Добавить в избранное

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետներն ավելացնելու և զինվորական երդում ընդունելու կապակցությամբ պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ սահմանելու, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար իրենց կարիքներին համահունչ բնակելի անշարժ գույք ընտրելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ` ոչ պակաս, քան հինգ ամսվա օրացուցային ծառայության դեպքում՝ շարքայինի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 10 օրացուցային օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 15 օրացուցային օր ժամկետով, ինչպես նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով: Ներկայումս Կառավարության քաղաքականությունն ուղղված է զինվորական ծառայության շահադրդման թե նյութական, և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանմանը, զինծառայության գրավչության, զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ավելացման գործընթացի ապահովմանը: Այդ առումով, առանց տարանջատելու կոչումային կազմերը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողներին ծառայության ընթացքում տրվող արձակուրդի ժամկետների ավելացումը, այդ թվում նաև լրացուցիչ արձակուրդի տրամադրման միջոցով զինվորական երդման արարողության արժևորումն էական ազդեցություն կունենան զինծառայության գրավչության, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման վրա: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայությունն արժևորելու նպատակով՝ այդպիսի զորամասերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել հիմնական արձակուրդի ավելի երկար ժամկետ, որի հիման վրա առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ դրանք տրամադրելով ծառայության ընթացքում երեք հավասար մասերով, հանել արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերի տրամադրումը և երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ:

Բացի այդ, օրենքում 16.01.2024թ. ՀՕ-23-Ն օրենքով կատարված լրացումներով՝ 12 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն է սահմանվել նաև 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչ այդ օտարերկրյա պետությունում զինվորական ծառայություն չանցած ՀՀ երկքաղաքացիների համար՝ մինչև 37 տարին լրանալը, ինչպես նաև զորակոչից խուսափած և 27 տարին լրացած քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվել իրենց ցանկությամբ և համապատասխան չափով գումար վճարելու միջոցով անցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ կրկին մինչև 37 տարին լրանալը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նաև 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին ծառայության ընթացքում տրվող հիմնական արձակուրդի ժամկետը:

Օրենքում 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքով կատարված կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և  օրենքով սահմանված ժամկետով (20 տարի) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան` նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Նշված գործընթացի ապահովման նպատակով բնակարանների հատկացման ընթացակարգը սահմանող ՀՀ կառավարության 27.10.2022թ. N 1665-Ն որոշմամբ նախատեսվել է, որ նշված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են Երևան քաղաքում 75-80քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց պատրաստի ծառայողական բնակարաններ՝ վիճակահանությամբ, իսկ այդ բնակարանների ձեռքբերումն իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն: Վերջին տարիների բնակարանային շուկայում զարգացումները, ինչպես նաև կառուցապատող ընկերությունների հետ քննարկումներն ակնհայտ դարձրեցին, որ թե պահանջարկի, և թե առաջարկի, ինչպես նաև պատրաստի բնակարանների ձեռքբերման արժեքների հետ կապված առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք փաստացի գործնականում անհնար և տնտեսապես աննպատակահարմար են դարձնում գործընթացը սահմանված կարգով իրականացումը: Բացի այդ, առավել խորացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որոշակիորեն խնդիրներ էին առաջանալու նաև Երևան քաղաքի տարբեր տարածքներում ձեռք բերված բնակարանների՝ թեկուզև վիճակահանության միջոցով, բաշխման գործընթացում: Այդ կապակցությամբ, նպատակարմար է գտնվել փոփոխել գործընթացի իրականացման ձևաչափը, համապատասխան իրավունք ունեցող սպաներին հնարավորություն տալ իրենց կողմից և իրենց կարիքներին համահունչ՝ հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան՝ պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելով ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև պահպանելով գործող կարգավորումներով սահմանված երաշխիքների տրամաբանությունը:   

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում վերանայել ՀՀ կառավարության 27.10.2022թ. N 1665-Ն որոշումը, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանել համապատասխան զորամասերի ցանկը, ինչպես նաև օրենքից բխող փոփոխություններ կատարել զինծառայողներին արձակուրդների տրման կարգը սահմանող ՀՀ պաշտպանության նախարարի 05.05.2020թ. N 460-Լ հրամանում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները և նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինվում է իրենց կարիքներին համահունչ պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունումը 2026 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի տարեկան չափը կարող է կազմել միջինը 550 մլն դրամ՝ յուրաքանչյուր տարվա համար հաստատվող և ՀՀ ու օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների միջինը 150 տեղերի հաշվարկով ներկայումս գործող շուկայական միջինացված գներով 75-80քմ քառ. մետր ընդհանուր տարածքով բնակարանը միջինացված հաշվարկով 35 մլն դրամ արժեքով ձեռք բերելու դեպքում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 1-ին և 9-րդ կետերի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության կողմից զինվորական ծառայության շահադրդման թե նյութական, և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:  

  • Продолжительность

    16.01.2025 01.02.2025
  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 398

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .