Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է հարկային և մաքսային  կարգապահության բարձրացման և հարկային և մաքսային հանցագործությունների կատարումը կանխարգելելու (ոչ շահավետ դարձնելու) անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
  2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմ պարունակող հոդվածներն են՝

1) 281-րդ հոդված` Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը (4. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը:),

2) 285-րդ հոդված` Ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը (3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը:),

3) 286-րդ հոդված` Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը (3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը:),

4) 288-րդ հոդված՝ Կանխամտածված սնանկությունը (2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը։) ,

5) 290-հոդված` Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը (5. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը:):

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից կամ ազատություններից նույն օրենսգրքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակներն են` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները:

Ելնելով վերոգրյալից՝ հարկ է նշել, որ խրախուսական նորմերի առկայությունը նպաստում է հարկային հանցագործությունների կատարման խթանմանը և   հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցմամբ քրեական պատասխանատվությունից ազատվելու գիտակցման իրավական հիմքերը խանգարում են և հնարավորություն չեն տալիս կանխել նոր հարկային հանցագործությունների կատարումը։

Միաժամանակ, հարկ է նշել որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված են քրեական պատասխանատվությունից ազատելու մասով այլ կարգավորումներ, մասնավորապես՝  81-րդ հոդվածով սահմանված է քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով  ինստիտուտը։ Նույն հոդվածի հոդվածի 1.1. մասի համաձայն եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք է, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս կամ դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ գործոնների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

Հարկ է  նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքով  նախատեսված են նաև առավել մեղմ պատժի կիրառման կանոնակարգումներ։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված է
պատիժ նշանակելը համաձայնեցման կամ համագործակցության կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի դեպքում, որով սահմանված է, որ համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է  օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի նվազագույն չափը կամ ժամկետը կամ  օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում։

Վերոգրյալ կարգավորումների համատեքստում կարող ենք արձանագրել, որ քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական վերոնշյալ նորմերի անհրաժեշտությունը բացակայում է, հետևաբար մշակվել է Նախագիծը, որով ուժը կորցրած են ճանաչվում քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական վերոնշյալ նորմերը։

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացվել են վիճակագրական տվյալներ խրախուսական նորմերի կիրառմամբ 2023 թվականի ընթացքում գործերի քննության, ընթացքի և դրանց արդյունքում վերականգնվող գումարների վերաբերյալ, մասնավորապես՝ 2023թ․ քննվել է 932 քրեական վարույթ (հարկայինի մասով), ավարտվել է 464 վարույթ, կարճվել է 439 վարույթ՝ 60-ը խրախուսական հիմքով, 379 այլ հիմքերով և վերականգնվել է 27 միլիարդ ՀՀ դրամ։

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել նույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 2-7 տարի ժամկետով:

Նույն  հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 1-3 տարի, իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ 1-5 տարի ժամկետով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը:

Վերոգրյալից բխում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել և որպես հիմնական պատիժ և որպես լրացուցիչ պատիժ, սակայն, քանի որ նշված պատիժը որպես հիմնական պատժատեսակ կիրառելը նպատակահարմար չէ, միաժամանակ նշված պատժատեսակը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել դատարանի կողմից՝ ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, ուստի կարող է դատական պրակտիկայի շրջանակներում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սահմանվել որպես լրացուցիչ պատիժ, ինչը  ևս կկանխարգելի հարկային հանցագործությունների կատարումը։

  1. 05․07․2010թ․ Մաքսային միության և մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին պայմանագրի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործությունների և վարչական իրավախախտումների տեսակները, ինչպես նաև անձանց քրեական և (կամ) վարչական պատասխանատվության ենթարկելու կարգն ու սկզբունքները սահմանվում են Կողմերի օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, 16.05.2016թ․ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N ՀՕ-83-Ն օրենքով ապրանքային մաքսանենգության (Հոդված 215) ապաքրեականացման արդյունքում նշված իրավախախտումների քանակը ավելացել է, Նախագծով նախատեսվում է կատարել համապատասխան լրացում ՀՀ քրեական օրենսգրքում։

Մասնավորապես՝ նախատեսվում է լրացնել նոր՝ 290․1-ին հոդված, որի համաձայն՝  մաքսանենգությունը սահմանվում է որպես քրեորեն պատժելի արարք, այն է՝ մաքսանենգությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների  ապօրինի տեղափոխելը առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով։

Նշված կարգավորման նախատեսումը հնարավորություն կտա կանխել և բացահայտել մաքսանենգության այն դեպքերը որոնց մասով գործող ՀՀ քրեական օրենսգրքով առկա չեն կարգավորումներ, սակայն արձանագրվում է նշված հակաիրավական արարքների դեպքերի  աճ։

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

           Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժնով սահմանված հարկային վարչարարության ուղենիշերից, մասնավորապես հիմք ընդունելով ծրագրի հետևյալ դրույթները՝

  • հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով և ժամանակին հայտարարագրման ու կատարման ապահովում,
  • ստվերային շրջանառությունները կրճատելու համար՝ տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովում, որը հնարավորություն կտա երաշխավորել հավասար մրցակցային միջավայրի ձևավորում։
  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմերը և նախատեսվող կարգավորումների արդյունքում կբարձրանա հարկային և մաքսային  կարգապահությունը  և կկանխարգելվեն հարկային և մաքսային հանցագործությունների կատարման դեպքերը։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    08.08.2024 - 23.08.2024

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8480

Принт

Предложения

Hermine Vanyan

21.08.2024

Քաղաքական ազդեցության պայմաններում մշակված նման օրենսդրական նախաձեռնությունները ակնհայտորեն բացասաբար են անդրադառնալու տնտեսական կայունության և իրավական համակարգի նկատմամբ գործարարների վստահության վրա։

Նելլի Բաղդասարյան

21.08.2024

Հայաստանից ավելի կարգապահ երկրներում, և ոչ միայն ԵՏՄ երկրներում, այլ եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, եթե անձը կամավոր կերպով ընդունում և կատարում է պետությանը պատճառած վնասի հատուցում, ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ռուսաստանի նման ավտորիտար պետությունն անգամ կիրառում է քրեական պատասխանատվությունից ազատումը, բայց մենք, որ մեզ հռչակել ենք դեմոկրատական երկիր, հոգեբանական տեռորի ենք ենթարկում բիզնեսմենին։

Lilit Dallaqyan

21.08.2024

Քրեական պատժամիջոցներով բիզնեսի վրա ճնշում գործադրելը շատ լուրջ հետևանքներ կունենա տնտեսության զարգացման և պետության ամրապնդման վրա։

Узнать больше