«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն պետության կողմից առաջնահերթություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսական գործունեության ուղղությունները, որոնց պետությունը նպատակահարմար կգտնի աջակցելու պետական բյուջեի միջոցներից:
Հարկ է նկատել, որ տնտեսական գործունեության տեսակների ցանկը հաստատված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով:
Նշված հրամանի հավելվածով սահմանված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող տնտեսական գործունեության տեսակներից առանձնացվել են այն գործունեության տեսակները, որոնք ՀՀ կառավարությունը համարել է թիրախային ուղղություն և ներառել է աջակցության ենթակա ցանկում:
Միաժամանակ, նշենք, որ Նախագծով հիմնականում առանձնացվել են այն տնտեսական գործունեության դասակարգչային խմբերը, որոնք հիմք են հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված 2022-2024թթ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աջակցության մի շարք ծրագրերով տրամադրվող աջակցությունների համար:
Բացի նշվածից հարկ է նկատել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից վարվող՝ ՏՏ ոլորտում գործող ընկերությունների վարչական ռեգիստրում (https://ictstat.am) նույնպես հաշվետվությունները ներկայացվում են վերոնշյալ տնտեսական գործունեության դասակարգիչների ներքո:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Նախագծի մշակման փուլում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ: Բացի դրանից ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեխնոլոգիական ոլորտի միություններից շրջաբերական գրությամբ հարցման արդյունքներով ստացել է վերջիններիս կազմում ընդգրկված ընկերությունների դասակարգիչների ցանկը, որոնք ամփոփվել են և մեծամասամբ ներառվել Նախագծում:
Միաժամանակ, այս գործընթացին զուգահեռ ուսումնասիրվել և սույն Որոշման նախագծով ներկայացված ցանկի կազմման հիմք են հանդիսացել Եվրոստատի և Արմստատի կողմից դասակարգված տնտեսական գործունեության տեսակները https://armstat.am/am/?nid=906, որոնք միմյանց հետ համադրման արդյունքում կազմվել է Նախագծի հավելվածով ներկայացվող ցանկը:
- Առաջարկվող կարգավորման նպատակը
Նախագծով նախատեսվում է սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը, ըստ որի՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակներում աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար, ինչպես նաև մասնագետի վերապատրաստման համար, աջակցություն կստանան այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք (ի թիվս այլ պահանջների բավարարման) ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձևավորած կլինեն նախագծի հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների հանրագումարից:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն և ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն օրենքների ընդունմամբ նախատեսվում է, որ Նախագծով սահմանված տնտեսական գործունեության դասկարգիչների ներքո գործունեություն իրականացնող և 2024 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների հարկային մարմնին տրամադրվող իրենց հաշվետվություններում այդ դասակարգիչների մասով փոփոխություն չկատարած տնտեսավարող սուբյեկտների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները կարող են կիրառվել նաև 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի հետ կապված չէ:
- 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը, ըստ որի՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:
-
Продолжительность
16.01.2025 31.01.2025 -
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 2876
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .