են, որոնց առկայության հիմքով վճռաբեկ բողոքի համար լրացուցիչ արդյունավետության և օբյեկտիվության անհրաժեշտությունն ուղղակիորեն բացակայում է։ Ավելին՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքերը հիմնականում իրենց բնույթով այնպիսի թերություններ են, որոնք կարող են արձանագրվել նաև մեկ դատավորի կողմից։
Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ վճռաբեկ բողոքը վերադարձվում է նաև այն դեպքերում, երբ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հանգամանքը կամ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությունը չի հիմնավորվում բողոք բերող անձի կողմից: Նման դեպքերում վճռաբեկ բողոքը վերադարձնելու ինստիտուտի իրավական նշանակություն անձին հնարավորություն տալն է շտկելու վճռաբեկ բողոքում առկա թերությունները և կրկին ներկայացնելու այն: Ստացվում է, որ նման հիմքով վճռաբեկ բողոքը թերություններն ուղղելուց հետո այն վճռաբեկ դատարան կողմից կընդունվի վարույթ՝ կոլեգիալ կազմով, իսկ այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը չհիմնավորելու հիմքով վերադարձվի և նույն բովանդակության կրկին ներկայացվի դատարան, ապա վճռաբեկ դատարանը՝ պալատի կոլեգիալ կազմով որոշում կկայացնի վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու մասին: Նման պայմաններում անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշումը պալատի մեկ դատավորի կազմով իրականացնելու հարցը լուծելիս վճռաբեկ դատարանում գործի քննության կոլեգիալությունը արդյունավետության և օբյեկտիվության լրացուցիչ երաշխիք լինելու խնդիր չունի, քանի որ Օրենսգրքով երաշխավորվում է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշում կայացնելիս պալատի կոլեգիալության կարգով գործելու սկզբունքը:
Ընդ որում, հարկ է նկատել նաև, որ խոսքը միայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու ինստիտուտի մասին է, որից հետո վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների քննությունը արդեն իրականացվելու է ընդհանուր կարգով։
Բարձրացված խնդիրը հավասարապես վերաբերում է նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով կրկին առաջարկվում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի՝ մեկ դատավորի կազմով քննություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է Վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Ամրագրելով վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ միաժամանակ, սահմանվում են որոշ բացառություններ։ Մասնավորապես, Նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննության ցանկացած փուլում, եթե կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննիչ բողոքի քննությունն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում, ապա որոշում է կայացնում վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անկացնելու մասին, ծանուցելով այդ մասին դատավարության մասնակիցներին։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Ընդ որում, այդ իրավունքի իրացման նվազագույն և կարևոր երաշխիքներն են հրապարակային դատաքննությունը (մասնավորապես` գործը քննող դատարանի, քննության առարկա գործի, քննության վայրի, ժամանակի, դատաքննության կարգի և այլնի մասին հրապարակային տեղեկությունները), ինչպես նաև դատական ակտի պարտադիր հրապարակումը:
Այս համատեքստում, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից և դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից դատավարական օրենսդրությամբ առկա են գործերի դատաքննության ընթացակարգային այնպիսի ձևեր, ինչպիսիք են դատաքննության բանավոր և գրավոր ընթացակարգերը կամ բանավորության և գրավոր քննության սկզբունքները։ Գրավոր ընթացակարգի պայմաններում գործի քննությունն իրականացվում է առանց դատական նիստերի հրավիրելու և առանց «բանավոր լսումների»՝ այսինքն՝ առանց կողմերի ուղղակի մասնակցության, որը պայմանավորված է դատավարական մի շարք առանձնահատկություններով:
Գրավոր ընթացակարգով դատաքննության միջազգային իրավական (եվրոպական) պրակտիկայի և այդ բնագավառում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի բովանդակությունն ու առանձնահատկությունները վկայում են, որ դատաքննության բանավորության և գրավոր քննության սկզբունքները հավասարապես կիրառելի են արդարադատության բոլոր բնագավառներում (ընդհանուր իրավասության (քրեական և քաղաքացիական գործերով), վարչական, սահմանադրական և մասնագիտացված այլ արդարադատության)։
Վարչական դատավարությունում դատաքննության գրավոր ընթացակարգի ինստիտուտը ՀՀ իրավահամակարգում ներդրված է սահմանադրական, ինչպես նաև վարչական արդարադատության բնագավառներում և կոչված է երաշխավորելու արդար, հրապարակային դատաքննություն որոշակի առանձնահատուկ գործերով և հանգամանքներում:[3] Դատական վերանայման ինստիտուտում ընդհանրապես, իսկ վերաքննության ինստիտուտում մասնավորապես, բողոքների գրավոր ընթացակարգերի առկայությունը ոչ միայն չի խաթարի արդար դատաքննության իրավունքի, այդ թվում հրապարակային դատավարության սկզբունքները, այլ նաև կնպաստի գործերի ողջամիտ քննության ապահովմանն ու արդյունավետ ու որակյալ արդարադատության իրականացմանը։
Նախագծով սահմանվում է վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձանց կողմից կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի պատասխանում, դրանով սահմանելով նաև վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին որոշում կայացնելու ժամկետ՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո։
Նման կարգավորման նպատակը, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները դատական քննության առարկա դարձնելու պարտականությունը ժամանակին իրականացնելն է՝ խուսափելով նաև դատավարական պրոցեսների անընդհատության ու ձգձգումները ռիսկերից։
Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է, գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձին և դատավարության մասնակիցներին դատաքննության ժամանակի ու վայրի մասին տեղեկացնելու պարտականությունը։ Այս առումով, հարկ է նկատել, որ գործող կարգավորումներն ընդհանրապես վերաբերում էին գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո դատաքննության ծանուցման վերաբերյալ կարգավորումներ։ Նման պայմաններում, նկատի ունենալով Նախագծով առաջարկվող ընդհանուր օրենսդրական կանխավարկածի ամրագրումը՝ սահմանվում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ դատաքննության ծանուցման պարտականություն, եթե, միաժամանակ, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ դատարանը եկել է եզրահանգման։
Վերոգրյալից բացի, ինչպես նաև նկատի ունենալով քննարկված ռազմավարական նպատակների կատարման տեսանկյունից իրականացվող գործողությունները, Նախագծով սահմանվում է վերաքննիչ բողոքների քննության ժամկետ, այն է՝ ողջամիտ ժամկետ, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Հարկ է նկատել նախ, որ նմանատիպ կարգավորման առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ցույց է տվել իր արդյունավետությունն ու երկարատև դատավարական պրոցեսները արագ արդարադատության փոխակերպելու դրական կողմերը, որը ՀՀ վարչական դատավարությունում ներդնելու պայմաններում ակնկալվում է նման արդյունքներ։ Մասնավորապես, նկատի ունենալով, որ սահմանվում է ընդհանուր վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ, որի պայմաններում դատական նիստեր անցկացնելու, դատական նիստերի հետաձգումների խնդիրը կրճատվում է, և դատավարական հիմնական գործողությունները սահմանափակվելու են գործի գրավոր դատաքննության և որոշման կայացման օրվա մասին կողմերին ծանուցելու մեջ, առաջարկվող 6 ամսյա ժամկետը ողջամիտ և բավարար ժամկետ կարող է համարվել դատական ակտերի կայացման և արդարադատության արդյունավետության բարձրացման համար։
Անդրադառնալով Նախագծով առաջարկվող վճռաբեկ բողոքի վերադարձնելու հարցը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի մեկ դատավորի կազմով լուծելու իրավական հնարավորության նախատեսման հարկ է հատուկ նշել, որ վճռաբեկ բողոքի վերադարձնելու իրավական այնպիսի հիմքերի պայմաններում, որոնք իրենց բովանդակության ուղղելի թերություններ են, կարող են լուծվել մեկ դատավորի կազմից։ Դրանով նախ անհարկի ծանրաբեռնվածություն չի առաջանա Վճռաբեկ դատարանի համար, միաժամանակ, հնարավորություն կտրվի վճռաբեկ բողոքին օրենսդրությամբ ներկայացվող պահանջների ապահովման համար վճռաբեկության կարգով բողոքների քննության կոլեգիալությունն ապահովել։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին նույնանման կարգավորում է առաջարկվում քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար, որի կրկին նպատակ է հետապնդում վճռաբեկ բողոքում առկա շտկելու ենթակա թերությունների մասով դատարանների կոլեգիալ կազմով որոշում կայացնելու բեռը նվազեցնել, միաժամանակ ապահովելով առանց քննության թողնելու կամ վարույթ ընդունելը մերժելու դեպքում վճռաբեկ բողոքի քննության կոլեգիալությունը: Այս առումով, հարկ է նկատել, որ նման հնարավորություն գործող դատավարական օրենսդրությամբ նախատեսված է քրեական գործերով վճռաբեկ բողոքները վերադարձնելու վերաբերյալ, որն արդյունավետորեն կիրառվում է։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ, վճռաբեկ բողոքները վերադարձնելու հարցը դատական կազմի մեկ դատավորի կազմով լուծելով նպաստել կոլեգիալության նպատակների ճիշտ երաշխավորմանը։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, իսկ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թվականների ռազմավարությունից, որում նշվում է, որ նախորդ տարիների ռազմավարական նպատակների հաշվառմամբ՝ դեռևս անհրաժեշտ են մի շարք գործողություններ, ուղղված դատական համակարգի անկախության, անկողմնակալության և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, գործերի ողջամիտ ժամկետներում քննության երաշխավորմանը, և այլ քայլեր, որոնք էապես անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացման համար: Այս համատեքստում, ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրում նշվել է, որ վարչական արդարադատության ոլորտում վարչական և վարչական վերաքննիչ դատարանների բեռնաթափման համար կարևորվելու են վարչական դատավարության խնդիրների վեր հանումը և դրանց օրենսդրական լուծումները:[4]
Ինչ վերաբերում է առաջարկվող քաղաքացիադատավարական կարգավորումներին, հարկ է նկատել, որ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թվականների ռազմավարությամբ նշվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման արդյունքում ծագած խնդիրների վերհանման և գույքագրման անհրաժեշտությունը, որը կարող է հիմք ծառայել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում իրավակիրառ պրակտիկայի կարիքներից բխող անհրաժեշտ փոփոխությունների կատարման համար։
Այսպիսով, Վարչական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործնական կիրառման կապակցությամբ մոնիթորինգի իրականացումը հնարավորություն է տալիս Արդարադատության նախարարությանը վեր հանել Օրենսգրքի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող բոլոր խնդիրները։ Այս համատեքստում, ըստ անհրաժեշտության մշակվում են համապատասխան իրավական ակտեր գործնական խնդիրների լուծման կապակցությամբ։
Նախագծերն ընդգրկում է Օրենսգրքի դրույթների գործնական կիրառման արդյունքում առաջացած խնդիրները, ինչպես նաև առաջադրված ռազմավարական նպատակների ապահովման տեսանկյունից արդարադատության որակի բարձրացմանն ուղղված կարգավորումներ են առաջարկվում։
[1] Տե՛ս ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թվականների ռազմավարություն, էջեր 3-8։
[2] Տե՛ս ՀՀ վարչական դատարանում վարչական գործերի քննության 2024 թվականի հաշվետվություն և Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Հղումը՝ https://court.am/hy/statistic-inner/248:
[3] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 2012 թվականի ապրիլի 11-ի թիվ ՍԴՈ-1020 որոշում։
[4] Տե՛ս ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, 5.3 կետ, էջ 81: