Добавить в избранное

В стадии разработки

«703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

         Շարժական կապի ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում, այդ թվում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված լիցենզիոն պարտավորությունների հիման վրա՝ հանրապետության 100% բնակավայրերում հասանել են հանրային շարժական կապի 4G+ (LTE Advanced) տեխնոլոգիաների ծառայությունները, ընդ որում բնակավայրերի 91,4%-ում հասանելի է առնվազն 2 օպերատորի, իսկ 21,8%-ում (որը բնակչության ներգրավվածության առումով կազմում է հանրապետության բնակչության 76.2%-ը)` 3 օպերատորի փոխադարձ ներթափանցելի 4G+(LTE Advanced) տեխնոլոգիայի ծածկույթը:

         Հանրապետությունում շարժական կապի ենթակառուցվածքների զարգացման շարունակականության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ նոր տեխնոլոգիաների ներդրման խթանման և սպառողներին որակյալ ծառայությունների հասանելիությամբ ապահովելու, ինչպես նաև ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ կառավարման նկատառումներով հանձնաժողովը շարունակում է աշխատանքները շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման, այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու ուղղությամբ։

    Մասնավորապես, ՀՀ հաճախականություների բաշխումների աղյուսակում կատարված համապատասխան փոփոխությունների համաձայն՝ հանձնաժողովի տնօրինմանն են հանձնվել 2300-2400ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթները, որոնք նախատեսված են շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման և զարգացման համար։

Բացի այդ, ներկայումս հանձնաժողովի տնօրինման տակ են նաև տվյալ տեխնոլոգիայի ցանցերի համար օգտագործվող՝ 700ՄՀց և 2600ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի ազատ հատվածներ (2023 թվականին հանձնաժողովի կողմից իրականացված՝ 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 3x20ՄՀց հատվածների մրցույթներից մեկ մրցույթը չի կայացել, տվյալ հատվածի նկատմամբ հետաքրքրության հայտերի բացակայության պատճառով, իսկ 2020 և 2023 թվականներին «Յուքոմ» ընկերությունը` վերագնահատելով ռադիոհաճախականային ռեսուրսի օգտագործման նպատակներն ու պայմանները, հանձնաժողովի տնօրինմանն էր վերադարձրել ընկերության կողմից շարժական կապի ցանցերի համար օգտագործվող 2600ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթից ընդհանուր 2x30ՄՀց հատված)։

Նշված ռադիոհաճախականությունների տրամադրումը, որպես սահմանափակ ռեսուրս, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների համաձայն՝ պետք է իրականացվի մրցութային եղանակով, որով պայմանավորված՝ հանձնաժողովը ոլորտի իրավասու և շահագրգիռ այլ մարմինների հետ քննարկումների արդյունքում նախատեսում է կազմակերպել և իրականացնել տվյալ ռադիոհաճախականությունների տրամադրման մրցութային գործընթացներ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

           Որոշման նախագծով նախատեսվում է տվյալ մրցույթներն իրականացնել փուլային տարբերակով՝ 2300-2400ՄՀց և 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների դեպքում՝ համապատասխանաբար վեց 50ՄՀց-ական, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց ու 703-713ՄՀց և 758-768ՄՀց հատվածների դեպքում՝  համապատասխանաբար չորս 2x10ՄՀց հատվածների տրամադրմամբ։  

Նախատեսվում է որպես նշված ռադիոհաճախականությունների հատվածների տրամադրման մրցույթների մասնակցության պահանջներ սահմանել, որ հայտը պետք է ներառի նաև հիմնավորումներ.

  • առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի կողմից (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) հանրային էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում շարժական լայնաշերտ կապի ցանցերի շահագործման փորձի վերաբերյալ,
  • վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) էլեկտրոնային հաղորդակցության (հեռահաղորդակցության) բնագավառում առնվազն տարեկան միջինը 20 000 000 000 (քսան միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարի չափով շրջանառության վերաբերյալ։

Նախատեսվում է մրցութային եղանակով նշված ռադիոհաճախականությունների հատվածների 1ՄՀց ռադիոհաճախականության համար տրամադրման մեկնարկային վճար սահմանել «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված վճարին համարժեք վճար՝ 25 մլն ՀՀ դրամ, իսկ թույլտվութուն ստացած անձը ռադիոհաճախականությունների հետագա տարիների օգտագործման համար օրենքի համաձայն պետք է վճարի ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները (օրենքով շարժական լայնաշերտ կապի ցանցերի շահագործման նպատակով 1ՄՀց ռադիոհաճախականության տրամադրման պարտադիր վճարը սահմանված է 25 մլն դրամ, իսկ օգտագործման տարեկան պարտադիր վճարը՝ 16,8 մլն դրամ)։

2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթների համապատասխան հատվածների տրամադրման մրցույթների իրականացման արդյունքում տրամադրվող ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմաններում նախատեսվում է սահմանել պարտավորություններ.

  • 3 տարվա ընթացքում հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) ընդհանուր երկարության 98 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա (outdoor) ծածկույթ (որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով) ապահովելու մասով,
  • յուրաքանչյուր նոր ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի (մայրուղու) շահագործման հանձնելուց հետո 3 տարվա ընթացքում տվյալ ճանապարհի առնվազն 98 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ (որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով) ապահովելու մասով,
  • 3 տարվա ընթացքում Երևան, Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքներում՝ յուրաքանչյուր քաղաքի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 20 տոկոսում, ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված՝ «Ինժեներական քաղաքի», Զվարթնոց, Գյումրու և Կապանի օդանավակայանների, ՀՀ սահմանային բոլոր գործող մաքասակետերի ամբողջ տարածքներում, ինչպես նաև յուրաքանչյուր նոր սահմանային մաքսակետի շահագործման հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում տվյալ սահմանային մաքսակետի ամբողջ տարածքում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթ ապահովելու մասով,
  • 5 տարվա ընթացքում Երևան, Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքներում՝ յուրաքանչյուր քաղաքի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 40 տոկոսում, ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված՝ «Ակադեմիական քաղաքի», ամբողջ տարածքում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթ ապահովելու մասով,
  • 7 տարվա ընթացքում հանրապետության քաղաքային յուրաքանչյուր բնակավայրում՝ համապատասխան բնակավայրի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 60 տոկոսում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթ ապահովելու մասով,
  • 2 տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հուսալիության և անվտանգության նվազագույն պահանջների ապահովման վերաբերյալ (ներկայացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնի գործավարության ընթացակարգով նշված ռադիոհաճախականությունների տիրույթների համապատասխան մրցույթի նախավորակավորված անձանց)

703-713ՄՀց և 758-768ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի տրամադրման մրցույթի իրականացման արդյունքում տրամադրվող ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմաններով նախատեսվում է սահմանել պարտավորություններ, որոնք նախատեսված են եղել նաև 2023 թվականին հանձնաժողովի կողմից իրականացված՝ 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի հատվածների մրցույթներով.

  • 2 տարվա ընթացքում հանրապետության բնակավայրերի և հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) առնվազն 80%-ը լայնաշերտ ինտերնետային բացօթյա (outdoor) ծածկույթով ապահովելու մասով,
  • երկու տարվա ընթացքում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ տվյալ քաղաքների վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 90 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ ապահովելու մասով,
  • 2 տարվա ընթացքում Երևան քաղաքում, ներառյալ՝ «Ինժեներական քաղաքի տարածքում» և 3 տարվա ընթացքում Գյումրի և Վանաձոր քաղաքներում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանցի ներդրման վերաբերյալ,
  • ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով՝ 2 տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված բնակավայրերում կապի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ (կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու միջոցով առնվազն 500 միլիոն դրամի կապիտալ ներդրումների իրականացում),
  • 2 տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հուսալիության և անվտանգության նվազագույն պահանջների ապահովման վերաբերյալ (ներկայացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնի գործավարության ընթացակարգով մրցույթի նախավորակավորված անձանց)։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

«703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով ՀՀ կառավարությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքները, ինչպես նաև ոլորտի իրավասու մարմնի՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության առաջարկությունները։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

         Ռադիոհաճախականությունների հատվածների նախատեսվող մրցույթի իրականացմամբ  հանրապետության քաղաքային յուրաքանչյուր բնակավայրում՝ համապատասխան բնակավայրի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 60 տոկոսում՝ ներառյալ «Ինժեներական քաղաքի» «Ակադեմիական քաղաքի», Զվարթնոց, Գյումրու և Կապանի օդանավակայանների, գործող և կառուցվող սահմանային մաքսակետերի տարածքներում հասանելի կլինի շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթը, հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) ընդհանուր երկարության 98 տոկոսում հասանելի կլինի լայնաշերտ ինտերնետային բացօթյա (outdoor) ծածկույթ (որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով), կբարձրացվի կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակն ու կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն (կընդլայնվի) կապի առկա ենթակառուցվածքները։

         Մրցութային հիմունքներով նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 380ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 9,5 մլրդ դրամի միանվագ (տրամադրման մասով) և 6,384 մլրդ դրամ տարեկան (օգտագործման մասով) պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր։

  • Обсуждалось

    21.10.2024 - 06.11.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 461

Принт