Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը ապրանքների մատակարարման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված կարգավորումների շրջանակում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր նշելու, ինչպես նաև հսկիչ (նույնականացման) նշանով պարտադիր դրոշմավերման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում այդ փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների քանակի վերաբերյալ տեղեկատվության լրացման պահանջի սահմանումն է:

2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված են հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տվյալները: Միաժամանակ, օրենսգրքի 55-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան  հաշվարկային փաստաթղթերում, բացի պարտադիր լրացման ենթակա տվյալներից, այդ հաշվարկային փաստաթղթերը դուրս գրող կամ ստացող հարկ վճարողների հայեցողությամբ կարող են ներառվել նաև այլ տվյալներ:

Ապրանքների մատակարարման բոլոր գործարքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացման պահանջ օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված չէ: ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացման պահանջ սահմանված է`

1) «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասով: Այն ներկայումս կիրառվում է պիլոտային ծրագրի շրջանակներում միայն մեկ ապրանքային ենթախմբի մասով (ԱՏԳ ԱԱ 8418 «Կենցաղային սառնարաններ և սառցարաններ»),

2) օրենսգրքի 381-րդ հոդվածով և դրանք վերաբերում են օրենսգրքի դրույթներին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողներին: Մասնավորապես, այդ դրույթներին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի օտարվող ապրանքների ապրանքային դիրքի մասով տեղեկատվություն:

Միաժամանակ, օրենսգրքի 396.1-ին հոդվածով սահմանված են դրույթներ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտադիր պահանջ:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) ապրանքների մատակարարման գործարքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշվի, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր, բեռնագիր) պետք է լրացվեն ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Ընդ որում, այդ դրույթները կիրառվելու են միայն շարժական գույք համարվող ապրանքների մասով, իսկ հետագծելիության ենթակա ապրանքների մասով պահպանվելու են գործող կարգավորումները,

2) ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացնելու պահանջի կիրառման համար Կառավարության պետք է սահմանի դրանց պարտադիր կիրառման դեպքերը, կարգը և ժամկետները,

3) հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) պետք է լրացվի տեղեկություն հսկիչ (նույնականացման) նշանների քանակի վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ հաշվարկային փաստաթղթերը օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին համապատասխան դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով, և այդ փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի և հսկիչ (նույնականացման) նշանների լրացման պարտադիր պահանջի սահմանման արդյունքում պետք է կատարվեն նաև համապատասխան ծրագրային փոփոխություններ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2026թ. հունվարի 1-ից:

4․ Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում Կառավարության սահմանած դեպքերում, կարգով և ժամկետներում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի և հսկիչ (նույնականացման) նշանների քանակի վերաբերյալ տեղեկատվության պարտադիր լրացման պահանջի սահմանումն է։

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքն ապրանքների մատակարարման գործարքների մասով հարկային հսկողության արդյունավետության բարձրացումն է:

 

  • Обсуждалось

    08.07.2024 - 23.07.2024

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2196

Принт

Предложения

Վարդան Պետրոսյան

10.07.2024

Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, ենթադրենք, թե այս փոփոխությունները վարչական վերահսկողության նպատակով պիտանի են և անհրաժեշտ, ապա չափավորության տեսանկյունից, գտնում եմ, որ չի դիտարկվել։ Մասնավորապես` համանման բազմաթիվ փոփոխությունների հաշվառմամբ, գտնում եմ, որ վարչարարության խստացման հետ մեկտեղ անտեսվում է հարկ վճարողների նկատմամբ սահմանվող նմանատիպ պահանջների իրագործելիության հնարավորությունը, այն ռեսուրսը, որը պիտի ծախսի հարկ վճարողը, որպեսզի հարկային մարմինն իր տեղում նստած ինքնաշխատ կարպով ստուգումներ իրականացնի։ Երբևէ չնախաձեռնվեց մի նախագիծ, որը կլուծեր այն կոնկրետ խնդիրները, որոնք հարկային մարմնի և հարկ վճարողների միջև դատական վեճի առարկա հանդիսացող խնդիրները կլուծեր։ Նման վերլուծության արդյունքները կստիպեն նման նախաձեռնությունները կատարելիս, հարցերը դիտարկել ոչ միայն հարկային մարմնին հարմար, այլ հարմար նաև հարկ վճարողներին։

Узнать больше