Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
28.02.2025
ԿԱՐԾԻՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 13․02․2025թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որով առաջարկվում է սահմանել քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած, սահմանելով բացառություններ վերաքննիչ դատարանում ապացույցներ հետազոտելու միջնորդության բավարարման, ինչպես նաև վերաքննիչ բողոքի բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտության մասին վերաքննիչ դատարանի եզրահանգման գալու դեպքերի համար։ Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնը հակառակն է․ դատական վարույթներն իրականացվում են բանավոր, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև գրավոր ընթացակարգով: Գրավոր ընթացակարգով անցկացվում են, բացառապես, ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների, սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների, հանրային մասնակիցների վարութային ակտերի (մինչդատական ակտերի) իրավաչափության դատական երաշխիքների վարույթները, վճռաբեկությունը, հատուկ և բացառիկ վերանայումները։ Օրենսդրական փոփոխությունների հիմքում դրվել է վերաքննիչ դատարանում բողոքների մեծաքանակության խնդիրը, դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման և գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։ Այսպես, չնայած, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026թթ․-ի ռազմավարությամբ ընդգծվել է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման անհրաժեշտությունը, սակայն, միևնույն ժամանակ սահմանվել են կոնկրետ ուղղություններ, որոնք հանգեցնելու էին դատարանների թեթևացմանը, և դրանք որևէ առնչություն չունեն դատարաններում դատական վարույթի իրականացման ձևերի՝ գրավոր և բանավոր ընթացակարգերի փոփոխության հետ ։ Ըստ նախագծով առաջարկվող փոփոխությունների՝ քրեական վարույթներով վերաքննիչ բողոքները կարող են քննվել բանավոր ընթացակարգով՝ վարույթի մասնակիցների կողմից դատարանին ներկայացված ապացույցներ հետազոտելու միջնորդության բավարարման դեպքում։ Մասնավորապես, վարույթի մասնակիցներն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանի փաստարկումները հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր ապացույցներ, միջնորդելու ցուցմունք տալու համար դատարան հրավիրել իրենց նշած անձին, նշանակելու փորձաքննություն, պահանջելու իրենց համար ոչ մատչելի ապացույցներ, եթե հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել, կամ օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել հետազոտելու այդ ապացույցները, հրավիրելու տվյալ անձին կամ առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն: Հարկ է նկատել, որ ապացույցներ հետազոտելու միջնորդությունը բավարարելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է պահանջի հիմնավորման բարձր շեմ, որը բազմաթիվ քրեական վարույթներով կարող է չհաղթահարվել և միջնորդությունները կարող են մերժվել։ Մինչդեռ, անձը չպետք է կաշկանդված լինի բացառապես դատարանի կողմից միջնորդության բավարարման դեպքում իր գործով վերաքննիչ քննության դատական նիստին մասնակցելու իրավունք ձեռք բերելու պայմանով։ Դատարանում դատական նիստով գործի քննությանը մասնակցելը անձի արդար դատաքննության, գործի հրապարակային քննության՝ բանավոր լսման իրավունքն է (ՄԻԵԿ հոդված 6, ՀՀ Սահմանադրություն հոդված 63), հետևաբար դատական նիստին մասնակցելու համար լրացուցիչ հիմնավորման բեռի, նախապայմանների նախատեսումը հանդիսանում է քրեադատավարական սկզբունքների խախտում՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի՝ դատաքննության իրավունքի, կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք հոդված 21, 23)։ Նկատի ունենալով, որ քրեական արդարադատության համակարգում առաջնային են ոչ միայն գործի փաստական հանգամանքները, այլ նաև հանցանք կատարած անձին բնութագրող տվյալները (պատժի անհատականացման սկզբունք), կարևոր է, որ վերաքննիչ բողոքների քննության ընթացքում դատարանն անմիջականորեն շփվի արարքը կատարած անձի հետ: Հակառակ պարագայում ստացվում է, որ անձի նկատմամբ առաջին ատյանի դատարանը նշանակում է պատիժ, այդ թվում՝ նաև հաշվի առնելով նրան բնութագրող տվյալները և նրա հետ դատաքննության ընթացքում ունեցած շփումը, սակայն պատժի իրավաչափության վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության շրջանակում վերաքննիչ դատարանը չի ունենում նույն հնարավորությունը: Եթե վերաքննիչ դատարանը պետք է գործը քննի փաստերի ու իրավունքի տեսանկյունից և մեղավորության կամ անմեղության հարցի ամբողջական գնահատում կատարի, ապա չի կարող հարցի վերաբերյալ որոշում կայացնել առանց մեղադրյալի կողմից անձամբ ներկայացված այն ապացույցների ուղղակի գնահատման, որոնք տրամադրվել են՝ ապացուցելու համար, որ ենթադրաբար քրեական իրավախախտում համարվող արարքը ինքը չի կատարել (Popovici-ն ընդդեմ Մոլդովայի, § 68, Lacadena Calero-ն ընդդեմ Իսպանիայի § 38): Այն սկզբունքը, որ լսումները պետք է հրապարակային անցկացվեն, ներառում է մեղադրյալի կողմից վերաքննիչ դատարանում անձամբ ապացույցներ ներկայացնելու իրավունքը: Այդ տեսանկյունից՝ հրապարակայնության սկզբունքը հետամուտ է լինում մեղադրյալի՝ պաշտպանության մասով իրավունքները երաշխավորելու նպատակին (Tierce-ը և այլք ընդդեմ Սան Մարինոյի, § 95): Դատավարության մասնակիցը իր գործով դատական նիստում բանավոր լսվելու հարցում չպետք է կաշկանդված լինի Վերաքննիչ դատարանի հայեցողությամբ։ Միաժամանակ, յուրաքանչյուր գործով կախված այս կամ այն թվարկված գործոնով, դատարանը կարող է տարբերակված վերաբերմունք և ոչ միատեսակ պրակտիկա դրսևորել բողոքների քննության ընթացակարգերի որոշման հարցում։ Ավելին, գործի բանավոր ընթացակարգով քննությունը նպաստում է դատական վարույթների թափանցիկությանը` ամրապնդելով հանրային վստահությունը իրավական (դատական) համակարգի նկատմամբ: Բանավոր լսումների սահմանափակումը Հայաստանում կարող է բացասաբար ազդել գործընթացի թափանցիկության և օրինականության վերաբերյալ հանրային ընկալումների վրա և խարխլել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը: Քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգը չի կարող երաշխիքներ ապահովել դատաքննության մասնակիցների արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման համար: Ելնելով, նշված նկատառումներից, առաջարկում ենք Նախագծից հանել Օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխությունը և դրանից բխող մյուս փոփոխությունները և լրացումները՝ բացառելու արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հնարավորությունները։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ