Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն
25.11.2024
«Մոդել Երևան» քաղաքային կառավարման ակադեմիայի պիլոտային ծրագրի հանձնառության նպատակ է սահմանված ՏԻՄ համակարգի գրավչության աճն ու քաղաքապետարանը գրավիչ աշխատավայր դարձնելը երիտասարդության շրջանում։ Ողջունելի է Երևանի քաղաքապետարանի և ՏԻՄ համակարգի գրավչության բարձրացման նպատակը սահմանելը, սակայն, հարկ ենք համարում նշել, որ արտաքին գրավչության և ներառականության բարձրացման համար կարևոր նախապայման է նաև համակարգում ներքին գրավչություն ու ներառականությունը։ Համայնքային ծառայողների համար աշխատանքի գրավչության բարձրացումը սերտորեն կապված է քաղաքային իշխանության և համայնքային ծառայողներին ներկայացնող արհմիությունների կամ ճյուղային արհմիության միջև կանոնավոր, արդյունավետ և ժողովրդավար համագործակցությունից։ Ըստ այդմ, հանձնառության շահագրգիռ մասնակից կողմ է, նախևառաջ, Երևան քաղաքի համայնքային աշխատողներին միավորող Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիությունը։ Այդպիսի համագործակցության ինստիտուցիոնալ դրսևորումը թե՛ համաձայն ՀՀ օրենսդրության, թե՛ ՀՀ կողմից վավերացված Աշխատանքային միջազգային կազմակերպության վավերացված կոնվենցիաների ու ՀՀ—ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի դրույթների՝ սոցիալական գործընկերությունն է։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 48)՝ վերոնշված ճյուղային արհմիությունը Երևանի քաղաքապետի սոցիալական գործընկերն է համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունների համատեքստում։ Սոցիալական գործընկերությունը դա սոցիալական գործընկերների (տվյալ դեպքում՝ արհմիության և քաղաքապետի) միջև որոշումների կայացման փուլում խորհրդակցություններ են և աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնեսական պայմանների վերաբերյալ կոլեկտիվ բանակցությունները։ Սոցիալական գործընկերության սկզբունքը բխում է նաև «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության սկզբունքներից և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից (մասնավորապես` 8-րդ նպատակից)։ Կոլեկտիվ բանակցության իրավական ձևակերպումն, իր հերթին, արտացոլվում է կոլեկտիվ պայմանագրի կնքմամբ։ Աշխատանքային օրենսգրքի գլուխ 8-ը և 9-ը սահմանում են, թե ինչ է կոլեկտիվ պայմանագիրը և ովքեր են դրա կողմերը։ Մասնավորապես, հոդված 48-ի համաձայն՝ «Ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղի գործատուների միությունը և արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը: Եթե գործատուն Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, ապա ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը և համապատասխան պետական մարմինը կամ համայնքի ղեկավարը»։ Վերոնշվածից հետևում է, որ Հայաստանի պետական հիմնարկերի, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության համար, որը միավորում է համայնքային աշխատողներին, կոլեկտիվ պայմանագրի մյուս կողմ է հանդիսանում Երևանի քաղաքապետը։ Նույն օրենսգրքի համաձայն՝ կոլեկտիվ պայմանագիրը գործատուի և արհմիության միջև գրավոր համաձայնություն է, որը կարգավորում է աշխատողների և գործատուի միջև աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական կամ տնտեսական հարաբերությունները: Ընդ որում (Աշխատանքային օրենսգիրք, հոդված 49), կոլեկտիվ պայմանագրով աշխատողների համար կարող են սահմանվել լրացուցիչ երաշխիքներ: Այսպիսով, ներդրված կոլեկտիվ բանակցությունների համակարգը նշանակում է, որ աշխատողներն արհմիության միջոցով նույնպես ներգրավված են աշխատողների աշխատանքային և սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում, որ աշխատողների համար նախատեսված են օրենքով և աշխատանքային պայմանագրով չնախատեսված լրացուցիչ արտոնություններ, և որ աշխատողներն ավելի պաշտպանված են աշխատանքային հարաբերություններում։ Կոլեկտիվ բանակցության պատշաճ ներդրված համակարգն աշխատատեղը գրավիչ դարձնելու և ՏԻՄ համակարգի գրավչությունը բարձրացնելու միակ իրավական, ինստիտուցիոնալ և արդյունավետ գործիքն է համարվում։ Այն նաև ժողովրդավար, թափանցիկ ու հաշվետու քաղաքային կառավարման պարտադիր նախապայմանն է։ Հետազոտությունների համաձայն՝ գործող կոլեկտիվ պայմանագրերն ու ակտիվ սոցիալական գործընկերությունը դրական է անդրադառնում նաև քաղաքային կառավարման և քաղաքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակի վրա, բարձրացնում է աշխատողների մոտիվացիան և աշխատանքի արդյունավետությունը։ Իմաստալից կոլեկտիվ պայմանագրերի առկայությունը նաև կարևոր ցուցիչ է միջազգային կառույցների կողմից երկրի ժողովրդավարության և աշխատանքային պայմանների գնահատման ընթացքում։ Այսպիսով, առաջարկվում է «Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների 2025-2028 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծում նախատեսել նաև սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ ներդրումն ու զարգացումը, մասնավորապես՝ քաղաքապետի և Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության միջև մշակել և կնքել ճյուղային կոլեկտիվ պայմանագիր համայնքային աշխատողների համար, ինչպես նախատեսված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով։