Добавить в избранное

В стадии разработки

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում օտարեկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային մեկ միասնական հարթակի ներդրումը։

  • Обсуждалось

    27.08.2024 - 11.09.2024

  • Тип

    Закон

  • Область

    Миграция и гражданство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1365

Принт

Предложения

Անժելիկա Հակոբյան

10.09.2024

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սպառիչ կերպով թվարկում է այն բոլոր հիմքերը, որոնց առկայության պարագայում օտարերկրացիներին կարող է տրվել կացության կարգավիճակ։ Այդ հիմքերում բացակայում են այնպիսինները, որոնք հնարավորություն կտան այն օտարերկրացիներին, որոնք ունեն ցանկություն և բավարար գումար Հայաստանի Հանրապետությունում իրենց կեցությունն ապահովելու՝ առանց լրացուցիչ կապեր ունենալու պետության հետ, օրինականացնել իրենց բնակությունը պետությունում։ Առաջարկում ենք «Օտարերկրացիների մասին» օրենքում սահմանել ֆինանսապես կայուն անձ համարվելու հիմքով Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակ ստանալու հիմք, որն ուղղված կլինի ինչպես պետության տնտեսական, այնպես էլ միգրացիոն ոլորտների զարգացմանը։ Նման ծրագրի մշակման համար որպես հաջողված օրինակներ կարող են դիտարկվել մի շարք պետությունների նույնաբնույթ ծրագրերը, օրինակ՝ Մեքսիկայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Մալայզիայի և այլն։ Ծրագրի հիմնական նպատակներից մեկն ապահովելն է, որ օտարերկրացիները, որոնք ցանկանում են կապ ստեղծել Հայաստանի հետ, միաժամանակ ֆինանսապես ինքնաբավ լինեն՝ Հայաստանում սեփական միջոցները ծախսելու հնարավորությամբ։ Ծրագրով պետք է նախատեսվի, որ ֆինանսապես կայուն անձ համարվելու համար օտարերկրացին պետք է ունենա, օրինակ, տարեկան առնվազն ութ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով եկամուտ, կամ բանկային հաշվին առկա լինեն դրամական միջոցներ՝ նվազագույնը տասնվեց միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Գումարի որոշված սահմանաչափը համապատասխանում է Հայաստանի կենցաղային ծախսերի տնտեսական պայմանների հետ՝ ապահովելով, որ կացության կարգավիճակ ստացած անձինք կկարողանան պահպանել արժանապատիվ կենսամակարդակ։ Առաջին տարբերակը, այն է՝ օտարերկրացին պետք է ունենա տարեկան առնվազն ութ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով եկամուտ, ենթադրում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում անձը պետք է պարբերական կտրվածքով որևէ եկամտի աղյուրից ստացած լինի բավարար դրամական միջոցներ։ Սա վերաբերելի է այն անձանց, որոնք իրենց պետությունից ստանում են աշխատավարձ, կենսաթոշակ կամ այլ կայուն եկամուտ և ցանկանում են այդ եկամուտներն օգտագործել Հայաստանում։ Միևնույն ժամանակ, այն անձինք, որոնք չունեն կայուն եկամուտ, սակայն ունեն կուտակված դրամական միջոցներ, ևս հնարավորություն կստանան դրանց առկայության հիմքով Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու և միջոցները Հայաստանի տարածքում տնօրինելու։ Ծրագիրը նաև նպատակաուղղված կլինի այն անձանց, որոնց աշխատանքի բնույթը թույլատրում է հեռավար եղանակով կատարել այն (digital nomads) և բնակություն հաստատել այլ պետության տարածքում։ Ներկայումս նման գործունեությամբ զբաղվող անձինք, որոնք ցանկանում են Հայաստան տեղափոխվել, ստիպված են լինում Հայաստանում հիմնել իրավաբանական անձ կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր՝ այդ հիմքով կացության կարգավիճակ ստանալու և Հայաստանում ազատորեն բնակվելու ու գործունեություն ծավալելու համար։ Մինչդեռ նման անձանց հնարավորություն տալն առանց մեկ լրացուցիչ քայլ անելու, այսինքն՝ առանց իրենց գործունեությանը Հայաստան տեղափոխելու, հեռավար կարգով եկամուտ ստանալն ու միաժամանակ Հայաստանում օրինական բնակություն հաստատելը միգրացիայի մեծ խթան կհանդիսանա։ Միևնույն ժամանակ, ծրագիրն օգտակար կլինի նաև թոշակառուների համար։ Վերջիններս, շարունակելով ստանալ իրենց կայուն եկամուտը՝ թոշակի տեսքով, հնարավորություն կունենան Հայաստան տեղափոխվելու և իրենց բնակությունը Հայաստանում օրինականացնելու։ Կարծում ենք՝ անվիճելի է, որ այն անձանց՝ Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելը, որոնք ֆինանսապես ապահովված են, միայն արդյունավետ կլինի տնտեսական զարգացման տեսանկյունից։ Հարկ է նշել, որ նշված պայմաններին բավարարելու դեպքում օտարերկրացիները հնարավորություն կունենան ձեռք բերելու ժամանակավոր կացության կարգավիճակ։ Մինչդեռ կացության կարգավիճակի այլ տեսակների պարագայում պայմանները համապատասխանաբար կտարբերվեն։ Մասնավորապես, մշտական կացության կարգավիճակ ստանալու համար նշված եկամտի և դրամական միջոցների վերաբերյալ պահանջները ենթակա կլինեն բազմապատկման հինգով, իսկ հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար՝ տասով: Մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար ավելի բարձր ֆինանսական շեմերի սահմանումը, նախևառաջ, հիմնվում է այն հանգամանքի հիման վրա, որ դրանք անձին առավել երկար ժամկետով են Հայաստանում օրինական բնակվելու հիմք շնորհում։ Բացի դրանից, սա ուղղված է ներգրավելու այն անձանց, որոնք ոչ միայն ֆինանսապես կայուն են, այլև պատրաստ են երկարաժամկետ կապ ստեղծել Հայաստանի հետ և, մեծ հավանականությամբ, խթանել տնտեսությունը, ներդրումներ կատարել և այլն։ Տարբեր պետությունների ծրագրերը, օրինակ՝ Մեքսիկայի «Residency Visa Through Economic Solvency», Պորտուգալիայի «Passive Income visa», Մալայզիայի «My Second Home Program», Արգենտինայի «Rentista and Pensionado Visa», ցույց են տվել, որ ֆինանսապես կայուն անձանց կացության կարգավիճակի տրամադրումը նպաստում է տնտեսության զարգացմանը՝ առանց պետությանը ծանրաբեռնելու։ Նախագծերի փաթեթով առաջարկվող ծրագիրը որպես հիմք է վերցրել վերոնշյալ հաջողված մոդելները՝ դրանք հարմարեցնելով Հայաստանի տնտեսական և սոցիալական առանձնահատկություններին։ Հարկ է նաև նշելը, որ համաձայն առաջարկվող ծրագրի՝ ֆինանսական ստուգման գործընթացը հիմնարար է ծրագրի ամբողջականության համար: Նախատեսվում է, որ եկամտի կամ դրամական միջոցների առկայությունը պետք է ապացուցվի Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի (օրինակ՝ քաղվածքի կամ տեղեկանքի) միջոցով, իսկ օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի դեպքում վերջինս պետք է վավերացված լինի: Փաստաթուղթը պետք է տեղեկություններ պարունակի այն մասին, որ կացության կարգավիճակ ստանալու դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում անձի կողմից ստացված եկամտի չափը կամ բանկային հաշվի միջին մնացորդը հավասար կամ ավելին է, քան սահմանված նվազագույն չափը։ Այս փաստաթղթի ներկայացումը կարևոր նշանակություն կունենա, քանի որ բացի նրանից, որ կապացուցի գումարի անհրաժեշտ չափի առկայությունը, այլև թույլ կտա համոզվել, որ եկամուտներն օրինական են և որ դրամական միջոցները պահվում են օրինական եղանակով։ Եզրափակելով՝ հարկ է նշել, որ ֆինանսապես կայուն անձ համարվելու հիմքով Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ձեռք բերելու վերաբերյալ առաջարկվող ծրագիրը կհավասարակշռի նման անձանց ներգրավման տնտեսական օգուտները Հայաստանի միգրացիոն կարգավիճակի զարգացման հետ: Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը և այն պրոյեկտելով հայաստանյան իրականությանը՝ ծրագիրը որպես արդյունավետ ռազմավարություն կհանդիսանա տնտեսական աճի խթանման և մշակութային բազմազանության ամրապնդման համար։ Այսպիսով, առաջարկում ենք «Օտարերկրացիների մասին» օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասով՝ «Սույն օրենքի 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված՝ ֆինանսապես կայուն անձ համարվելու չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»։ Նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով՝ «ֆինանսապես կայուն անձ համարվելը»։ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով՝ «ապացուցում է իր՝ ֆինանսապես կայուն անձ համարվելը։»։ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ՝ «Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև ֆինանսապես կայուն անձ համարվող օտարերկրացիներին։»։ Միևնույն ժամանակ, օրենսդրական առաջարկվող փոփոխություններն ապահովելու համար հարկավոր կլինի ընդունել Կառավարության որոշում՝ ֆինանսապես կայուն անձ համարվելու չափանիշները սահմանելու մասին։ Մասնավորապես, առաջարկում ենք Կառավարության որոշմամբ սահմանել, որ 1) Ֆինանսապես կայուն անձ է համարվում այն օտարերկրացին, որն ունի բավարար եկամուտ կամ դրամական միջոցներ Հայաստանի Հանրապետությունում գտնվելիս իր կեցության ծախսերը հոգալու համար և որի կողմից տնօրինվող եկամուտը կարող է դրական ազդել սպառման, ներդրումների կամ խնայողությունների մակարդակի վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, 2) Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար ֆինանսապես կայուն անձ համարվելու համար նվազագույն եկամտի պահանջը սահմանվում է տարեկան ութ միլիոն դրամ կամ դրան համարժեք արտարժույթ, 3) Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար ֆինանսապես կայուն անձ համարվելու համար օտարերկրացին կարող է նաև ցույց տալ իր բանկային հաշվին դրամական միջոցների առկայությունը՝ նվազագույնը տասնվեց միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, 4) Եկամտի կամ դրամական միջոցների առկայությունը կարող է ապացուցվել Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի (օրինակ՝ քաղվածքի կամ տեղեկանքի) միջոցով։ Օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի դեպքում վերջինս պետք է լինի վավերացված: Փաստաթուղթը պետք է ցույց տա, որ դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում ստացված եկամտի չափը կամ բանկային հաշվի միջին մնացորդը հավասար կամ ավելին է, քան սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված չափերը, 5) Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված եկամտի և դրամական միջոցների վերաբերյալ պահանջները ենթակա են բազմապատկման հինգով, իսկ հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար՝ տասով: Որպես վերոնշյալ առաջարկի լրացում՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N-134 որոշման Հավելված N4-ի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Բանկի կամ ֆինանսական կազմակերպության կողմից տրված քաղվածք կամ տեղեկանք, որը պարունակում է բանկային հաշվի՝ վերջին տասներկու ամսվա շարժի վերաբերյալ տվյալներ կամ բանկային հաշվի միջին մնացորդի վերաբերյալ տվյալներ (միայն ֆինանսապես կայուն անձանց համար)»: Ինչպես նաև, առաջարկում ենք նույն որոշման Հավելված N5-ի 1-ին կետում «ինչպես նաև» արտահայտությունը փոխարինել ստորակետով, իսկ «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» արտահայտությունից հետո լրացնել «, ինչպես նաև ֆինանսապես կայուն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով։

Անժելիկա Հակոբյան

10.09.2024

«Օտարերկրացիների մասին» օրենքի 29․2-րդ հոդվածով սահմանվում է, որ «աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի գործողության ժամանակահատվածում, աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված, ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով օտարերկրացու մահվան դեպքում գործատուն հոգում է նրա դին ծագման պետություն տեղափոխելու հետ կապված ծախսերը»։ Առաջարկում ենք նշված դրույթից հանել «ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով օտարերկրացու մահվան դեպքում» արտահայտությունը։ Նախ՝ արտահայտության ձևակերպումը և բառերի ընտրությունը հաջող չէ։ Մասնավորապես, ձևակերպումը պետք է ի սկզբանե հետևյալ կերպ նախատեսված լիներ․ «ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով օտարերկրացուն մահացած ճանաչելու դեպքում»։ Սակայն, ձևակերպումից զատ՝ բովանդակային իմաստով դրույթը ևս անհասկանալի է։ Բանն այն է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի՝ քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում որոշակի ժամանակահատվածում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, կամ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով։ Այսինքն՝ դատարանի կողմից անձին մահացած ճանաչելու դեպքում անձի գտնվելու վայրը հայտնի չի լինում, հետևաբար վերջինիս դին տեղափոխելը ծագման պետություն անհնար է։

Անժելիկա Հակոբյան

10.09.2024

«Օտարերկրացիների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «աշխատանքային պայմանագրում (ծառայությունների մատուցման պայմանագրում) պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը»։ Առաջարկում ենք նշված դրույթից հանել «սոցիալական ապահովության և» արտահայտությունը, քանի որ հասկանալի չէ, թե ինչ է ենթադրում սոցիալական ապահովությունն այս պարագայում։ Միաժամանակ, հարկ է շեշտել, որ օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ չափանիշներ որևէ ակտով սահմանված չեն։

Узнать больше