В стадии разработки
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
Հիմնավորում
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի
ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի խթանել Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝
1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը.
2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե Օրենքով սահմանված կարգով ներկայացրել են Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում (այսուհետ՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում)։
Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը և դրույքաչափը սահմանված է Օրենքի 6-րդ հոդվածով, իսկ մասնակիցների ռեեստրը վարողին կուտակային հատկացումները փոխանցելուն առնչվող հարաբերությունները՝ Օրենքի 9-րդ հոդվածով։
Մասնավորապես, Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային մարմինը սոցիալական վճարների վերաբերյալ հաշվարկները փաստացի ստանալու օրվանից հետո (առավելագույնը 10-օրյա ժամկետում), մշակում է դրանք և վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան` սոցիալական վճար կատարած (կատարող) անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կուտակային հատկացում կատարելու (համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու) համար, եթե ներկայացված տեղեկություններում չկան սխալներ, և փոխանցվել են սոցիալական վճարների հաշվետվության մեջ նշված սոցիալական վճարների գծով պարտավորությունները: Կուտակային հատկացման գումարը ձևավորվում է սոցիալական վճարներից և Оրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից:
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձանց համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.
2) անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված՝ աշխատավարձից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների չափով:
Օրենքի վերոնշյալ կարգավորումների համաձայն՝ 01.01.1974-ից հետո ծնված՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները պարտադիր վճարում են սոցիալական վճարները, իսկ նրանց համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են սոցիալական վճարներից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից։
Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում օտարերկրյա քաղաքացիների եկամտից պահումները նվազեցնելու, նրանց կողմից տնօրինվող եկամուտը մեծացնելու և այդպիսով Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում նրանց ներգրավվածությունը խթանելու համար նպատակահարմար է վերանայել օտարերկրյա քաղաքացիների՝ կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու պայմանները։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
- Կարգավորման առարկան
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանել, որ կուտակային կենսաթոշակային համակարգին կարող են միանալ կամավորության սկզբունքով՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա։
Ընդ որում, համակարգին կամավոր միանալու դեպքում օտարերկրյա քաղաքացիների համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են սոցիալական վճարների չափով՝ առանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցների։
Նախագծով նախատեսված է նաև անցումային դրույթ, որով հնարավորություն է ընձեռնվում օրենքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մասնակից հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
- Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մասնակից հանդիսացող օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի 2025 թվականի հուլիսի
1-ից հետո ցանկացած ժամանակ հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով։
- Սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու (1.1-ին կետում նշված) դիմում ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին սոցիալական վճար կարող է կատարել Օրենքով սահմանված կարգով՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում ներկայացնելու դեպքում։
Ընդ որում, անձը սոցիալական վճար կատարելը դադարեցնում է՝
1) աշխատավարձից՝ համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) ձեռնարկատիրական եկամուտներից` համապատասխան դիմումը ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:
Դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին սոցիալական վճար կարող է կատարել սույն օրենքով սահմանված կարգով՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում ներկայացնելու դեպքում։
Այս կարգավորումը տարածվելու է նաև, օրինակ, 2023 թվականի ընթացքում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատող հանդիսացող՝ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու վրա, ով ազատվել է աշխատանքից 2024 թվականի սեպտեմբեր 14-ին և 2025 թվականի օգոստոսի 5-ին նորից ընդունվել է աշխատանքի։ Այս դեպքում, քանի որ տվյալ անձը համարվում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, ապա գործող համակարգից դուրս կգա սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմում ներկայացնելու դեպքում։
Եթե Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մասնակից հանդիսացող օտարերկրյա քաղաքացին չի ներկայացնում սույն հոդվածի 1.1-ին կետում նշված դիմումը, ապա նա շարունակում է վճարել սոցիալական վճարները, իսկ նրա համար (օգտին) կուտակային հատկացումները շարունակում են կատարվել Օրենքով սահմանված կարգով։
Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել հարկային օրենսդրությունից բխող առանձին փոփոխություններ։ Մասնավորապես, հաշվի առնելով, որ Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը հաշվարկվում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված չափով ու կարգով և շրջանառության մեջ է գտնվում ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծ, առաջարկվում է նախատեսել փոփոխություն Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում՝ նույն մասի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված չափով և կարգով։»։
Քանի որ նախագծով սահմանվող փոփոխությունները ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի սպասարկման պայմանագրից դուրս են, ինչպես նաև հաշվի առնելով կուտակային համակարգի փոփոխության ծրագրային ապահովման աշխատանքների ծավալը և բարդությունը, ինչպես նաև նախագծով սահմանվող՝ սոցիալական վճար կատարելը դադարեցնելու մասին դիմումի ձևատեսքի հաստատումից հետո ծրագրային աշխատանքների կատարման համար պահանջվող առնվազն վեցամսյա ժամկետը, նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հուլիսի 1-ից։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կվերանայվի աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների՝ կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու կարգը, ինչպես նաև կսահմանվի մինչև օրենքն ուժի մեջ մտնելը արդեն համակարգին միացածների՝ համակարգից դուրս մեխանիզմները։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
- Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն փոխվի։ Կամավորության սկզբունքով կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու դեպքում պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան նույն՝ կատարված սոցիալական վճարի չափով։
-
Обсуждалось
21.10.2024 - 06.11.2024
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 680
Принт