Արա Սաղումյան
27.12.2024
Ներկայացված նախագծերի վերաբերյալ առարկություններ չունեմ, սակայն, օգտվելով առիթից, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ներքոշարադրյալի վերաբերյալ: Վիեննայի՝ 1968 թ. «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի «Վարորդական վկայականների գործողության կասեցումը» վերտառությամբ 42-րդ հոդվածում բազմիցս կիրառված է «վարորդական վկայականից օգտվելու իրավունքից զրկում» եզրույթը, իսկ մեր ներպետական օրենսդրությամբ կիրառվում է «վարելու իրավունքից զրկում» եզրույթը, որը նույնականացվում է վարորդական վկայականի ուժը կորցնելու հետ՝ համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի: Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո: Այս առումով հակված եմ կարծելու, որ կրկին որակավորման քննությունները հանձնելու պահանջը ժամանակին կիրառվել է կոռուպցիոն նկատառումներից ելնելով... Արտադատական կարգով վարորդական վկայականի ուժը կորցնելը տրամաբանական չեմ համարում հետևյալ պատճառաբանությամբ: Ենթադրենք հանրային ծառայողը դատական ակտով որոշակի ժամկետով զրկվել է որոշակի պաշտոն (եթե պաշտոնի անձնագրով սահմանված է նաև բարձրագույն կրթության պահանջ) զբաղեցնելու իրավունքից, ապա դա չի ենթադրում, որ բուհի շնորհած դիպլոմը ուժը կորցնում է և, պաշտոն զբաղեցնելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո, տվյալ անձը պետք է դարձյալ պետական ավարտական քննություններ հանձնի, դիպլոմային աշխատանքը պաշտպանի և կրկին ստանա բուհի դիպլոմ: Հետևաբար, առաջարկում եմ քննարկել Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում «որակավորման քննությունները հանձնելուց հետո» բառակապակցությունը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հարցը: