«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1450-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը․
1․1․ Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Ներդրումների ներգրավման ծրագիրը հաստատելու մասին» N 1450-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետով նախատեսված է իրականացնել «Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունում (հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված ընթացակարգերի պարզեցում և խոչընդոտների վերացում)» միջոցառումը։ Խոսքը գնում է հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված ընթացակարգերի պարզեցման և առկա խոչընդոտների վերացման մասին։ Մասնավորապես, ինչպես ներկայացված է հիշատակված ծրագրում, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության ձգձգումները պայմանավորված են նրանով, որ հարցի լուծումը բազմափուլ է և դրանում ներգրավված են բազմաթիվ պետական կառավարման մարմիններ, որոնց կողմից իրականացվող գործառույթներն իրականացվում են իրար հաջորդելով, երբեմն տարբեր մարմինների կողմից առկա են գործառույթների կրկնություն, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է վարչարարության ավելացմանը և խոչընդոտ է հանդիսանում ներդրումների ներգրավման համար: Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ շահագրգիռ մարմինների հետ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց ընթացքում առաջարկվել է հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված ընթացակարգերը դիտարկել ներկայումս ընթացող թվայնացման քաղաքականության շրջանակում։ Առաջարկվել է հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված ընթացակարգերում առկա խոչընդոտները վերացնելու նպատակով՝ գործընթացը փոխակերպել թվային եղանակի՝ ներառելով ծառայության թվային փոխակերպման տեխնիկական և այլ հաջորդական իրականացման գործընթացները:
Միաժամանակ, Քաղաքաշինության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) 2023 թվականի ապրիլի 13-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքի ընդունմամբ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներով պայմանավորված մշակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշման նախագիծ) փաթեթը:
Որոշման նախագծով առանձին հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից հստակեցվելու են Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների առաջարկությունների փաստաթղթերի ցանկը, փոփոխությունների առաջարկությունների կազմի ու բովանդակության համար ներկայացվող պահանջները, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը:
Որոշման նախագծով առաջարկվել է առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը դյուրացնելու և փաստաթղթերի տրամադրման, ծանուցումերի և համաձայնեցումների ընթացակարգերը մասնակից մարմինների կողմից թվային եղանակով, կարճ ժամկետներում և համակարգված իրականացնելու նպատակով որոշումը լրացնել նոր հավելվածով, որով սահմանվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխության թվային հարթակում տրամադրման կարգը։
Ներկայումս գործող ընթացակարգի համաձայն՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխության փաթեթը չի ներառում տեղեկանքներ գազի, հոսանքի, ջրի, կապի ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ, որի դեպքում շահագրգիռ մարմիններն իրենք են ստիպված լինում դիմել մատակարար կազմակերպություններ, որի պատճառով ժամկետները երկարաձգվում են: Նշյալ նախագիծը ներկայումս գտնվում է շրջանառման և քննարկման փուլում։
Միաժամանակ, Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայումս շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հողամասի նպատակային նշանակությունը փոխելիս կադաստրային արժեքների դրական տարբերության չափով գումարն ամբողջությամբ վճարելու պահանջը փոփոխել՝ փոխարենը սահմանելով տարաժամկետ վճարման հնարավորություն։ Մասնավորապես, Հողային օրենսգրքի ներկայումս գործող կարգավորումները նախատեսում են, որ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ վճարել կադաստրային արժեքների տարբերությունների գումարը, ինչը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար։ Վերջիններս ստիպված են լինում ներդրումային ծրագրի սկզբնական փուլում իրականացնել բուն բիզնես գործունեության հետ չկապված մեծ ծախսեր՝ հողամասի կադաստրային արժեքի տարբերության ծախսի տեսքով, ինչը շատ տնտեսավարողների զերծ է պահում ներդրումներ իրականացնելուց։ Հատկանշական է, որ հաճախ ներդրումները նախատեսվում է իրականացնել այնպիսի տարածքներում գտնվող հողերի վրա, որոնք տնտեսապես խոցելի են և ունեն զարգացման մեծ պոտենցիալ։ Նախագծի ընդունման արդյունքում կնվազի հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում ներդրողների համար հաճախ առաջացող միանվագ ֆինանսական բեռը։ Նշյալ նախագիծը ներկայումս գտնվում է շրջանառման և քննարկման փուլում։
Նման պայմաններում, հաշվի առնելով այն, որ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունումը և համապատասխան ընթացակարգերի թվային փոխակերպման գործընթացը պահանջում է որոշակի տևական ժամանակ, ուստի առաջարկվում է վերը հիշատակված միջոցառման մեջ կատարել փոփոխություն՝ միջոցառման իրականացման վերջնաժամկետ սահմանելով 2025 թվականի դեկտեմբեր ամիսը:
1.2. Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Ներդրումների ներգրավման ծրագիրը հաստատելու մասին» N 1450-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 6-րդ կետով նախատեսված է իրականացնել «Օտարերկրյա ներդրումների ռեեստրի ստեղծում» միջոցառումը։ Մասնավորապես, ինչպես ներկայացված է հիշատակված ծրագրում, ներդրումների վիճակագրության արդիականացման և համապարփակության նպատակով անհրաժեշտ է ի թիվս տեղական ներդրողների ապահովել նաև օտարերկրյա ներդրողների ամբողջական բազայի ստեղծում և վարում, որը կբարելավի Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և Կենտրոնական բանկի կողմից վարվող օտարերկրյա ներդրումների վիճակագրության ամբողջականությունը, ինչպես նաև կօգտագործվի ոլորտային քաղաքականության մշակման, ներդրումների խթանման մշտադիտարկման և գնահատման, ինչպես նաև օտարերկրյա կապիտալով ընկերությունների՝ տնտեսության վրա ընդհանուր ազդեցության վերլուծության համար։
Խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանում բիզնեսի գրանցման համակարգը մասնատված է, որը ներառում է բազմաթիվ շահագրգիռ կողմեր, որոնք վարում են առանձին տվյալների բազաներ՝ տվյալների սահմանափակ փոխանակմամբ: Դրանում ներգրավված են Պետական ռեգիստրի գործակալությունը (ՊՌԳ), Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ), Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ), Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ): ՊՌԳ-ը և ԿԲ-ն վարում են առանձին բիզնես ռեգիստրներ, ինչը հանգեցնում է սահմանափակ ինտեգրման և տվյալների ձեռքով համախմբման այդ կազմակերպությունների միջև:
Այս առնչությամբ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ, որի նպատակն է ապահովել երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ համապարփակ, ամբողջական, արժանահավատ և մշտապես թարմացվող վիճակագրության առկայությունը` նպաստելով ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավման խթանմանը և օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման շրջանակի ընդլայնմանը։
Նշված նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների քննարկմանը, որոնցից ընդհանուր առմամբ ստացվել են բացասական արձագանքներ։ Մասնավորապես, Կենտրոնական բանկի դիրքորոշման համաձայն՝ նախատեսվող կարգավորումները հատվածային են, որոնց արդյունքում առկա է ռիսկ, որ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ կապիտալի շուկայի զարգացման վրա՝ նվազեցնելով օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի ՀՀ շուկա և վստահությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ, և հատվածային լուծումները, որոնք տեղի են ունենում գոյություն ունեցող ինստիտուցիոնալ կառուցակարգերի խախտմամբ, միայն վնասելու են օտարերկրյա ներդրողների հետ հարաբերություններին: Ներկայացված խնդրի լուծման նպատակով քննարկումները դեռևս շարունակվում են։
Միաժամանակ, ներկայումս քննարկվում է հիշատակված միջոցառումը Համաշխարհային բանկի կողմից մշակված «Ընկերությունների մասին» օրենքի համատեքստում իրականացնելու հնարավորությունը։ Մասնավորապես, Հայաստանի ընկերությունների իրավունքի շրջանակը մասնատված է բազմաթիվ օրենքներով, ներառյալ Քաղաքացիական օրենսգիրքը, Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը և Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքը: Բացի այդ, այն ներառում է ֆինանսական հատվածը կարգավորող օրենքներ, ինչպիսիք են «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքը, «Արժեթղթերի շուկայի մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքը, որոնք բոլորն էլ պարունակում են ընկերությունների մասին օրենքին առնչվող դրույթներ: Այս մասնատումը ստեղծում է բարդ իրավական միջավայր՝ համընկնող դրույթներով և տարաբնույթ պահանջներով: Այս դրույթները համախմբելու և իրավական դաշտը պարզեցնելու համար քննարկվում է մշակել և ընդունել ընկերությունների միասնական օրենսդրություն: Բացի այդ, զգալի հնարավորություն կա հստակեցնելու տարբեր իրավաբանական անձանց տեսակների միջև տարբերությունները և ներդնելու կառավարման այնպիսի մոդելներ, որոնք ավելի սերտորեն համահունչ են նրանց հատուկ բնութագրերին:
Հետագա բարելավումները ներառում են նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՀՀ ՊԵԿ-ի հարկային և մաքսային վարչական ռեգիստրների, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (արժեթղթերի) միասնական վարչական ռեգիստրների ինտեգրումն ըստ միասնական նույնականացման համակարգի: Առաջավոր միջազգային փորձը վերագրվում է ինտեգրված վարչական ռեգիստրների համակարգին՝ խարսխված միասնական նույնականացման ծածկագրային համակարգին, սահմանումներին և դասակարգումներին: Եվ այս առումով, ներկայումս քննարկվում է օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստրի՝ քննարկվող ինտեգրված վարչական ռեգիստրների հայեցակարգում ներառելու հնարավորությունը, որտեղ Էկոնոմիկայի նախարարությունը կունենա ներդրումային վարչական ռեգիստրի տվյալների հասանելիություն։
Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ շահագրգիռ մարմինների հետ քննարկումները դեռևս շարունակվում են, ինչպես նաև այն, որ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունումը պահանջում է որոշակի տևական ժամանակ, ուստի առաջարկվում է վերը հիշատակված միջոցառման մեջ կատարել փոփոխություն՝ միջոցառման իրականացման վերջնաժամկետ սահմանելով 2026 թվականի դեկտեմբեր ամիսը:
1․3․ Միաժամանակ, հստակեցման նպատակով առաջարկվում է Հավելվածի 6-րդ կետում «ռեեստրի» բառից հետո ավելացնել «(վարչական ռեգիստր)» բառերը, իսկ «Պատասխանատու գերատեսչությունը» սյունակում «Վիճակագրական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա (համաձայնությամբ)» բառերով: Վերջին երկու գերատեսչություններին է վերապահված ձեռնարկատիրական իրավունքի գրանցման և բաժնետիրական ընկերություններում օտարերկրյա մասնակցության վերաբերյալ վարչական (անվանական հասցեական) գրանցումների լիազորությունները։ Վիճակագրական կոմիտեն ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջների և Օրենքով սահմանված դրույթների համաձայն հանդիսանում է ոչ թե վարչական ռեգիստրների (ռեեստրների) ձևավորող, այլ վարչական ռեգիստրներում առկա տվյալների օգտագործող։
2․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք․
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
3․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին․
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում և ծախսերի ավելացում չի նախատեսվում։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը չի բխում ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։
-
Продолжительность
14.11.2024 30.11.2024 -
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 330
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .