Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«______»____________ 2024 ԹՎԱԿԱՆԻ N______Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 364-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

        «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

 

  2) որոշման նախաբանում ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել  «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով․

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1․ Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին ևանձնակազմին ներկայացվող պահանջները և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը՝ համաձայն հավելվածի։»․

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

_______________-ի N _____-Ն որոշման 

«Հավելված 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 364-Ն որոշման

  

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց (այսուհետ՝ շահառուներ) տրամադրվող ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը:
  2. Ապաստարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող շահառուներին, եթե առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն:
  3. Ապաստարանը գործում է շուրջօրյա և իրականացնում շահառուների տեղավորում: Ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ` առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի:
  4. Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Ապաստարանում գտնվելու ժամկետը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով որոշում է ապաստարանը:
  5. Շահառուներին ապաստարանով ապահովելու նպատակն այդ անձանց անվտանգությունն ապահովելը և «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և սույն հավելվածով նախատեսված սոցիալական այլ ծառայությունները տրամադրելն է:
  6. Ապաստարանի գործունեությունը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա`
  • անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնություն,
  • խտրականության բացառում,
  • տեղեկացված լինելու իրավունքի երաշխավորում,
  • մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների անձեռնմխելիություն,
  • արժանապատվության, անձնական կյանքի, ինքնուրույնության, ազատ ընտրության և անկախության նկատմամբ հարգանքը,
  • երեխայի լավագույն շահերի առաջնահերթություն,
  • շահառուների աշխատելու և կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը,
  • իրավահավասարություն, մատչելիություն և ներառականություն: 

 

  1. ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Ապաստարանը պետք է երաշխավորի անվտանգության և ապահովության հետևյալ նվազագույն պահանջները`
  • շահառուներին ապահով բնակելի տարածքի անհատույց տրամադրումը,
  • շուրջօրյա անվտանգության ապահովումը՝ ներառյալ անվտանգ մուտքերի, ապաստարանն անվտանգության համակարգով կահավորելը, տեսախցիկների և ապաստարանում անհատական պաշտպանության միջոցների (աերոզոլային սարքեր, ազդարարման համակարգ և այլն) առկայությունը: Արգելվում է տեսախցիկներ տեղադրել շենքի ներսում,
  • գործունեությունը օրենսդրությամբ սահմանված կոմունալ, սանիտարահամաճարակային և հիգիենիկ անվտանգության, հակահրդեհային և շինարարական նորմերին և կանոններին համապատասխան վարելը:

 

  1. Ապաստարանը պետք է երաշխավորի գաղտնիության հետևյալ նվազագույն պահանջները`
    • ապաստարանի գտնվելու վայրի և անձնակազմի գաղտնիությունը: Ապաստարանի մուտքերը մշտապես պետք է փակ (կողպված) լինեն, պետք է գործեն չլիազորված մուտքերը բացառող կարգեր,
    • շահառուներին վերաբերող ցանկացած տեղեկության գաղտնիությունը,
    • գաղտնիության պահպանման գործող կառուցակարգեր (անձնակազմի, շահառուների և ներգրավված բոլոր անձանց հետ կնքելով գաղտնիության համաձայնագրեր և կիրառելով այլ միջոցներ):

 

  1. Ապաստարանը պետք է երաշխավորի ապրելու համար հետևյալ նվազագույն պահանջները`
  • շահառու կնոջը և երեխային մեկ սենյակի հատկացում, երկու և ավելի երեխաների պարագայում` հնարավորության դեպքում լրացուցիչ սենյակի տրամադրում,
  • ապաստարանում երեքից ավելի բնակելի սենյակների դեպքում` պետք է լինի առնվազն երկու սանհանգույց,
  • ապաստարանը պետք է ունենա երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով տարածություն,
  • ապաստարանը պետք է ունենա բավարար բնական և արհեստական լուսավորություն և օդափոխություն,
  • ապաստարանը պետք է ունենա առաջին օգնության դեղորայք և պարագաներ. դրանք և շահառուի պարագաները պետք է մշտապես փակ լինեն և գտնվեն ապաստարանի աշխատակցի սենյակում,
  • ապաստարանը պետք է ունենա չհրկիզվող պահարան շահառուների համար կարևոր իրերի պահպանման համար,
  • ապաստարանը շահառուներին պետք է տրամադրի՝

ա. հագուստի պահարան և մահճակալ,

բ.անկողնային պարագաներ և սպիտակեղեն,

գ.խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ, սնունդ պատրաստելու սպասք և այլն),

դ. հագուստ (անհրաժեշտության դեպքում),

ե. անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ, տակդիրներ, միջադիրներ և այլն),

զ.սնունդ՝ օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ (շահառուն սնունդը կարող է պատրաստել ինքնուրույն),

է. անհրաժեշտության դեպքում` երեխաների խնամքի պարագաներ՝ իր տարիքին համապատասխան,

ը. տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ երեխայի համար մանկական մահճակալ,

թ. երեխայի տարիքին համապատասխան զբաղվածության իրեր, խաղեր, գրքեր և այլն:

 

  1. Ապաստարանը շահառուների իրավունքների իրացման համար պետք է ապահովի հետևյալ նվազագույն պահանջները`
  • ապաստարանը պետք է մատչելի լինի կանանց և երեխաների համար` բացառելով խտրականությունը,
  • ապաստարանը պետք է երաշխավորի շահառուին հասկանալի լեզվով` այդ թվում ժեստերի լեզվով, տեղեկատվությունը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովեն օրենսդրությամբ սահմանված ֆիզիկական միջավայրին (ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները, սանհանգույցը, խոհանոցը, տարհանման ուղիները) և տրանսպորտին (առկայության դեպքում) ներկայացվող չափանիշները (ստանդարտները), օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովեն խելամիտ հարմարեցումներ,
  • ապաստարանը պետք է ապահովի աշխատակազմի՝ հավասարության և անխտրականության վերաբերյալ կրթությունը և իրազեկվածության բարձրացումը,
  • շահառուները պետք է տեղեկացված լինեն ապաստարանի և իրենց իրավունքների իրացման հնարավորության մասին, ներառյալ ապաստարանի քաղաքականության, ընդունված կանոնների և հասանելի ծառայությունների մասին,
  • շահառուները պետք է ազատ լինեն իրենց վերաբերյալ որոշումներ կայացնելու՝ առանց հարկադրանքի և պետք է ստանան իրենց ընտրությունն իրացնելու աջակցություն` առանց այլ անձանց իրավունքների խախտման,
  • շահառուների իրավունքների իրացումը` այդ թվում կրթություն ստանալու, աշխատանքի և այլն, պետք է երաշխավորվի, այդ թվում` պետք է ապահովվի երեխաների կրթության շարունակականությունը` հեռավար կամ առկա` ըստ հնարավորության,
  • շահառուների համար պետք է հասանելի լինի ներքին գաղտնի գործընթաց՝ անձնակազմի, ապաստարանի պայմանների կամ ծառայությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնելու համար:

 

  1. Ապաստարանը շահառուներին, ըստ կարիքի, տրամադրում է օգնության հետևյալ ձևերը`
  • հոգեբանական օգնություն,
  • իրավաբանական օգնություն, որը ներառում է` խորհրդատվություն` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում՝ ներառյալ իրավաբանական տեղեկատվության տրամադրում, ներկայացուցչություն կամ պաշտպանություն` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով, այլ աջակցություն՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար,
  • սոցիալականաջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների,
  • անհրաժեշտության դեպքում և շահառուների համաձայնությամբ նրանց կողմից առողջապահական հաստատություններ դիմելու աջակցություն` բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար:

 

  1. ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Ապաստարանի անձնակազմը պետք է բավարարի հետևյալ ընդհանուր պահանջներին.
  • ապաստարանում ծառայությունները պետք է մատուցվեն կին աշխատողների կողմից,
  • անձնակազմը պետք է ունենա բավարար պատրաստվածություն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց` այդ թվում երեխաների հետ աշխատելու համար,
  • ապաստարանը իր շուրջօրյա աշխատանքի կազմակերպման համար պետք է ունենա առնվազն չորս շուրջօրյա աշխատողներ` հերթափոխությամբ: Օրվա հերթապահ աշխատակիցը նաև պետք է մասամբ զբաղվի երեխաների հետ,
  • անձնակազմը պետք է տարեկան առնվազն 20 ժամ վերապատրաստում անցնի: Վերապատրաստման դասընթացները, ի թիվս այլնի, ընդգրկում են առաջին բժշկական օգնության, ինքնապաշտպանության, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամքի, շահառուների կարիքների գնահատման թեմաները:
  1. Ապաստարանի աշխատակից չի կարող լինել այն անձը`
  • ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
  • ով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 22-27-րդ, 29-րդ, 34-35-րդ գլուխներով և 203-206-րդ, 208-209-րդ, և 485-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,
  • ում նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում,
  • ով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ սահմանափակ գործունակ,
  • ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
  1. Ապաստարանը պետք է անձնակազմի համար առանձին սենյակ հատկացնի: 

 

  1. ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Ապաստարանի աշխատակիցը պետք է շահառուին ընդունելու պահից երկուսից երեք օրվա ընթացքում իրականացնի վերջինիս կարիքների և վտանգի գրավոր գնահատումը: Տվյալ աշխատակիցը հանդիսանում է այդ գործի վարման պատասխանատուն:
  2. Շահառուի գնահատումը պետք է ներառի տեղեկություններ`
  • շահառուի, նրա առողջական վիճակի և կարիքների վերաբերյալ,
  • շահառուի երեխաների վերաբերյալ.
  • շահառուի կողմից վստահելի անձանց և նրանց հետ կապ հաստատելու միջոցների վերաբերյալ,
  • բռնության նկարագրի և վտանգի գնահատման վերաբերյալ,
  • բնակարանային հարցերի (առկայության, պայմանների) վերաբերյալ,
  • շահառուին տրամադրվող օգնության ձևերի վերաբերյալ,
  • շահառուի կրթության, զբաղվածության, հնարավոր վերապատրաստումների վերաբերյալ:
  1. Ապաստարանը շահառուին ընդունելու պահից պետք է իրականացնի`
  • հրատապ անհրաժեշտության իրերի և օգնության տրամադրում,
  • տրամադրի բավարար տեղեկատվություն ապաստարանի, իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ներառյալ ապաստարանի քաղաքականության, ընդունված կանոնների և հասանելի ծառայությունների մասին` տրամադրելով անհրաժեշտ փաստաթղթերը,
  • շահառուի հետ գաղտնիության համաձայնագրի կնքում առ այն, որ վերջինս պարտավորվում է գաղտնի պահել և որևէ մեկին չբացահայտել ապաստարանի, դրա աշխատակիցների և շահառուների հետ կապված ցանկացած տեղեկատվություն,
  • անվտանգության նկատառումներից ելնելով` շահառուից պահանջի հանձնելու բջջային հեռախոսը կամ վերջինիս թույլ տա պահպանել հեռախոսը` տալով դրա օգտագործման ցուցումներ,
  • ըստ կարիքի, տրամադրի սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված օգնություն,
  • կանանց կարճաժամկետ և երկարաժամկետ հզորացման ծրագրի մշակում և ներկայացում վերջինիս,
  • շահառուների անվտանգության երաշխավորմանն ուղղված այլ գործողություններ:
  1. Ապաստարանը պետք է ունենա ներքին կարգապահական կանոններ, հակախտրականության, անձնական տվյալների մշակման քաղաքականություն, որոնք հաստատվում են ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարի կողմից:
  2. Ապաստարանը պետք է ունենա ներքին գաղտնի գործընթաց՝ անձնակազմի, ապաստարանի պայմանների կամ ծառայությունների վերաբերյալ բողոքներ ստանալու և դրանք քննելու համար:
  3. Ապաստարանը պետք է հաստատի և իր գործունեության մեջ կիրառի հետևյալ փաստաթղթերը.
  • գաղտնիության պահպանման համաձայնագրեր,
  • անձնական տվյալների ստացման և մշակման համաձայնություն,
  • ապաստարանում բնակության համաձայնագիր,
  • շահառուին տրամադրվող օգնությունը ստանալու համաձայնագիր,
  • շահառուի վստահելի անձանց հետ կապի հաստատման համար համաձայնագիր,
  • դեղորայքից օգտվելու համաձայնագիր,
  • շահառուի կողմից լրացվելու համար` ապաստարանից հեռանալու նշումների վերաբերյալ փաստաթուղթ:
  • Обсуждалось

    09.10.2024 - 25.10.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 603

Принт

Предложения

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2024

Նախագծով նշվել և թվարկվել է, որ ապաստարանը պետք է հաստատի և իր գործունեության մեջ կիրառի հետևյալ փաստաթղթերը. ● գաղտնիության պահպանման համաձայնագրեր, ● անձնական տվյալների ստացման և մշակման համաձայնություն, ● ապաստարանում բնակության համաձայնագիր, ● շահառուին տրամադրվող օգնությունը ստանալու համաձայնագիր, ● շահառուի վստահելի անձանց հետ կապի հաստատման համար համաձայնագիր, ● դեղորայքից օգտվելու համաձայնագիր, ● շահառուի կողմից լրացվելու համար` ապաստարանից հեռանալու նշումների վերաբերյալ փաստաթուղթ: Առաջարկում ենք վերը թվարկված փաստաթղթերի ձևանմուշները կցել հավելվածին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2024

Ըստ նախագծի շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Անհրաժեշտ է նախատեսել սահմանված ժամկետը երկարաձգելու հնարավորություն, ինչպես նաև սպառիչ կերպով թվարկել այն փաստական հանգամանքները, որոնցով պայմանավորված հնարավոր կլինի երկարաձգել ապաստարանում գտնվելու ժամկետը (օրինակ՝ դատարանի որոշում, առողջական խնդիր, հղիություն, մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը, դատական գործի ձգձգում և այլն)։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2024

Ըստ Նախագծի՝ ապաստարանի աշխատակիցը պետք է շահառուին ընդունելու պահից երկուսից երեք օրվա ընթացքում իրականացնի վերջինիս կարիքների և վտանգի գրավոր գնահատումը: Տվյալ աշխատակիցը հանդիսանում է այդ գործի վարման պատասխանատուն: Առաջարկում ենք հստակեցնել, թե ապաստարանի ո՞ր աշխատակիցը (մասնագետը) պետք է ընդունի շահառուին և նախատեսել, որ ապատարանում շահառուի ընդունելության ժամանակ ներկա գտնվի հոգեբանը։ Կազմակերպությունն առաջարկում է նաև վտանգի գրավոր գնահատումը իրականացնել ոչ թե ընդունելու պահից երկուսից երեք օրվա ընթացքում, այլ ընդունելության պահից մեկից երեք օրվա ընթացքում։

Узнать больше