ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում միասնական/համանման քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կնքվել է 4 պայմանագիր՝ 15,27 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը» և «Խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունը» առաջնահերթություններում կարևորվում է արժեշղթաների առևտրայնացման, արդիականացման և մեքենայացման ներդրումների իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը (էջ՝ 43 և 75)։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես ինտենսիվ այգեգործության ծրագրով նպաստում ենք մինչև 500 հա այգեհիմնմանը՝ 1 տնտեսավարողին աջակցելով շուրջ 15 մլրդ դրամի վարկավորմանը։
Գործող ջերմատնային տնտեսություններին աջակցության ծրագրով տրամադրվող աջակցությունը նպաստում է շուրջ 4-5 հա ջերմատների հիմնմանը (տրամադրվում է առավելագույնը 3 մլրդ դրամի վարկ), ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող շահառուների համար գործող աջակցության գործիքը հնարավորություն չի տալիս։
Նախագծով հնարավորություն է ստեղծվում խոշոր՝ ջերմատնային տնտեսությունների հիմնում իրականացնող շահառուին հնարավորություն տալ ձեռք բերելու առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, որով հնարավորություն կտրվի հիմնելու շուրջ 20 հա ջերմատուն։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ 2025 թվականի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված միջոցների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կներկայացվեն միջնաժամկետ ծախսային ծրագրերով՝ ելնելով փաստացի արդյունքներից։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ կխթանվի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը, կավելանա ջերմատնային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։