ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև վերանայվում են ծրագրի այն պայմանները, որոնք խոչընդոտում են հավաստագրերի արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես՝
- Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ.։ Համարժեք սահմանաչափ կկիրառվի նաև առկա գույքի նկատմամբ։
- Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներինն ըստ իրենց ցանկության, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը կամ երեխան Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։
- Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ, հաշվի առնելով անչափահաս անդամների անվամբ այդ իրավունքի գրանցման գործընթացի ժամանակատարությունն ու բարդությունը։
- Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանվում է, որ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա աջակացությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։
- Նախագծի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանվում է, որ եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում, աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ 3-ի փոխարեն։
- Նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետով հստակեցվում է, որ դրական մնացորդը ենթակա է իրացման, եթե այն գերազանցում է 100 հազար դրամը։
- Նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանվում է, որ ծրագրի 1-ին փուլից կարող են օգտվել ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրավճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով։
- Նախագծի 1-ին կետի 8-րդ ենթակետով սահմանվում է, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից կարող են օգտվել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողները։
- Նախագծի 1-ին կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսվում է ծրագրի 2-րդ (2 երեխա ունեցող ընտանիքների համար) և 3-րդ փուլերը (1 երեխա ունեցող ընտանիքների համար) մեկնարկել համապատասխանաբար 2025 և 2026 թվականների հուլիսի 1-ից՝ 2026-ի և 2027-ի հունվարի 1-ի փոխարեն։
- Նախագծի 1-ին կետի 11-րդ ենթակետով սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն։
- Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվում է հավաստագրի իրացման արդյունքում առաջացած դրական մնացորդի իրացման ընթացակարգի ներկայացման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը, քանի որ ներկայում դեռևս չկան իրացված հավաստագրեր և խնդիրն արդիական չէ ու հնարավոր չէ փաստացի դեպքերի հիման վրա իրականացնել ուսումնասիրություններ և սահմանել համապատասխան ընթացակարգեր։
- Նախագծի 2-րդ կետի 2-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով հստակեցվում է, որ դիմումը մերժվում է, եթե դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի շահառու է։ Սույն պահանջը բխում է 710-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետով սահմանված պայմանից։
- Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետով առաջարկվող «զ» պարբերությամբ և 3-րդ ենթակետով սահմանվում է, որ տեղահանված լինելու հանգամանքը ստուգվում է նաև Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակների հիման վրա։
- Նախագծի 2-րդ կետի 7-րդ ենթակետով հստակեցվում է, որ խոսքը վերաբերվում է միայն Ծրագրի 1-ին և 2-րդ բաղադրիչների շրջանակներում ստացված հավաստագրերին։
- Նախագծի 2-րդ կետի 8-րդ ենթակետով հանվում է ՀՀ քաղաքացիություն ունենալու փաստի ստուգումը մեխանիկական եղանակով, քանի որ ներկայում այդ տեղեկատվությունն ամբողջովին ստացվում է ինքնաշխատ եղանակով։
- Նախագծի 2-րդ կետի 9-րդ ենթակետով հստակեցվում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի իրացման շրջանակում փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը, եթե հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպությունը հանդիսանում է գործընկեր կազմակերպություն։
- Նախագծի 2-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանվում է, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու դեպքում անշարժ գույքի բնակմակերեսի սահմանաչափը չի կիրառվում։
- Նախագծի 2-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանվում է, որ 2024 թվականի մայիսի 16-ից հետո գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության դեպքում պետական աջակցության գումարը շահառուի կողմից ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով, եթե բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունն օտարվում է աջակցությունը ստանալուց հետո 5 տարվա ընթացքում, ինչպես նաև ի հայտ են գալիս որոշման N 1 հավելվածի 14-րդ կետով սահմանված հանգամանքները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
5. Ակնկալվող արդյունքը
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովումը։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ» գլխի 1-ին պարբերության 1-ին մասից, այն է՝ «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:», ինչպես նաև «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի 1-ին պարբերության 4-րդ մասից, այն է՝ «Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:»։
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .