ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- ---------- 2025 թվականի N -Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 102.2-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը՝ համաձայն հավելվածի։
- Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
-ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին (այսուհետև՝ թվային համակարգ) ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները։
- Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի։
- II. ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ
3. Գործատուները աշխատանքային պայմանագիրը կնքում, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը կազմում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։
4. Աշխատանքային պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային պայմանագրում առկա տեղեկատվության հիման վրա, թվային համակարգի միջոցով, ինքնաշխատ ձևավորվում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտ (վարձու աշխատողի անհատական տվյալների գրանցման հայտ), որում ինքնաշխատ արտացոլվում են աշխատանքային պայմանագրում առկա և գրանցման հայտում ներառվող անհատական տեղեկությունները։
Գրանցման հայտում ներառվող՝ սակայն աշխատանքային պայմանագրում չներառվող տեղեկությունները գրանցման հայտում լրացվում և գրանցման հայտը հարկային մարմին է հանձնվում գործատուների կողմից՝ մինչև գրանցման հայտը ձևավորվելու աշխատանքային օրվա ավարտը։
Թվային համակարգով գրանցման հայտ ինքնաշխատ ձևավորվում է նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուի կողմից անհատական իրավական ակտ կազմելու դեպքում։
5. Գործատուների կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կազմված փաստաթղթերը արտացոլվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ»-ի համապատասխան էջում։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացների մուտքը թվային համակարգ իրականացվում է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիներինը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։
7. Աշխատանքային պայմանագիրը ստորագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կիրառելով իրավական ուժ ունեցող էլեկտրոնային թվային ստորագրություն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումների միջոցով (ներառյալ, սակայն չսահմանափակվելով CoSign կամ համակարգի ներդրման պահին առկա այլ էլեկտրոնային ստորագրության տեսակ):
8. Աշխատանքային պայմանագրում լրացվում են հետևյալ վավերապայմանները՝
1) Պայմանագրի համարը*.
2) Պայմանագրի կնքման վայրը*.
3) Պայմանագրի կնքման ամսաթիվը*.
4) Գործատուի ՀՎՀՀ և անվանումը (ֆիզիկական անձ գործատուի դեպքում անունը, ազգանունը, հայրանունը)*.
5) Աշխատողի անուն, ազգանուն, հայրանուն*.
6) Աշխատողի ՀԾՀ.
7) Աշխատողի անձնագրային տվյալները*.
8) Աշխատողի հասցեն*.
9) Աշխատանքի վայրը*.
10) Գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը*.
11) Աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը*.
12) Պաշտոնի անվանումը*.
13) Աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
14) Հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
15) Աշխատավարձը որոշելու ձևը*.
16) Աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
17) Աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*. որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաև պայմանագրի գործողության ժամկետը*.
18) Փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
19) Աշխատաժամանակի ռեժիմը և շաբաթական տևողությունը*.
20) Ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը*.
21) Աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
22) Աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
23) Կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
24) Այլ պայմաններ։
9. Սույն հավելվածի 8-րդ կետում աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Թվային համակարգը պետք է փոխգործելի լինի քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի հետ։
11. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց հետ, ինչպես նաև առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից ներգրավված փորձագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերը և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից ինքնաշխատ եղանակով փոխանցվում է թվային համակարգ, եթե այդ անձանց անձնական գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
IV. ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
12. Թվային համակարգին հասանելիություն է տրամադրվում`
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին.
3) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը։
13. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ իրականացվող հարկային հսկողության համար տրամադրվում է հասանելիություն թվային համակարգի միջոցով կնքված՝
1) աշխատանքային պայմանագրերին,
2) աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին,
3) աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին։
14. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումներին վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար տրամադրվում է հասանելիություն թվային համակարգի միջոցով կնքված՝
1) աշխատանքային պայմանագրերին,
2) աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին,
3)աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին։