Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ
-
0 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) համաձայն հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագինը սահմանվում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար, իսկ հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագինը՝ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնային դրույքին հավասար։
Հարկ է նշել, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման պայմաններում հաշվեկշռման ծառայության մատուցումը նպատակ ունի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների (այսուհետ՝ ԷՄՇ մասնակից) համար ներդնել պատասխանատվության մեխանիզմ, մասնավորապես՝ յուրաքանչյուր ԷՄՇ մասնակից պետք է պատասխանատու լինի իր կողմից կնքվող գործարքների հետագա շեղումների համար՝ կրելով համապատասխան ծախսեր։
Սակայն, հաշվեկշռման ծառայության ներկայիս սակագների պայմաններում պատասխանատվության վերը նշված մեխանիզմն, ըստ էության, արդյունավետ չի գործում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի սակագնային կարգավորման ներքո գտնվող սպառողների համար առաջացնում է լրացուցիչ ծախսեր։ Մասնավորապես, գործող ենթակառուցվածքների և արևային էլեկտրակայանների ներկայիս տեմպերով զարգացման պայմաններում ստեղծվում են իրավիճակներ, երբ համակարգի օպերատորի կողմից նվազեցվում են համակարգային նշանակության էլեկտրակայանների բեռը, այդ թվում՝ օրվա արևային ժամերին համակարգի օպերատորի կողմից դադարեցվում է էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն ընթացքը և հայտարարվում արտառոց իրավիճակ՝ նվազեցնելով նաև ատոմային էլեկտրակայանի բեռը։ Արդյունքում, ցանց չի առաքվում համեմատաբար էժան էլեկտրական էներգիա։
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել հաշվեկշռման ծառայության մատուցման սակագների ձևավորման մեխանիզմները՝ ԷՄՇ մասնակիցների համար ամրագրելով առավել կանխատեսելի և որոշակի կարգավորումներ, որոնք ոչ միայն կհատուցեն վերջիններիս կողմից էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացրած շեղումների արդյունքում հնարավոր ծախսերը, այլև, որպես պատասխանատվության մեխանիզմ, ճիշտ ազդակ կհաղորդեն ԷՄՇ մասնակիցներին՝ առավել օպտիմալ պլանավորում իրականացնելու համար։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Մեթոդիկայում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է hաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագինը սահմանել 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրողների (բացառությամբ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի) համար՝ միադրույք սակագնային համակարգի դեպքում սահմանվող սակագներից, երկդրույք սակագնային համակարգի դեպքում միադրույք հաշվարկային սակագներից, բացառությամբ երկրորդային և երրորդային պահուստն ապահովող կայանների, որոնց դեպքում առաքվող էլեկտրական էներգիայի դրույքներից նվազագույն մեծության 80%-100%-ի չափով, իսկ առավելագույն սակագինը՝ նույն սակագնային մեծություններից առավելագույն մեծության 100%-115%-ի չափով։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է նշված սակագնային միջակայքերում հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն և առավելագույն սակագների տարբերակման հնարավորություն օրվա ժամերով պայմանավորված, իսկ հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագնի տարբերակում նաև տարվա եղանակով՝ մարտի 1-ից մինչև հունիսի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածների համար սահմանելով նվազ սակագին։
Հաշվեկշռման ծառայության մատուցման սակագների սահմանման նոր մեխանիզմի ներդրումն ուղղված է ԷՄՇ մասնակիցների համար կանխատեսելի և առավել որոշակի պայմաններում գործունեության իրականացման հնարավորության ստեղծմանը։ Մինչդեռ՝ գործող կարգավորումների շրջանակում հաշվեկշռման ծառայության մատուցման սակագների սահմանման գործընթացում կարգավորողը ունի հայեցողության ավելի լայն շրջանակ։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հաշվեկշռման ծառայության ներդրման սկզբնապես ակնկալվող արդյունքը։ Մասավորապես, ԷՄՇ մասնակիցները, իրական պատասխանատվություն կրելով իրենց կնքած գործարքներից շեղումների համար, առավելագույնս կձգտեն նշված շեղումները հասցնել նվազագույնի։
-
Обсуждалось
27.11.2024 - 13.12.2024
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 833
Принт