Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 6-րդ մասում «մասնակիցների կազմի» բառերից հետո լրացնել «(ներառյալ` ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, բնակության վայրը կամ հաշվառման հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը (օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում` անձը նույնականացնող ցանկացած փաստաթղթի համարը), իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը, համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը, պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը)» բառերը:

Հոդված 2.  Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «կնքում են» բառերը փոխարինել «կարող են կնքել » բառերով:

Հոդված 3.  Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 12.1-ին հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 12.1. Ընկերության մասնակիցների միջև համաձայնագիրը

  1. Մասնակիցների միջև համաձայնագիրը (այսուհետ՝ սույն մասում նաև «համաձայնագիր») մասնակիցների իրավունքների իրականացման և (կամ) բաժնեմասի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունների մասին պայմանագիր է: Մասնակիցների միջև համաձայնագրով կողմերը պարտավորվում են որոշակի ձևով իրականացնել մասնակցի իրավունքները և (կամ) բաժնեմասերի նկատմամբ իրավունքները կամ ձեռնպահ մնալ այդ իրավունքների իրականացումից: Մասնակիցների միջև համաձայնագրով կարող է նախատեսվել ընդհանուր ժողովում համաձայնագրով սահմանված ձևով քվեարկելու, քվեարկության կարգը կամ քվեարկությունն այլ անձանց հետ համաձայնեցնելու, այլ անձանց ցուցումներով քվեարկելու, բաժնեմասերը նախապես սահմանված գնով և (կամ) համաձայնագրով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ձեռք բերելու և (կամ) օտարելու, մինչև համաձայնագրով սահմանված հանգամանքների ի հայտ գալը բաժնեմասերի օտարումից ձեռնպահ մնալու, ինչպես նաև Ընկերության կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ կապված այլ համաձայնեցված գործողություններ իրականացնելու պարտավորությունը: Ընդհանուր ժողովում որոշումների ընդունման համար բավարար ձայների` սույն օրենքով կամ սույն օրենքի հիման վրա կանոնադրությամբ նախատեսված քանակը չի կարող փոփոխվել մասնակիցների միջև համաձայնագրով:
  2. Մասնակիցների միջև համաձայնագիրը կնքվում է գրավոր: Մասնակիցների միջև համաձայնագրի կողմ կարող են լինել Ընկերությունը, դրա մասնակիցները, ինչպես նաև այն երրորդ անձինք, ում դիմումի հիման վրա, սույն օրենքով սահմանված կարգով, որոշում է ընդունվել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ, նրան ընկերություն ընդունելու միջոցով: Մասնակիցների միջև համաձայնագիրը կարող է կնքվել նաև այլ անձի հետ, սակայն նման համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան այդ անձի` Ընկերության մասնակից դառնալու պահին: Եթե Ընկերությունը հանդիսանում է մասնակիցների միջև համաձայնագրի կողմ, ապա այդպիսի համաձայնագրի կնքումն իրականացվում է` հաշվի առնելով նաև սույն օրենքի47-րդ հոդվածիդրույթները:
  3. Մասնակիցների միջև համաձայնագրի առարկա չի կարող լինել Ընկերության խորհրդի կամ գործադիր մարմնի ցուցումների համաձայն համաձայնագրի կողմերի քվեարկելու պարտավորությունը:
  4. Մասնակիցների միջև համաձայնագիրը պարտադիր է միայն համաձայնագրի կողմերի համար:
  5. Մասնակիցների միջև համաձայնագրի խախտումը կարող է հիմք հանդիսանալ Ընկերության կառավարման մարմինների որոշումները համաձայնագրի կողմ հանդիսացող մասնակցի (իսկ եթե համաձայնագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի իմաստով հօգուտ երրորդ անձի պայմանագիր է, ապա այդ երրորդ անձի) հայցով անվավեր ճանաչելու համար, եթե ապացուցվում է, որ Ընկերության կառավարման մարմինների որոշումներն ընդունվել են համաձայնագրով սահմանված պարտավորության խախտմամբ:
  6. Մասնակիցների միջև համաձայնագրով կարող են նախատեսվել դրանից բխող պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև դրանով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ:»։

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր երկրորդ նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Ընկերության նախապատվության իրավունքը չի կիրառվում այն դեպքում, երբ բաժնեմասն օտարվում է ընկերության միակ մասնակցի կողմից:»։

Հոդված 6.  Օրենքի 20-րդ հոդվածի`

  1. 1-ին մասը լրացնել նոր երկրորդ նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Սույն մասի պահանջները չեն տարածվում գրավ դրված բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու դեպքերի վրա:»։

  1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընկերության` սույն հոդվածի առաջին մասում նշված մասնակցի բաժնեմասի արժեքը նրա պարտատերերին վճարելու համար ընկերությունն առաջարկում է ընկերության մյուս մասնակիցներին գնել այդ բաժնեմասը, բացառությամբ այն դեպքի, երբ բաժնեմասի վրա բռնագանձումը տարածվում է գրավի պայմանագրի հիման վրա, որի կնքման վերաբերյալ գրավի պայմանագրի կնքման պահի դրությամբ առկա է ընկերության մասնակից հանդիսացող բոլոր անձանց և ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատված համաձայնությունը, ինչի մասին եռօրյա ժամկետում բաժնեմասը գրավ դնող մասնակիցը գրավոր ծանուցում է Ընկերությանը:

Եթե ընկերության մասնակիցները մեկ ամսվա ընթացքում չեն օգտվում բաժնեմասը գնելու իրենց իրավունքից, ապա ընկերությունն իրավունք ունի ձեռք բերել այդ բաժնեմասը և ընկերության մասնակցի պարտատերերին վճարել բաժնեմասի արժեքը, բացառությամբ այն դեպքի, երբ բաժնեմասի վրա բռնագանձումը տարածվում է գրավի պայմանագրի հիման վրա, որի կնքման վերաբերյալ գրավի պայմանագրի կնքման պահի դրությամբ առկա է ընկերության մասնակից հանդիսացող բոլոր անձանց      և ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատված համաձայնությունը          :

Եթե ընկերությունը մեկ ամսվա ընթացքում չի օգտվում ընկերության մասնակցի բաժնեմասը ձեռք բերելու իրավունքից, ապա բաժնեմասի վրա բռնագանձման տարածումն իրականացվում է բաժնեմասը հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավի պայմանագրով սահմանված է գրավ դրված բաժնեմասի իրացման այլ կարգ:»։

  1. 3-րդ մասում «չվաճառվելու» բառից հետո լրացնել «, իսկ եթե գրավի պայմանագրով սահմանված է գրավ դրված բաժնեմասի իրացման օրենքին չհակասող այլ կարգ` այդ կարգով չիրացնելու,» բառերը:

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ և 4-րդ մասերով` հետևյալ բովանդակությամբ.

«3. Ընկերությունից դուրս եկած կամ հեռացված մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել սույն հոդվածով սահմանված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն` այդ թվում պահանջել անվավեր ճանաչել ընկերության մարմինների կողմից կայացված որոշումներ կամ ընկերության կողմից կնքված գործարքներ, որոնք խախտում են նրա` սույն հոդվածով սահմանված բաժնեմասի արժեքի վճարումը ստանալու իրավունքը:

  1. Ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ` Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բաժնեմասի արժեքի հաշվարկման և վճարման կարգից ու ժամկետներից տարբերվող կարգ և ժամկետներ:»:

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընկերության հիմնադիրների (մասնակիցների) կամ ընկերության մեջ ընդունվող երրորդ անձանց կողմից ներդրվող ոչ դրամային ավանդների դրամական գնահատականը հաստատվում է ընդհանուր ժողովի կողմից` միաձայն կարգով:»

Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում «որը չի կարող գերազանցել ընկերության պետական գրանցման պահից մեկ տարին» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան ընկերության պետական գրանցման պահից մեկ տարվա ընթացքում» բառերով:

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի.

  1. 1-ին պարբերությունից հանել 3-րդ նախադասությունը:
  2. 4-րդ պարբերությունից հանել «, ինչպես նաև լրացուցիչ ավանդների ներդրումը հաստատող փաստաթղթերը» բառերը:

Հոդված 11.  Օրենքի 34-րդ հոդվածի

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  2. «3. Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը: Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվում է, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ օրենքով կամ իրավական այլ ակտերով կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանված լինելու դեպքում Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է սահմանված չափից, ապա Ընկերության գործադիր մարմինը պարտավոր է խորհրդին ներկայացնել արտահերթ ժողովի գումարման պահանջ, իսկ խորհուրդ չձևավորվելու դեպքում` արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նման դեպքերում արտահերթ ժողովում որոշում է կայացվում Ընկերության լուծարման կամ դրա գործունեությունը շարունակելու մասին: Ընդ որում, գործունեությունը շարունակելու մասին որոշում կարող է ընդունվել, եթե խորհուրդը, իսկ Ընկերությունում խորհուրդ չձևավորվելու դեպքում գործադիր մարմինը ներկայացրել է գրավոր եզրակացություն Ընկերության գործունեությունը զուտ ակտիվների առկա չափի պարագայում շարունակելու նպատակահարմարության և հիմնավորվածության վերաբերյալ` հիմք ընդունելով Ընկերության գործունեության ուղղությունները, ոլորտը, առանձնահատկությունները, գործունեության ծրագրերը և այլ հանգամանքներ: Գործունեությունը շարունակելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ընկերությունը պարտավոր է այդ մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և գործունեությունը շարունակելու մասին որոշումը ներկայացնել Ընկերության պետական գրանցումն իրականացրած մարմին:»:
  3. 5-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով, իսկ «չի ընդունի իր կանոնադրական կապիտալը նվազեցնելու» բառերից հետո լրացնել «կամ գործունեությունը շարունակելու» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.

«8. Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել այլ մարմինների ստեղծման հնարավորություն:»։

Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ. «3. Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսվել է խորհրդի ձևավորում, ապա Ընկերության կանոնադրությամբ խորհրդին կարող են վերապահվել սույն հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» և «է» կետերով սահմանված լիազորությունները:»։

Հոդված 14. Օրենքը լրացնել նոր 41.1-ին հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 41.1. Ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը Ընկերության մասնակիցների որոշմամբ

  1. Ընկերության կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ որոշումները կարող են ընդունվել Ընկերության բոլոր մասնակիցների գրավոր որոշմամբ` առանց ընդհանուր ժողովի գումարման, որի դեպքում չեն կիրառվում սույն օրենքի 39-41-րդ հոդվածների պահանջները: Նման որոշումը պետք է ձևակերպվի որպես ընդհանուր ժողովի որոշում, ստորագրված լինի Ընկերության բոլոր մասնակիցների կողմից, պարունակի ընդունվող որոշման բովանդակությունը և դրան պետք է կցված լինեն որոշմամբ հաստատված կամ ընդունված փաստաթղթերը (եթե առկա են):»։

Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-2.6-րդ մասերով` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ ընկերությունը ունի մեկից ավելի ֆիզիկական անձանցից բաղկացած գործադիր մարմին (տնօրեններ, համանախագահներ և այլն), որոնք կարող են գործել որպես կոլեգիալ գործադիր մարմին կամ նրանցից յուրաքանչյուրը կարող է իրականացնել կանոնադրությամբ իրեն վերապահված մասը: Սույն մասով սահմանված դեպքերում ընկերության կանոնադրությունը պետք է սահմանի գործադիր մարմնի և դրա յուրաքանչյուր անդամի իրավասությունների շրջանակը և դրանց իրականացման կարգը: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված կազմակերպությունների վրա։

2.2. Ընկերության միանձնյա գործադիր մարմնի բացակայության, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության այլ դեպքերում Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները կարող է իրականացնել ընկերության կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ նախապես որոշված (նշանակված)` Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը մինչև Ընկերության նոր գործադիր մարմնի ձևավորումը կամ Ընկերության գործող միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության հիմքերի վերացումը:

2.3. Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը իրավասու է իրականացնելու Ընկերության գործող գործադիր մարմնի բոլոր լիազորություններ, եթե կանոնադրությամբ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի իրավասությունը սահմանափակված չէ:

2.4. Ընդհանուր ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ որոշում ընդունել ընկերության գործադիր մարմնի (կոլեգիալ գործադիր մարմնի անդամի) լիազորությունները դադարեցնելու և ընկերության նոր գործադիր մարմին ձևավորելու մասին` լուծելով գործադիր մարմնի (կոլեգիալ գործադիր մարմնի անդամների) հետ կնքված աշխատանքային պայմանագիրը առանց դրա համար հիմք հանդիսացող հանգամանքների մատնանշման: Սույն մասով սահմանված որոշումը կայացնելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայությունը պարտադիր չէ: Ընկերության գործադիր մարմնի (կոլեգիալ գործադիր մարմնի անդամի) լիազորությունները դադարեցնելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասում նշված հանգամանքները:

2.5.    Սույն հոդվածի 2.4-րդ մասով նախատեսված հիմքով ընկերության գործադիր մարմնի (կոլեգիալ գործադիր մարմնի անդամի) լիազորությունները դադարեցնելու և աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում ընկերությունը գործադիր մարմնին (կոլեգիալ գործադիր մարմնի անդամին) վճարում է արձակման նպաստ` աշխատանքային պայմանագրով սահմանված չափով, բայց ոչ պակաս, քան նրա երկու ամսվա միջին աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Սույն մասում նշված արձակման նպաստը չի վճարվում, եթե աշխատողը հանդիսանում է գործատու իրավական անձի միակ մասնակիցը։

2.6. Ընկերության գործադիր մարմինն իրավունք ունի դիմել Ընդհանուր ժողովին` իր լիազորությունները դադարեցնելու և իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու պահանջով` այդ նպատակով գումարելով ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողով: Սույն մասով սահմանված դեպքում ընդհանուր ժողովը գործադիր մարմնի լիազորությունները դադարեցնելու և նոր գործադիր մարմին ձևավորելու մասին որոշումը կայացնում է արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցումն ընկերության բոլոր մասնակիցներին ուղարկվելու օրվանից մեկամսյա ժամկետում: Եթե նշված ժամկետում ընդհանուր ժողովը չի կայացնում սույն մասով սահմանված որոշումը, ապա գործադիր մարմնի իրավասությունները համարվում են դադարած օրենքի ուժով այդ ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրվանից:

2.7. Եթե ընկերության կանոնադրությամբ գործադիր մարմնի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման իրավասությունը վերապահված է խորհրդին, ապա իր լիազորությունները դադարեցնելու և իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու պահանջով գործադիր մարմինը դիմում է խորհրդին, որը պարտավոր է կայացնել գործադիր մարմնի լիազորությունները դադարեցնելու և նոր գործադիր մարմին ձևավորելու մասին որոշում: Սույն մասով սահմանված դեպքում խորհուրդը գործադիր մարմնի լիազորությունները դադարեցնելու և նոր գործադիր մարմին ձևավորելու մասին որոշումը կայացնում է ծանուցումը խորհրդի բոլոր անդամներին ուղարկվելու օրվանից մեկամսյա ժամկետում: Եթե նշված ժամկետում ընդհանուր խորհուրդը չի կայացնում սույն մասով սահմանված որոշումը, ապա գործադիր մարմնի իրավասությունները համարվում են դադարած օրենքի ուժով այդ ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրվանից:»։

 

Հոդված 16.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 99-րդ հոդվածի 3-րդ մասում «ընկերության գործադիր մարմինների իրավասությանը» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընկերության խորհրդի իրավասությանը փոխանցվող հարցերի։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում «այլ գույքի անբավարարության դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ գրավ դրված բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու դեպքերի» բառերը:

 

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածը.

1) 2-րդ մասի 3-րդ կետում «կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին» բառերից հետո լրացնել «կամ բաժնեմասն օտարող մասնակցից բացի ընկերության բոլոր այլ մասնակիցների գրավոր հայտարարությունը` իրենց նախապատվության իրավունքը չիրականացնելու (իրավունքից հրաժարվելու) մասին» բառերը:

 

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում գրավի առարկա հանդիսացող բաժնեմասի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով փոփոխության պետական գրանցման համար դիմումը ներկայացնում է գրավառուն` ներկայացնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ այդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի: Սույն մասով սահմանված դեպքում դիմումին նաև կցվում են գրավի պայմանագիրը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները բավարարելու մասին ապացույցները (գրավի պայմանագրի կնքման վերաբերյալ գրավի պայմանագրի կնքման պահի դրությամբ ընկերության մասնակից հանդիսացող բոլոր անձանց գրավոր համաձայնությունը և ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատված համաձայնությունը, կամ ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների և ընկերության`«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի իրականացման` օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին կամ ընկերության մասնակիցների գրավոր հայտարարությունները և ընկերության ընդհանուր ժողովի որոշումը` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրենց իրավունքների իրականացումից հրաժարվելու մասին), գրավատուին, ինչպես նաև պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) հանձնված գրավադրված բաժնեմասի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավառուի հստակ կամահայտնությունն արտահայտող բռնագանձման ծանուցման պատճենը, այդ     ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նաև գրավի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը:      

Սույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Ընդ որում` սույն մասի իմաստով ծանուցման փոստային առաքման անդորրագիրը փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթն է կամ փաստաթղթերի համակցությունը (անկախ փոստային առաքման շրջանակում տվյալ փաստաթղթին տրված անվանումից), որը հնարավորություն է տալիս հաստատել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը և այն հանձնելու օրը:

Գրավառուի դիմումը, օրենքով նախատեսված մերժման այլ հիմքերից բացի, պետք է մերժվի նաև, եթե դիմումը ներկայացնելու պահին չի լրացել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու օրվան հաջորդող երկամսյա ժամկետը, բացառությամբ եթե ներկայացվել է պարտապանի և գրավատուի` օրենքով սահմանված կարգով տրված գրավոր համաձայնությունը մինչև երկամսյա ժամկետի լրանալը գրավի առարկան բռնագանձելու վերաբերյալ:»։

 

 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

 

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Продолжительность

    07.01.2025 30.01.2025
  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 231

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .