ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային Երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «ճանապարհային երթևեկության կազմակերպում» հասկացությունից հետո լրացնել նոր հասկացություն հետևյալ բովանդակությամբ․
«ճանապարհամերձ տեխնիկական ստուգում՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայի ճանապարհների գրպանիկներում իրականացվող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շահագործման պիտանիության տեխնիկական ստուգում.»։
Հոդված 2․ Օրենքի 14-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս․
«3․ Ճանապարհային երթևեկությանը մասնակցող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների՝ ավտոբուսների և 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող բեռնատար տրանսպորտային միջոցների ճանապարհամերձ տեխնիկական ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում լիազոր ստորաբաժանման կողմից։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շահագործման պիտանիության ճանապարհամերձ տեխնիկական ստուգում անցկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 3․ Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, այդ թվում՝ ԵԱՏՄ պետություններում հաշվառված և վերջին 12 ամսվա ընթացքում 180 և ավելի օր անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության սույն օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.
1) M1 և N1 կատեգորիաների, 125 խոր․սմ-ից ավելի աշխատանքային ծավալ ունեցող շարժիչով L3e, L4e, L5e և L7e կատեգորիների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկման տարեթվից հաշված հաջորդող չորրորդ տարում, այնուհետև՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.
2) M1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են որպես մարդատար տաքսի ավտոմոբիներ կամ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ինչպես նաև M2, M3, N2, N3, O3 և O4 կատեգորիաների տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է տրանսպորտային միջոցի թողարկման տարեթվից հաշված մեկ տարի հետո, այնուհետև՝ տարին մեկ անգամ․
3) T5 կատեգորիայի տրանսպորտային միջոցների, որոնց շահագործումն իրականացվում է նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա՝ առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկման տարեթվից հաշված հաջորդող չորրորդ տարում, այնուհետև՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.
4) անկախ տրանսպորտային միջոցի վերջին տեխնիկական զննության ամսաթվից, տրանսպորտային միջոցը ենթակա է տեխնիկական զննության հետևյալ դեպքերում.
ա․ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, որն ազդել է տրանսպորտային միջոցի անվտանգության հետ կապված հիմնական բաղադրիչների վրա, որոնք են՝ անիվները, կախոցը, դեֆորմացման գոտիները, անվտանգության բարձիկների, ղեկային կառավարման և արգելակային համակարգերը, տրանսպորտային միջոցի վերանորոգումից հետո մեկ ամսվա ընթացքում.
բ․ եթե վերասարքավորման արդյունքում կատարվել է տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն, վերասարքավորումից հետո մինչև տրանսպորտային միջոցը սույն օրենքի պահանջներին համապատասխան վերահաշվառելը.»․
3) լրացնել նոր 8-րդ մաս հետևյալ բովանդակությամբ․
«8․Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտում նշված ամսվա վերջին օրը։»։
Հոդված 3․ Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ և 4-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․
«3. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով M3 և N3 կատեգորիայի տրանսպորտային միջոցները ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս պետք է կահավորված լինեն արագության սահմանափակիչ սարքերով, որոնցով M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների դեպքում առավելագույն արագությունը սահմանվում է 100 կմ/ժ, իսկ N3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների դեպքում՝ 90կմ/ժ (հաշվի առնելով կարգավորող արժեքի և երթևեկության իրական արագության միջև տեխնիկական շեղման հնարավորությունները՝ վերջինիս դեպքում սահմանափակիչի վրա սահմանված առավելագույն արագությունը պետք է լինի 86կմ/ժ)։ Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում առավելագույն արագությունը սահմանվում է 85 կմ/ժ։
4․ Սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները չեն կիրառվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք
- օգտագործվում են զինված ուժերում, քաղաքացիական պաշտպանությունում, հակահրդեհային կամ արտակարգ իրավիճակների այլ ծառայություններում, հանրային կարգը պահպանելու համար պատասխանատու ուժերի կողմից․
- իրենց կառուցվածքից ելնելով չեն կարող օգտագործվել ավելի մեծ արագությամբ, քան 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը․
- օգտագործվում են գիտական փորձարկումների համար․
- օգտագործվում են միայն հանրային ծառայությունների համար՝ համայնքների տարածքներում։»
Հոդված 4․ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «(թվային տախոգրաֆի քարտի)» բառերից հետո լրացնել «և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի՝ ավտոբուսների և 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող բեռնատար տրանսպորտային միջոցների ճանապարհամերձ տեխնիկական ստուգման» բառերը։
Հոդված 5.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
- Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ․Խաչատուրյան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի «պահանջների խախտման» բառերից հետո լրացնել «և տրանսպորտային միջոցը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջներին համապատասխան անցել է տեխնիկական զննություն» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ Վ․Խաչատուրյան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2-րդ կետի 8-րդ սյունակը լրացնել «Ո» տառով։
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ Վ․Խաչատուրյան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 123-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝
«9․ Առանց M3 և N3 կատեգորիայի տրանսպորտային միջոցները արագության սահմանափակիչ սարքերով կահավորելու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
Հանրապետության նախագահ Վ․Խաչատուրյան